Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը միջամտելուց

Փետրվար 20,2017 11:27

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի (արտոնագիր` 387), Արայիկ Պապիկյանի (արտոնագիր` 970) և Մոնիկա Մարգարյանի (արտոնագիր` 841) իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ Արմինե Ֆանյանի, Լիանա Բալյանի և Արսեն Մկրտչյանի, փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Մոնիկա Մարգարյանի և Արայիկ Պապիկյանի, ուսումնասիրելով փաստաբանների կողմից Հանձնաժողովին ներկայացված նյութերն, նրանց բացատրություններն ու լրատվամիջոցների հրապարակումները, պարզեց հետևյալը.

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հանդիսանում է Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի պաշտպանը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը և որոնք պահվում են ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում: 14.02.2017թ-ին Մուշեղ Շուշանյանն իր պաշտպանյալների պաշտպանության համար այցելել է «Արմավիր» ՔԿՀ:

ՔԿՀ աշխատակիցները համապատասխան սարքավորումներով և ակնադիտական եղանակով զննելով Մուշեղ Շուշանյանի հագուստն ու նրա մոտ առկա պոլիէթիլենային տոպրակի զանգվածը և պարզելով, որ դրանում առկա են միայն թղթային կրիչներ, հայտնել են, որ պետք է խուզարկեն պոլիէթիլենային տոպրակը, պարզելու համար դրանում գտնվող փաստաթղթերը վերաբերում են քրեական գործին, թե ոչ: Մուշեղ Շուշանյանը հրաժարվել է խուզարկվելուց, ինչի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետն իր 14.02.2017թ. որոշմամբ մերժել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի հետ նրա տեսակցությունը:

Որոշման մեջ վկայակոչվել են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 2-րդ, 88-րդ, 90-րդ, 91-րդ, 139-րդ կետերն ու Կանոնակարգի ձև 2-ով հաստատված ցանկի 7-րդ կետը: Փաստաբան Մոնկիկա Մարգարյանը հանդիսանում է կալանավորված անձ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող Թաթուլ Թամրազյանի պաշտպանը: 31.01.2017թ-ին հղում կատարելով ՀՀ կառավարության 03.08.2006թ. 1543-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգին, Մոնիկա Մարգարյանին արգելել են առանձնատեսակցություն ունենալ իր պաշտպանյալի հետ, քանի որ նրան և նրա իրերը զննելուց հետո նա հրաժարվել է խուզարկվել:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդիսանում է կալանավորված անձ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող Աշոտ Պետրոսյանի պաշտպանը: 15.02.2017թ-ին հղում կատարելով ՀՀ կառավարության 03.08.2006թ. 1543-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգին, Արայիկ Պապիկյանին արգելել են առանձնատեսակցություն ունենալ իր պաշտպանյալի հետ, քանի որ նա ՔԿՀ աշխատակիցների կողմից իր մոտ եղած փաստաբանական գործի թղթային կրիչները զննելուց հետո թույլ չի տվել, որպեսզի ծանոթանան դրանց բովանդակությանը: Կանոնակարգի նշված նորմերը սահմանում են՝

– 2. Սույն կանոնակարգի պահանջների կատարումը պարտադիր է կալանավորված անձանց պահելու վայրի և ուղղիչ հիմնարկի վարչակազմի, կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ այցելող այլ անձանց համար:

– 88. Սույն կանոնակարգով արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի (N 2 ձև) ներթափանցումը, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրականացվում են կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայր և ուղղիչ հիմնարկ մուտք ու ելք ունեցող այլ անձանց անձնական խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների խցերի կամ կացարանների խուզարկություններ, կալանավորված անձանց կամ դատապարտյալների իրերի զննումներ և առգրավումներ:

– 90. Այլ անձինք անձնական խուզարկության ենթարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի հետ հանդիպելուց առաջ և հետո: Նրանցից պահանջվում է ցույց տալ հագին եղած հագուստի գրպանների, պայուսակների պարունակությունը և իրենց մոտ գտնվող իրերը: Անհրաժեշտության դեպքում քրեակատարողական ծառայողի պահանջով տրամադրվում է հագին եղած հագուստը` այն զննելու նպատակով` առանց նսեմացնելու կամ նվաստացնելու խուզարկման ենթարկվողի անձը….:

– 91. Խուզարկության ավարտից հետո խուզարկվողի մոտ թողնվում են միայն այն առարկաները և սննդամթերքը, որոնք արգելված չեն սույն կանոնակարգով:

– 139. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեսակցությունների համար սահմանված նվազագույն քանակից ավելի տեսակցություն չի տրամադրվում բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին: Տեսակցության թույլտվությունը մերժվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի պատճառաբանված որոշմամբ:

Ըստ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի և Մոնիկա Մարգարյանի՝ ՔԿՀ-ների աշխատակիցներն իրենց չեն թույլատրել տեսակցություններն իրենց պաշտպանյալների հետ, քանի որ նրանք հրաժարվել են խուզարկվել և ՔԿՀ աշխատակիցներին տրամադրել իրենց մոտ գտնվող փաստաբանական գործի նյութերը, փաստաթղթերը ուսումնասիրության՝ քրեական գործին առնչությունը պարզելու համար։

Հանձնաժողովը գտնում է, որ վերոնշյալ նորմերը կիրառելի չեն իր մասնագիտական պարտականությունները կատարող փաստաբանի նկատմամբ և խախտում են փաստաբանի՝ իր վստահորդի հետ անարգել տեսակցելու, ինչպես նաև փաստաբանական գաղտնիքի իրավունքը, հետևյալ պատճառաբանությամբ. Փաստաբանների մոտ իրենց պաշտպանյալների քրեական գործերին չառընչվող փաստաթղթերի հայտնաբերման պատճառաբանությամբ ՔԿՀ կողմից Կանոնակարգի վկայակոչված նորմերի հիման վրա փաստաբանին խուզարկվել պահանջելը, նման փաստաթղթերի հայտնաբերմանն ուղղված այլ գործողություններն անհնար է կատարել առանց փաստաբանական գործին ծանոթանալու։

Նման գործողությամբ ՔԿՀ աշխատակիցները փաստացի հնարավորություն կունենան ծանոթանալու փաստաբանական գաղտնիք պարունակող այլ նյութերին, ինչպես նաև չունենալով անհրաժեշտ գիտելիքներ կամ տեղեկություններ հայեցողաբար գնահատելու փաստաթղթերի առնչությունը քրեական գործին: ՔԿՀ այս վարքագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և ներպետական օրենքներին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով: ՄԱԿ-ի «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները» միջազգային պայմանագրի 8-րդ կետի համաձայն՝ բոլոր ձերբակալված, կալանված կամ բանտարկված անձանց տրամադրվում են պատշաճ հնարավորություններ, ժամանակ ու պայմաններ փաստաբանի այցելության, նրա հետ առնչվելու և խորհրդակցելու համար` առանց ձգձգման, միջամտության կամ գրաքննության և լիակատար գաղտնիության պահպանմամբ: Նման խորհրդատվություններ կարող են անցկացվել իրավակարգը պաշտպանող անձանց ներկայությամբ, բայց առանց նրանց կողմից լսվելու հնարավորության:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:

Նույն օրենքի՝ 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …. չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Նույն օրենքի՝ 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել: Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

Փաստաբանի վարքագծի կանոնագրրքի 2.11.1 ենթակետի համաձայն` փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը պարտավոր է յուրաքանչյուր քրեական, քաղաքացիական կամ վարչական վարույթի վերաբերյալ կազմել համապատասխան փաստաբանական գործ (թղթապանակ), որտեղ պետք է կցվեն վարույթի հիմնական նյութերը: Սույն ենթակետում նշված գործը գտնվում է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության տակ և փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը իրավունք չունի դրանք տրամադրել որևէ պետական մարմնի (այդ թվում` իրավապահ մարմիններին), բացառությամբ փաստաբանի և նրա վստահորդի որոշած դեպքերի:

Վկայակոչված նորմերը երաշխավորում են փաստաբանին՝ անարգել այցելել իր վստահորդին, գաղտնիության պայմաններում հաղորդակցվել նրա հետ, զերծ մնալ իր նկատմամբ խուզարկություն իրականացնելուց, պահպանել տեղեկությունների գաղտնիությունը, զերծ մնալ տեղեկատվության գաղտնիությունը բացահայտելուն ուղղված ցանկացած գործողությունից։

Հանձնաժողովը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ փաստաբանի մասնագիտական աշխատանքը և հատկապես՝ նրա աշխատանքը քրեակատարողական հիմնարկում ենթակա է բարձր պաշտպանության: Իրավաբանական օգնությանը, փաստաբանական գաղտնիքին առնչվող փաստաթղթերը կամ տեղեկատվական կրիչները, փաստաբանական գործը անձեռնմխելի են և փաստաբանը պարտավոր է դրանք զերծ պահել այլ անձանց հասանելիությունից:

Դրանք չեն կարող հասանելի լինել նաև քրեակատարողական ծառայողներին:

Փաստաբանը պաշտպանված է նաև խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն և կոչված են ապահովելու փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: Հանձնաժողովը նաև արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2- րդ մասի պահանջից հստակ բխում է, որ փաստաբանի պարտականությունները չեն կարող սահմանվել օրենքից ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով։

Կանոնակարգը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ և չի կարող փաստաբանի համար որևէ պարտականություն սահմանել։ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի: Հարկ է նշել նաև, որ Կանոնակարգի վկայակոչված դրույթները հակասում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջներին, քանի որ ըստ ՔԿՀ մեկնաբանության հնարավորություն են ընձեռում խուզարկել փաստաբանին և չթույլատրել նրա տեսակցությունը իր պաշտպանյալի հետ, մինչդեռ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը արգելում է փաստաբանին խուզարկելն իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս և երաշխավորում է նրա՝ անարգել՝ իր վստահորդին տեսակցելու իրավունքը։ Այս նորմի ուժով նույնպես չէին կարող գործել Կանոնակարգի վկայակոչված նորմերը փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի և Մոնիկա Մարգարյանի նկատմամբ։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է՝ իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում պաշտպանելը, ինչպես նաև փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը։ Գտնում ենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանի, Արայիկ Պապիկյանի և Մոնիկա Մարգարյանի մասնագիտական գործունեության նկատմամբ հիշյալ միջամտությունը կարող է նման վերաբերմունքի նախադեպ հանդիսանալ մյուս փաստաբանների համար, ինչը սպառնում է փաստաբանի անկախ մասնագիտական գործունեությանը։

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով, որոշեց հանդես գալ հետևյալ Հ Ա Յ ՏԱ Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ա Մ Բ.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կողմից փաստաբաններ Մուշեղ Շուշանյանին, Արայիկ Պապիկյանին և Մոնիկա Մարգարյանին իրենց պաշտպանյալների հետ տեսակցություններն արգելելը այն պատճառաբանությամբ, որ վերջիններս հրաժարվել են խուզարկությունից և/կամ իրենց մոտ եղած փաստաբանական գործի նյութերը հետազոտելու համար ՔԿՀ աշխատակիցներին տրամադրելուց կամ այլ կերպ հասանելի դարձնելուց: Հանձնաժողովը ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը միջամտելուց:

ՀՀ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728