Պոլսահայ դիրիժոր Նվարդ Անդրեասյանը հաստատվել է Հայաստանում
Ծնունդով Ստամբուլից դիրիժոր Նվարդ Անդրեասյանի անունը հայտնի է հիմնականում մասնագետների շրջանակում: Մեր հանդիսատեսը արվեստագետին գուցե մտաբերի 1990-ականների սկզբներից, երբ դիրիժորը Ազգային օպերային թատրոնում ղեկավարեց Տիգրանյանի «Անուշ» եւ Դոնիցետիի «Պողիկտոս» ներկայացումները:
Ժամանակին մեզ հետ զրույցում տիկին Անդրեասյանը նշել էր չեխ իմպրեսարիոյի՝ Զդենեկ Պրոուզայի հետ համագործակցության արդյունքում իր հյուրախաղերը Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ այլ երկրների նվագախմբերի հետ, ինչպես նաեւ Պերմի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, որտեղ ղեկավարել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան: Ֆրանսիայում էլ երաժիշտը հիմնել էր «Փոլիխրոմի» ժամանակակից երաժշտության անսամբլը եւ իր հավաստմամբ՝ շուրջ 5 տաի բուռն գործունեություն ծավալել, ներկայացնելով ոչ միայն օտարազգի, այլեւ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Թուրքիայի մշակույթի նախարարը ծանոթանալով իմ արտերկրյա գործունեությանը, ինձ հրավիրել է նույնիսկ խորհրդակցության՝ վերանայելու այդ երկրում գործող 5 սիմֆոնիկ եւ 6 օպերային թատրոնների նվագախմբերի կառավարման համակարգը», -հայտնել էր մեր հայրենակցուհին, կատակով էլ հավելել, թե հայրենիք իր այցերը թեեւ հաճախակի են, բայց այնքան կարճատեւ, որ չի կարողանում հանդիպել մշակույթի նախարարին:
«Առավոտը» հանդիպեց Նվարդ Անդրեասյանի հետ: Վերջինս նախ ուրախությամբ նշեց. «Այսուհետ ապրելու եմ հայրենիքում, տունս այստեղ եմ «կառուցել», բայց իմպրեսարիոյիս նախնական բանակցությունների արդյունքում դեռ կշարունակեմ գործունեությունս դրսում: Օրինակ՝ մարտին Ֆրանսիայի տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ կկայանան իմ 5 համերգները …»:
Մեր զրուցակիցը հայաստանյան նվագախմբերից անցյալ տարի երկու անգամ ղեկավարել է միայն Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հետաքրքրվեցինք, թե նպատակ ունի՞ հանդիպելու նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին, տիկինը պատասխանեց. «Չեմ կարծում, թե պարոնն ինձ ճանաչում է, բայց, անխոս, կուզեի, որ նա ինձ ընդուներ: Հուսով եմ, որ հայաստանյան նվագախմբերի գեղարվեստական ղեկավարները տեղեկանալով, որ տեղափոխվել եմ հայրենիք, կվստահեն ու կտրամադրեն իրենց երաժշտախմբերի դիրիժորական վահանակը: Ամիսներ առաջ հանդիպել եմ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, գիտեմ, որ նրանց առաջիկա ծրագրերում է «Պողիկտոս» օպերայի վերականգնումը եւ հույսով եմ, որ մաեստրոն գոնե այդ կապակցությամբ ինձ կհրավիրի: Հայրենիքում թեեւ ընդամենը 2 օպերա եմ ղեկավարել, այն էլ շուրջ 20 տարի առաջ, բայց այս պահին էլ հիշում եմ ունկնդրիս ջերմ վերաբերմունքը: Հայաստանում թեւավոր խոսք կա՝ մերն ուրիշ է: Իսկապես ուրիշ է մեր հանդիսատեսը»:
Զրույցի ընթացքում Նվարդ Ասատրյանը հիշեց, որ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով հենց 2015թ. հունվարից շուրջ 1 տարի ղեկավարելով Թուրքիայի նվագախմբերը, հնչեցրել է նաեւ հայ հեղինակների ստեղծագործություններ: «Կարոտով եմ հիշում 2010թ. իմ հիմնած հայ-թուրքական երիտասարդական միացյալ նվագախմբի երաժիշտներին, 18-23 տարեկան էին: Ծրագրում, բնականաբար, հայ հեղինակների երկեր էլ կային: Հիանալի համերգաշար ունեցանք, բայց շատ եմ ափսոսում, որ չկարողացա նվագախումբը ներկայացնել նաեւ հայաստանցի հանդիսատեսին: Գլխավոր պատճառի մասին հիմա չարժե բարձրաձայնել: Միայն ասեմ, որ այդ երազանքիս չիրականանալը ուներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց Նվարդ Անդրեասյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
18,02.2017