Համապետական ընտրությունների նախաշեմին 4 դաշինք և 5 կուսակցություն փորձում են մրցակցել և ձևավորվող ապագա ԱԺ-ում աթոռներ ունենալ:
Խորհրդարանական կառավարման մոդելի անցման պարագայում առավել մեծ դերակատարում ունեցող օրենսդիր մարմնում աթոռ ունենալը նշանակում է հնարավորության սահմաններում ձայնի իրավունքով ազդել քաղաքական գործընթացների վրա և փորձել ժողովրդավարության ոգի հաղորդել գոյություն ունեցող ԱԺ-ին, որը վերարտադրության ճանապարհին է:
Եվ ահա այստեղ բնականաբար հարց է ծագում՝ իսկ ովքե՞ր կարող են այդ աշխատանքում գործուն մասնակցություն ունենալ իբրև պատգամավոր՝ պետական այրերը, թե՞ քաղաքական գործիչները:
Հաճախ պետական այրերը փորձում են ներկայանալ նաև իբրև քաղաքական գործիչներ, որը իմ կարծիքով թյուր պատկերացում է:
Կարդացեք նաև
Տարիներ շարունակ լինել այս կամ այն նախարարական աթոռին, դեռ չի նշանակում, որ այդ անձը քաղաքական գործիչ է: Նա ընդամենը բարձրագույն իշխանության կողմից նշանակված վարձու աշխատող է:
Իմ պատկերացմամբ քաղաքական գործիչը նա է, ով երբևէ եղել է ընդդիմադիր դաշտում և իր քաղաքական հայացքներով, պատրաստվածությամբ գործնական քայլեր է կատարել քաղաքական պայքարում և հետո միայն եկել իշխանության:
Հակառակ պարագայում ունենում ենք այն իրավիճակը, որը զարմանք է պատճառում շատերին, թե այդ ե՞րբ տվյալ անձը դարձավ քաղաքական գործիչ կամ քաղաքական դեմք, երբ տարիներ շարունակ եղել է չինովնիկ:
Համապետական ընտրությունները այն քաղաքական պայքարի դաշտ է, որտեղ ցանկալի է տեսնել կայացած քաղաքական գործիչների, որոնց ձայնը երբևէ լսվել է:
Գառնիկ Վաղարշակյան