Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը PricewaterhouseCoopers Armenia-ի հետ քննարկել է դեպի Հայաստան ներդրումների ներգրավումը

Փետրվար 20,2017 11:07

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին և PricewaterhouseCoopers Armenia LLC  ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

Մարկ Հենրին նշել է, որ իրենց այցի հիմնական նպատակն է ընդլայնել առկա համագործակցությունը և ավելացրել, որ կարող են օգտագործելով իրենց միջազգային ցանցի հնարավորությունները` Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել աշխարհին, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն պետական կառույցներին` ներդրումային ծրագրերը ճիշտ փաթեթավորելու նպատակով:

Նախարար Կարայանը ողջունել է PricewaterhouseCoopers ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ Հայաստանի տնտեսության համար այսօրվա կարևորագույն խնդիրներից է ներդրումների ներգրավումը և այս տեսանկյունից  Հայաստանն աշխարհին ներկայացնելու միջազգային ցանցերի հնարավորության օգտագործման, հիմնադրամների ստեղծման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման հարցում կազմակերպության փորձը  շատ կարևոր կարող է լինել:

«Պատրաստ ենք համագործակցության և շնորհակալ, որ դուք ևս  պատրաստ եք ձեր փորձը և հնարավորությունները ներդնել` ճիշտ մատուցելու մեր երկրի  գործարար և ներդրումային միջավայրը հանրությանը: Նման հեղինակավոր կազմակերպությունն իր համաշխարհային ցանցով կարող է լուրջ հեղինակություն և վստահություն բերել մեր երկրին` նոր ներդրողներ ներգրավելու առումով»,-նշել է նախարարը:

«Աշխարհում կան շատ ընկերություններ, անհատ ներդրողներ, որոնք ունեն գումարներ և փնտրում են վայրեր, ներդրումներ անելու համար, սակայն չգիտեն որտեղ, և կան վայրեր, որտեղ ներդրումներ անելու լայն հնարավորություններ կան: Խնդիրը ոչ ճիշտ ներդրումային փաթեթների կազմավորումն է: Մենք պատրաստակամ ենք օգնելու, որպեսզի ձևավորվեն ճիշտ ներդրումային փաթեթներ և գտնել ներդրողներ»,-նշել է Մարկ Հենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն աշխարհին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ծրագրերն ու գաղափարները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սկզբնական փուլում առանձնացնել 1-2 ծրագիր Հայաստանում առկա ներդրումային նախագծերի ցանկից, և համատեղ աշխատանքներ իրականացնել դրանց ուղղությամբ:

Նախարարն առանձնացրել է նաև Իրանի սահմանին Ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը` նշելով, որ այստեղ կարելի է ներգրավվել  մինչև 500 մլն դոլար ներդրում:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և  ավելացրել.

«Եթե միասին փորձենք ճիշտ փաթեթավորել ներդրումային ծրագրերը կկարողանանք լուրջ ներդրումներ ներգրավել: Պատրաստ ենք նաև պետական աջակցություն և մասնակցություն ունենալ այս հարցում, այնպես, որ համագործակցության լուրջ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու»:

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728