«Սա քայլ առաջ էր պետականաշինության գործում»,- փետրվարի 20-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քվեարկությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Այս տարիները լավագույն ապացույցն են այն անշեղ ճանապարհի, եւ այս միջոցառմամբ մենք մեկ անգամ եւս մեր հաստատակամությունն ենք ներկայացնում, հավատարմությունը պայքարի տարիներին մեզ բերել են գերությունից ազատվելու հնարավորություն, մեզ համար ստեղծվել են բավականին նպաստավոր պայմաններ մեր ճակատագիրը տնօրինելու: Եվ մենք հաստատուն քայլերով ընթանում ենք դեպի մեր երազած ապագան»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք մտադի՞ր է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում, Բակո Սահակյանը պատասխանեց. «Երբ քաղաքական ուժերը նախաձեռնել են այս գործընթացը, նրանց նպատակը եղել է պարզ, եւ այդ նպատակի մասին այսօր բազմիցս բարձրաձայնվել է: Այս քայլով մենք հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու նպատակը մեր երկրի զարգացման, մեր երկրի զորացման եւ շենացման համար: Սահմանադրական բարեփոխումները եւ ընդհանրապես իրավական մշակույթը կոչված է ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում տվյալ երկրի կյանքը կառուցելու, կենսագործունեությունը ապահովելու: Սա է եղել մեր նպատակը եւ բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլ կարծում եմ՝ նաեւ ազնիվ չեն:
Մենք կենտրոնացել ենք այս շրջանում սահմանադրական բարեփոխումների իրականացման վրա եւ մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ երբ կգա ժամանակը, երբ պարտավոր ենք լինելու խոսել նաեւ մեր ապագայի մասին, այդ ժամանակ կհայտարարենք մեր որոշումների մասին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ