Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Սահմանադրության նոր տարբերակը ոչ մի եվրոպական սահմանադրության չի զիջում

Փետրվար 20,2017 14:08

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է: Քվեարկություն կատարեց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Քվեարկությունից հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձնագիրը ներկայացնելիս հիշեց 1988 թվականի փետրվարի 20-ը. «Իհարկե՛, երազում էինք ունենալ անձնագիր: Այսօր ոչ միայն անձնագիր ունենք, այլ այդ անձնագրով վկայություն ենք բերում, որ արդեն ունենք ձեւավորած հանրապետություն, ձեւավորված երկիր եւ ամենակարեւորը՝  այդ երկիրը գնում է սահմանադրական բարեփոխումների՝ նպատակ ունենալով ժողովրդավարության արժեքներն ավելի խորն ամրապնդել մեր երկրում»:

Անդրադառնալով միջազգային հանրության հայտարարություններին, թե չեն ճանաչելու արդյունքները, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «1988 թվականի փետրվարի 20-ին գիտակցում էինք, որ միջազգային հանրության հետ շատ խնդիրներ ենք ունենալու: Ամենակարեւորն այն է, որ մենք այս սահմանադրական փոփոխություններն անում ենք առաջին հերթին մեզ համար: Մեր ժողովրդի համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի լինի»:

Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ Սահմանադրության նոր տարբերակը ոչ մի եվրոպական սահմանադրության չի զիջում, պարզապես այն պետք է ուսումնասիրել. «Այդպիսի բան չկա, որ իշխանությունը գերկենտրոնացված է մեկ անձի շուրջ, պետք է Սահմանադրությունը կարդալ»:

ԼՂՀ վարչապետը նշեց, որ կիսանախագահական մոդելն ունի քաղաքական վտանգներ. «Այդ վտանգներից խուսափելու համար մենք ընտրել ենք այս մոդելը: Այսինքն՝ մոդել, որտեղ ինչքան հնարավոր է պետք է խուսափել քաղաքական ռիսկերից: Ժողովրդին պետք է ավելի մեծ լիազորություն տալ, եւ ժողովրդի ընտրությամբ պետք է կառավարման մոդելը ավելի հեշտ փոփոխվի: Գործող մոդելը՝ կիսանախագահական մոդելը, դա թույլ չի տալիս: Առաջարկվող մոդելը շատ ժողովրդավարական է, խորհրդարանականության բոլոր կարեւոր պայմանները նախատեսող, որն ունի նախագահ, որը գործադիրի ղեկավարն է: Բայց դա չի նշանակում, որ գերկենտրոնացվածություն է մեկ անձի շուրջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728