Լեռնային Ղարաբաղի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու համար Արցախ են այցելել նաեւ դիտորդներ Աբխազիայից: Ստեփանակերտի ընտրական տեղամասերից մեկում լրագրողները հանդիպեցին դիտորդական խմբին, որի անդամ՝ Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Էմմա Գամիսոնիան նշեց, որ հանրաքվեն պատմական իրադարձություն է:
«Մեկ ժամ է արդեն՝ ընտրությունները սկսվել են, արդեն մոտ 100 անձ քվեարկել է, դա լավ ցուցանիշ է: Մենք բոլոր շրջաններն այցելել ենք: Ակտիվությունը լավ է: Մեծից փոքր մասնակցում են ընտրություններին»,- ասաց նա:
Էմմա Գամիսոնիայի կարծիքով՝ նոր Սահմանադրությունը Արցախին առավել կնպաստի մարդու իրավունքները պաշտպանությանը. «Կարծում եմ՝ երկիրը լուրջ քայլ է կատարել այդ ուղղությամբ: Կարող է իրենց շատ աշխատանք է սպասվում, բայց դա շատ ժամանակակից է, քաղաքակիրթ եւ ժողովրդավարական: Ես ողջունում եմ Սահմանադրության այս ձեւաչափը, կարծում եմ հանրապետությունը հաջողություն է ունենալու»:
Կարդացեք նաև
Էմմա Գամիսոնիան հավելեց, որ Արցախը բարեկամ երկիր է եւ իրենք անպայման ներկա են գտնվում այստեղ տեղի ունեցող իրադարձություններին. «Մեծ ուրախություն է այստեղ ներկա գտնվելը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ