Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում քվեարկություն կատարեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նա լրագրողների հետ զրույցում կարեւորեց քաղաքացիական պարտքը կատարելը. «Այսօրվա մեր քվեարկությամբ մենք կամրապնդենք այն գաղափարը, ինչը որ արտահայտել ենք 1988 եւ 1991 թվականներին։ Միանշանակ չեմ կարծում, որովհետեւ այդ ամենի մշակումներին մասնակցել եմ ու մեզ հաջողվել է գտնել այն ճիշտ հավասարակշռությունը, որ անպայման պետք է լինի Սահմանադրության մեջ։ Ես վստահ եմ, որ 2006թ. մեր Սահմանադրական հանրաքվեից հետո այսօր կառավարման համակարգում, մեր պաշտպանության բանակում մենք ունենք մի նոր սերունդ, որը պետք է ոչ միայն առաջին գծում, այլեւ այստեղ իր կարծիքն արտահայտի երկրի ապագայի վերաբերյալ»։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին Աշոտ Ղուլյանն ասաց, որ այն նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը թե՛ ներքին, ե՛ւ թե արտաքին մարտահրավերներին դիմակայելու իմաստով. «Ես վստահ եմ, որ դա Սահմանադրության հիմնական առաքելություններից մեկն է: Եթե հակիրճ՝ Սահմանադրությունը ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ամրապնդմանը, ժողովրդավարական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների երաշխավորմանը եւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման արդյունավետությանը»:
Աշոտ Ղուլյանը անդրադարձավ նաեւ ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հանրաքվեն միջազգայնորեն չի ճանաչվելու. «Դա հարեւան պետության խնդիրն է, եւ կարծում եմ այդ հոգեբանական բարդույթից ինչքան շուտ դուրս գան, այնքան շատ ավելի լավ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ