Նախորդ գումարման Ազգային ժողովում հայտնված կանանց շարքում Արփինե Հովհաննիսյանն աներկբայորեն առանձնանում էր՝ կրթությամբ, գիտելիքներով եւ, բնականաբար, արտաքինով: ՀՀԿ-ի քչաթիվ անդամներից մեկն է, որ հասարակության մեջ բացասական հույզեր չի առաջացնում, ներկայանալի է եւ ինչ-որ առումներով «պարզերես» է անում իր կուսակցությանը:
Հավանաբար հենց այս ամենը նկատի ունենալով՝ ՀՀԿ-ն որոշել է այս անգամ ԱԺ բերել է՛լ ավելի շատ գեղեցիկ, կրթված եւ երիտասարդ կանանց ու աղջիկների՝ ընդգրկելով նրանց անցողիկ տեղերում:
ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված առաջին կին թեկնածուն հենց Արփինե Հովհաննիսյանն է` 3-րդ համարը, այնուհետեւ գալիս են նախորդ գումարումից հայտնի ՀՀԿ-ական տիկնայք` Մարգարիտ Եսայան (8), Հերմինե Նաղդալյան (12), Շուշան Պետրոսյան (16), Ռուզաննա Մուրադյան (28), Կարինե Աճեմյան (32), Նաիրա Կարապետյան (36): Այս շարքի մեջտեղում են հայտնվել իրենց մասնագիտական ոլորտում բավականին փորձառու, սակայն կուսակցական ոլորտում առանձնապես չներգրավված Շուշան Սարդարյանը (20) (նա 2001թ.-ից առ այսօր «Գազպրոմ-Արմենիա»-ի PR պատասխանատուն է, ներկայումս նաեւ` վարչապետի խորհրդականը), ինչպես նաեւ Ջեմմա Բաղդասարյանը (24), որը սոցապ ոլորտի երկարամյա պատասխանատուներից է՝ իր ոլորտում բավականին ընդունված մասնագետ:
Լայն հասարակությանը քիչ թե շատ հայտնի այս կանանցից հետո ՀՀԿ ցուցակում հայտնվում են վերը նշածս «սպորտսմենուհի, գեղեցկուհի, կոմերիտուհիները»: «Կոմերիտուհի»՝ տվյալ դեպքում ՀՀԿ երիտթեւի ակտիվիստներից է, օրինակ, ցուցակի 38-րդ համարը զբաղեցնող Արուսյակ Պողոսյանը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակից:
Կարդացեք նաև
40-րդ համարը երիտասարդ տնտեսագետ, ԱԺ-ում որպես փորձագետ աշխատող Մարիամ Ավետիսյանն է:
44-րդը Հասմիկ Ափյանն է՝ կրկին երիտհհկական` ՀՀԿ երիտասարդական կառույցի գլխավոր քարտուղարը: Ի դեպ, նրա ամուսինը՝ Միքայել Սահակյանը, որն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, նույնպես ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ ունի: Ճիշտ է, նա, որպես կնամեծար տղամարդ, այդ ցուցակի շատ ավելի ցածր տեղում է, քան իր կինը՝ 61-րդ համարն է:
Նրանց՝ ԱԺ-ում հայտնվելու պարագայում, դա կդառնա, թերեւս, առաջին դեպքը, երբ նույն գումարման Ազգային ժողովում պատգամավոր լինի ամուսնական մի զույգ:
Սակայն վերադառնանք մեր գեղեցկուհիներին:
Ցուցակում 47 համարի ներքո մեկ այլ կոմերիտուհի է, ներողություն՝ հհկերիտուհի՝ Մարգարիտ Սիրեկանյանը:
Հաջորդ գեղեցկուհին ցուցակում 51-րդ տեղը զբաղեցնող Գոհար Նավասարդյանն է` ԱԻՆ աշխատակցուհի, հաշմանդամների հիմնախնդիրները հասարակության համար բարձրաձայնած անձանցից մեկը:
55-րդը ՀՀԿ համամասնական ցուցակում Լուսինե Թումյանն է, որը տարիքային տվյալներով չի համապատասխանում կոմերիտուհիների սահմանած նշաձողին` 40-ն անց է, փոխարենը ժամանակին եղել է Խոսրով Հարությունյանի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Զարգացման հայկական գործակալության պետի տեղակալ:
59-րդ համարը զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, որն ըստ էության եզրափակում է երիտասարդ ՀՀԿ-ական կանանց շարքը:
Նրանից հետո գալիս է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն, նախկինում՝ ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը (64), որին ՀՀԿ ցուցակում հաջորդում են միջին տարիքի կանայք, հիմնականում՝ կրթական ոլորտից, ապա 85-րդ համարում հայտնվում է եւս մի երիտհհկուհի՝ Հասմիկ Ղազարյանը, եւ նրանից հետո՝ հիմնականում վարկանիշային ցուցակի համար առաջադրված տիկնայք:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ»
18,02.2017
բա ոստիկանությունը հրեշտակաց գունդ ունենա, իսկ խորհրդարանը մի էսկորտ զվոդ էլ չունենա