Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեբեռն ապահովագրելն ավելի կարեւոր էր, քան մարդը

Փետրվար 20,2017 14:00

«Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությունից ցմահ հաշմանդամ Հասմիկ Գյուրջյանը պահանջում է 1900 եվրո գումար: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անցյալ տարվա նոյեմբերի 29-ին մերժել էր տիկնոջ հայցը:

Հասմիկ Գյուրջյանը՝ որպես ապահովագրված անձ, Փարիզում քայլելիս վնասել էր ոտքը. ոլորվել էր ոտքը, ուժեղ ցավ էր զգացել ձախ ազդրի վերին կոնքային շրջանում, եւ քանի որ չէր կարողանում քայլել, այդտեղից տեղափոխվում է «Պար Մոնսոյի» միջազգային կլինիկա: Երբ օրթոպետ հետազոտման համար բժիշկը օրենքով սահմանված կարգով գումար է պահանջել, հետազոտվողը ցույց է տվել նշյալ ապահովագրական ընկերության վկայագիրը: Սակայն ֆրանսիացի բժիշկը հասկացրել է, որ վկայագրում ֆրանսիական հեռախոսահամար չկա: Կլինիկան, այդուհանդերձ, հայաստանցի զբոսաշրջիկին տրամադրել է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են Հայաստան գալուց հետո ապահովագրական ընկերությանը:

Հասմիկ Գյուրջյանի ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանն «Առավոտին» երեկ ասաց, թե վկայագրի առաջին էջում չկար ֆրանսիական որեւէ հեռախոսահամար, մինչդեռ, կար հայկական հեռախոսահամար՝ ուղեբեռի ապահովագրության դեպքում զանգելու համար: «Դա եղել է պատճառը, որ մենք չենք զանգել հայաստանյան համարներով, իսկ այլ երկրների հեռախոսահամարներով զանգելն անիմաստ էր՝ լեզվին չտիրապետելու պատճառով»,-ասում է զրուցակիցս՝ Գ. Խաչատրյանը: Կլինիկայում հետազոտությունից երկու օր հետո, քանի որ ցավերը չէին դադարել, Հ.Գյուրջյանը դիմում է Փարիզի օնկոլոգիական պատկերների ինստիտուտ, որտեղ կատարվում է կոնքային ու գոտկային շրջանի ՄՌՏ հետազոտություն: Հետազոտման արդյունքում, հայաստանցու մոտ հայտնաբերվում է ձախ ազդրի կոքսալգիա՝ կոնքազդրային հոդի ցավ, կատարվում են համապատասխան ներարկումներ, բժշկական միջամտություններ, որի համար Գյուրջյանը վճարում է ութհարյուր եվրո: Ի դեպ, այդ ցավերն իսպառ վերանում են:

«Արմենիա ինշուրանսին» դիմելով՝ կողմը ներկայացրել է իրենց հետ պատահածը, ծախսերը, այդ կապակցությամբ հայտ է ներկայացնում ընկերություն՝ ապահովագրական հատուցումը ստանալու համար: Սակայն ընկերությունն իր եզրակացությամբ մերժում է ապահովագրվածի հայտը: Այն բողոքարկվում է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարին: Վերջինն իր տված եզրակացության մեջ արձանագրում է, թե ներգրավել է բժիշկ-մասնագետի. «Հաճախորդի մոտ ախտորոշվել է ձախակողմյան կոքսալգիա, որն առաջացել է դժբախտ պատահարի՝ ոտքի ոլորման արդյունքում, այն հանդիսանում է տրավմատիկ վնասվածք, սակայն կատարված հետազոտության տվյալներով՝ այդ վնասվածքը մարմնի անատոմիական ամբողջության խանգարում կամ հյուսվածքների կառուցվածքային փոփոխություն չի առաջացրել, նշված վիճակը քրոնիկ հիվանդության դրսեւորում չի եւ կյանքին վտանգ չի սպառնում»: Հաշտարարն էլ մերժում է կողմի դիմումը: Գ. Խաչատրյանը երեկ հայտնեց, որ դիմել է վերաքննիչ դատարան: Ըստ զրուցակցիս, առաջին ատյանը հանգել է սխալ հետեւության, թե Հ. Գյուրջյանի հետ պատահածը ապահովագրական պատահար չէ, եւ որ դեպքի մասին անմիջապես չի հայտնվել ապահովագրական ընկերությանը: Բողոքաբերը պնդում է, որ տեղի ունեցածը լիովին համապատասխանում է ընկերության կանոններում նկարագրածին, համաձայն որի՝ «ապահովագրական պատահար են համարվում անձի հետ փաստացի տեղի ունեցած հիվանդությունը»: Տիկին Հասմիկի գանգատները ի հայտ են եկել ապահովագրության ժամկետի ընթացքում, ապահովագրական տարածքում գտնվելու ժամանակ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Դատարանը գործը վարույթ ընդունելու տարեթիվ համառորեն նշել է 2015 թվականը՝ 2016 -ի փոխարեն, ինչը վկայում է դատարանի կողմից դրսեւորած անփութության մասին:

«Առավոտ»

18,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728