Լրահոս
Օրվա լրահոսը

Չզարմանաք, որ Երեւանի փողոցներով էլ առյուծներ ու կոկորդիլոսներ վազվզեն

Փետրվար 20,2017 15:00

Օրերս ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը պաշտոնապես պարզաբանել էր
Երեւանում ինտենսիվ գարնանային վարարումների առաջացման վտանգի մասին:

ԱԻՆ-ը մանրամասնել էր. «Գարնանային վարարումները Հայաստանի գետերի, այդ թվում՝ Հրազդանի եւ Գետառի, ջրային ռեժիմի հիմնական փուլն է, որը գրեթե բոլոր գետերի մոտ հանդես է գալիս լավ արտահայտված՝ մեկ ընդհանուր ալիքի տեսքով: Այն ձեւավորվում է ստորերկրյա եւ հալոցքային ջրերից, անձրեւաջրերից: Սինոպտիկական պրոցեսների ժամանակ, երբ տեղի է ունենում օդի ջերմաստիճանի զգալի եւ կտրուկ բարձրացում, միաժամանակ ձնհալք բարձրադիր գոտիներում, որն ուղեկցվում է տաք անձրեւներով, վարարումները արտահայտվում են բուռն կերպով եւ առանձնանում են ջրի մակարդակի զգալի բարձրացումներով»: Բացի այս, ըստ նույն պարզաբանման՝ ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել՝ Երեւանով հոսող Գետառ եւ Հրազդան գետերում ջրի մակարդակի ինտենսիվ բարձրացումներ կլինե՞ն, թե՞ ոչ, նման երեւույթները կանխատեսելի են միայն 5-6 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներն ու դրան ուղեկցող ինտենսիվ անձրեւները:

Եթե անգամ 5-6 օր առաջ կանխատեսվի էլ, որ ուժեղ վարարումներ են լինելու, քաղաքային իշխանությունները չեն կարող աղետի դեմն առնել, քանի որ իշխանություններն իրենց մի շարք որոշումներով ամեն ինչ արել են, որպեսզի մեր քաղաքում սելավների վտանգի ռիսկը մեծանա:

Գարնանային վարարումներից ջրհեղեղների ու սելավների վտանգներ Երեւանում միշտ էլ եղել են, բայց այդ վտանգներն ավելի են մեծացել Գետառը փակելուց հետո: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Երեւանի հյուսիսային հատվածներում սելավընդունիչներ էին կառուցել, հիմա դրանք կամ կիսով չափ կառուցապատվել են, այսինքն՝ դրանց վրա շինություն է կառուցվել, կամ էլ լցված են աղբով:


«Ռիսկերն ավելացել են այս պատճառով, ինչպես նաեւ ավելացել են կլիմայի փոփոխության արդյունքում, որովհետեւ ջերմաստիճանի այս տատանումները, առատ տեղումները, ու հետո հանկարծ կարող է միանգամից ջերմաստիճանը բարձրանալ, սա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում տարբեր տիպի բնական աղետների ռիսկերն ավելացնում է, այդ թվում նաեւ՝ սելավներն ու վարարումները: Մենք անկախության առաջին տարիներից մինչ օրս խոսել ու խոսում ենք այդ վտանգների մասին: Ահազանգում էինք, երբ սկսվեցին անկանոն կառուցապատումները, որոնք մի քանի մարդու շահերից էին բխում: Մշտապես ասում ենք՝ քաղաքն անպաշտպան է՝ էկոլոգիապես, սեյսմիկ ռիսկերը բարձրացնում եք, լսող չի եղել ու չկա: Հիմա հասել ենք այն կետին, որ աղետի այդ ռիսկը կարող է դառնալ իրականություն»,- ասաց տիկին Դանիելյանը: Նրա ներկայացմամբ՝ իրենց մշտական մտահոգություններին միշտ պատասխան են ստացել` իզուր եք անհանգստանում, ամեն ինչ հաշվարկված է:

Բնապահպանն ասաց, որ ամեն ջրառատ անձրեւից հետո, երբ ինքը դասավանդում էր պետհամալսարանում, ականատես է եղել, թե ինչպես գարնանը, ձնհալը սկսվելուն պես, Գետառի կողքից, այսպես ասած՝ այլ գետ է հոսել. «Ջուրը փնտրում է իր օրինական տեղը, գալիս տեսնում է՝ իր օրինական ճանապարհը փակ է, կողքից ցեխախառը ջուրը գալիս լցվում էր համալսարանի բակը: Ու մենք մշտապես ահազանգել ենք՝ սելավատարը չի կարելի փակել: Բացի նրանից, որ փակել են ու ասում են, թե՝ տեսեք, մենք ազատ տարածք ենք թողել, հիմա մեջը աղբով լի է: Բնապահպանության նախարարությունում քննարկման ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյան ասաց՝ նախկինում տարին 2 անգամ էինք մաքրում, հիմա գումարը քիչ է՝ մի անգամ ենք մաքրում: Գետառն անընդհատ լիքն է աղբով, եւ առաջ երբ բաց էր, հեշտ էր մաքրելը, որ փակել են՝ շատ դժվարացել է»:

Տիկին Դանիելյանն ասաց՝ եթե այս տարի վարարումներ սկսվեն, առաջին հերթին վտանգված է կենդանաբանական այգին եւ քաղաքի այն հատվածը, որը Գետառին մոտ է. «Ինչպես եղավ Վրաստանում, այնպես էլ մեզ մոտ կլինի: Թբիլիսիի կենդանաբանական այգուց կենդանիներին քշել էր: Կարող է ջուրը դուրս գա ու վնասի մոտակա շենքերի հիմքերը, իսկ եթե հին ու ոչ սեյսմակայուն են, հնարավոր է` քանդվեն, մուտքերն են լցվելու, ջուրը ծառերը քանդելով տանելու է»:

Բնապահպանը Երեւանում մոտ 70 տարի առաջ տեղի ունեցած ջրհեղեղի մասին էլ հիշեցրեց՝ հույս ունենալով, որ այդ դեպքը հաշվի առնելով պատասխանատուները կսկսեն մտածել սելավընդունիչների մասին. «1946 թվականին ուժեղ սելավ եղավ, փողոցները ջրի տակ էին, հատկապես քաղաքի կենտրոնը՝ Գետառի մոտիկ մասը, սելավը մտել էր Բժշկական համալսարանի դիահերձարան ու հանել դիակներն ու քաղաքով մեկ տարածել: Սա ստիպեց խորհրդային իշխանություններին մեծ գումարներ ծախսել՝ Գետառը ընդլայնել, կառուցել այն սելավընդունիչները, որոնք հիմա փակել են: Իսկ մենք երբ բողոքում էինք, որ չի կարելի Գետառը փակել, մեզ ասում էին՝ մի առվակի չափ ջուր չկա, էսքան տարածք ենք թողել, իզուր աղմուկ եք բարձրացնում, էս ինչ հիմարություն է: Դա հիմարություն չէ: Այդ փոքրիկ առվակը հզոր սելավ դառնալու ներուժ ունի»:

Ի դեպ, Վրաստանի կենդանաբանական այգին հեղեղած Վերե գետով էլ մինչ այդ նույնպես մի առվակի չափ ջուր է հոսել, եւ մասնավոր զրույցներում Թբիլիսիի բնակիչները զարմանք էին հայտնում, որ այդ փոքրիկ գետը նման ավերածությունների պատճառ է դարձել:
Մեզ հետ զրույցում տիկին Դանիելյանն ասաց, որ Երեւանը դրենաժային համակարգ ունի, որը պետք է ջուրն ընդունի, ապա Հրազդան գետով քաղաքից դուրս գնա այդ ջուրը: Սակայն, ըստ տիկին Դանիելյանի, այդ դրենաժային համակարգը հաշվարկված չի եղել ներկայիս մեծ թվով ու մեծ խտությամբ կառույցների համար: Մյուս կողմից էլ՝ քաղաքի եւ հարակից տարածքների անտառային շերտի վերացումն էլ, ինչպես ասաց բնապահպանը, եւս աղետի վտանգները մեծացրել է. օրինակ` Մոնումենտի եւ Նորքի անտառները պաշտպանիչ շերտեր էին հանդիսանում. «Դրանք պատնեշ էին ջրհեղեղների դեմ, կլանում էին: Ես հիմա Խանջյանից նայում եմ՝ ինչքան ձյան շերտեր են կուտակված՝ ամբողջ լանջով, գարնանը դրանք կհալչեն ու ներքեւ կիջնեն: Իսկ եթե անտառը մնար, հալոցքը կանցներ հողի մեջ»:

Բնապահպանը նաեւ ասաց, որ քաղաքային իշխանություններն ու ոլորտի պատասխանատուներն այդպես էլ չեն սթափվում եւ կարծես թե միտք էլ չունեն վերանայելու իրենց մոտեցումները, որպեսզի ռիսկային գոտում գտնվող մայրաքաղաքում վարարումների վտանգները նվազեցնեն:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

18,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թէ որ այդպիսի բան պատահի Երեւանում,
    բնաւ մի մտահոգվէք,
    Պարոն Քոչարյանը զէնքը կ’առնէ, կ’իջնէ փողոց…

    https://www.aravot.am/2013/02/08/159305/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728