Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի ուշացած հետազոտություն

Փետրվար 20,2017 14:30
jermuk

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանն անցած շաբաթ հայտարարեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից որոշ գործարարներ որոշել են Ջերմուկում հյուրատներ կառուցել՝ ընդհանուր 20 միլիոն դոլարի: Անուններ չտվեց: Նարեկ Սարգսյանը ջերմուկցի է եւ ասաց. «Ջերմուկի խնդիրները ուսումնասիրելով՝ եկել ենք այն եզրակացության, որ այն գտնվում է փակուղային վիճակում, այսինքն` Ջերմուկով ավարտվում է, նա ճանապարհներին մոտ չէ»: Սա ճիշտ է, բայց զարմանալի է, որ Նարեկ Սարգսյանը կյանքի 58-րդ տարում նոր տեսնում է այս վիճակը:

Կարող էր տեսնել 1975-ից՝ 32 տարի առաջ, երբ Երեւանում բուհ ընդունվեց եւ ենթադրաբար հաճախ էր կտրում Երեւան-Ջերմուկ-Երեւան ճանապարհը: Կարող էր տեսնել 1980-ից՝ 27 տարի առաջ, երբ արդեն աշխատում էր Երեւանում ու ենթադրաբար ծննդավայրի հետ կապը պահում էր: Սա դեռ ոչինչ, մարդ է, չի նկատել: Բայց պետական բարձրաստիճան պաշտոնյան նման «մանրուք» չնկատելու իրավունք չունի: Չնկատող պաշտոնյան չի կարող արհեստավարժության հարցով գլուխ գովել: Լավ կլիներ, եթե Նարեկ Սարգսյանը Ջերմուկի խնդիրներն ուսումնասիրեր ոչ թե հիմա, այլ 2008-ին: ՀՀ կառավարությունը 2008 թվականի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշմամբ Ջերմուկ քաղաքը հայտարարել է զբոսաշրջային կենտրոն:

Մինչեւ 2012 թվականը՝ հինգ տարի առաջ, Ջերմուկը պետք է դառնար «միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, առողջարանային եւ ձմեռային զբոսաշրջային կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարատեղի, մշակութային զբոսաշրջության կենտրոն, ունենա տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն եւ դրանից տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ…»: Ըստ որոշման՝ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը մշակվում է՝ հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը, եւ անհրաժեշտության դեպքում հատակագիծը կարող է փոփոխվել: Արդեն 2017-ն է, եւ այս ամենը չկա: Այս որոշումը ընդունելու օրերին Նարեկ Սարգսյանը Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալն էր եւ Հայաստանի գլխավոր ճարտարապետը:

Ոչ Նարեկ Սարգսյանից առաջ, ոչ հետո քաղաքաշինության ոչ մի փոխնախարար չկրեց «Հայաստանի գլխավոր ճարտարապետ» անունը: Միայն Նարեկ Սարգսյանը: Հայաստանի միակ գլխավոր ճարտարապետը, այն էլ՝ Ջերմուկում ծնված-մեծացած, պետք է լավ իմանար, որ Ջերմուկը ճանապարհից հեռու է: Որոշման հիմքում դրված է քաղաքի գլխավոր հատակագիծը, իսկ Հայաստանի գլխավոր ճարտարապետը չպետք է անտեղյակ լինի հատակագծից: Ջերմուկի ծրագիրը մշակել էր էկոնոմիկայի նախարարությունը: Կառավարության ցանկացած որոշման վերաբերյալ բոլոր նախարարություններն են կարծիք ներկայացնում՝ իրենց համակարգման ոլորտների մասով:

]Կարգն է այդպիսին: Քաղաքաշինության նախարարությունը, այդ թվում՝ փոխնախարար, Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պետք է ասեին, որ Ջերմուկը ճանապարհներ չունի: Չեն ասել, եւ «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու» որոշումը մնացել է թղթի վրա նաեւ Նարեկ Սարգսյանի մեղքով: Նարեկ Սարգսյանը ասել է, թե շուտով կառավարությանը կառաջարկեն Ջերմուկի համար 28 կիլոմետրանոց նոր ճանապարհը կառուցել, որով քաղաքը կմիանա Հյուսիս-հարավ ճանապարհին, եւ զբոսաշրջիկների հոսք կլինի: Թե ինչու այս մասին Նարեկ Սարգսյանը չի խոսել 2008-ին՝ չի ասում: Այն ժամանակ նա ոլորտը համակարգող կառույցի երկրորդ դեմքն էր, հիմա առաջինն է: Դե եթե ճանապարհային փակուղի քաղաքը հայտարարվում է զբոսաշրջային կենտրոն, զարմանալի չէ, որ չնկատող երկրորդը դառնում է առաջին:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

18,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իմաստությունը գալիս է տարիների փորձի հետ՝մեկին շուտ,մյուսին ուշ,երրորդին երբեք…

  2. Նարեկ says:

    Սեյրան Օհանյանը մտավ ընտրապայքարի մեջ ու սկսեց խոստովանել սխալները: Նարեկ Սարգսյանն էլ նույնը կանի, եթե որոշի ընտրություններին մասնակցել: Ափսոս էդ անունը, որ դրա վրա է: Ձեր մոտ եմ կարդացել, անունը Նարեկ չի, Նապոլեոն է

    ԱՀԱ՝ https://www.aravot.am/2011/07/12/334872/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728