Պատմում է արվեստագետ Սահակ Պողոսյանը
Նյու Յորքի հարավային անտառներում բնակվում է նկարիչ Օնիկ Գալֆայանը, որը հայտնի է որպես ԳարԴաշ Օննիգ (թուրքերեն՝ բարեկամ Օնիկ): Օնիկ Գալֆայանն իր ստեղծագործական անունն ընտրել ի հիշատակ այն թուրքի, որը Հայոց ցեղասպանության ժամանակ փրկել է իր նախնիներին։ Արվեստագետ Սահակ Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ 2016-ի վերջին ԱՄՆ-ում մասնակցել է մի յուրատեսակ սիմպոզիումի, որը կայացել է ԳարԴաշ Օննիգի ագարակում՝ հենց անտառի մեջ:
«Նյու Յորքում մի հետաքրքիր արվեստագետ է ապրում՝ ԳարԴաշ Օննիգը, որին շատերն են ճանաչում: Նա հրաշալի արվեստագետ է եւ արդեն որերորդ տարին կազմակերպում է տարբեր սիմպոզիումներ: Օրինակ, մի տարի նրա ագարակում հավաքվում են գրողները, դե պատկերացրեք, թե գրողը անտառում ինչեր կարող է անել, մի անգամ՝ ֆիլմարտադրողները եւ այսպես շարունակ: Վերջին սիմպոզիումին փայտի վրա աշխատող քանդակագործներ էին եկել, որոնց հիմնական նյութը պետք է լիներ փայտը: Սիմպոզիումի ամբողջ գաղափարը էկոլոգիայի հետ էր կապված, իսկ փայտն առաջին էկոլոգիապես մաքուր նյութն է: Ինձ շատ ոգեւորել էր գաղափարը եւ ձեւաչափը, ես սիրով մասնակցեցի»,- պատմեց Սահակ Պողոսյանը: Արվեստագետն անչափ տպավորված էր մթնոլորով, նա առանձնացրեց նաեւ Սենեգալից հրավիրված արվեստագետին:
Կարդացեք նաև
«Մեկ ու կես ամիս անտառում էինք ապրում ու ամբողջ ստեղծագործական հումքը եւ գաղափարը հենց անտառից էլ վերցնում էինք: Բոլորը շատ գոհ էին: Ագարակում ծնվեց իմ մի աշխատանքը, որը հացի հետ էր կապված, կոչվում էր՝ «Սուրբ Գավաթ»: Դա մի մեծ գաղափար է, որի վրա երկու տարի աշխատում էի»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նրա ձեւակերպմամբ, ամբողջ ստեղծագործական գործընթացն ինքնին ստեղծագործություն էր. «Ինչը որ ստեղծագործական գործընթացի ժամանակ ապրեցինք, հրաշալի էր, որովհետեւ տարբեր ազգերի, տարբեր մոտեցումների արվեստագետներ հավաքվեն, բանավիճեն, կռվեն արվեստի շուրջ ու անտառում, դա հրաշալի էր»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Գերման Ավագյանի
«Առավոտ»
18,02.2017
հարգելի “Առավոտ”, երեկվա իմ ուղարկած ուղղումը չե՞ք տպագրում։ Կարելի է մտածել թե անպատիվ խոսքեր էր պարունակում՞։ լավ չէ՞ր ավելին իմանալ։ Ինչևէ, շարունակեք նույն ոգով ։ թութակի պես կրկնելով ու տպագրելով կիսագրագետ մարդկանց ասածները։
Ի՞նչ ուղղում: