Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաղ թե ուշ Սաֆարովը կստանա իր արժանի պատիժը

Փետրվար 20,2017 11:00

Երբ ուշիուշով հետեւում ես ադրբեջանական լրատվական կայքերին, հաճախ հանդիպում ես հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի լուսանկարներին եւ նրա կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններին, որոնք մեծ ոգեւորությամբ եւ գովասանքի խոսքերով լուսաբանվում են ադրբեջանցի լրագրողների կողմից: Այսօր այդ անձն ադրբեջանական հասարակության համար դարձել է երկրի կարեւորագույն դեմքերից մեկը, որի օրինակը փառաբանվում եւ տարածվում է այդ երկրում:

Բոլորովին վերջերս, երբ հանդիպեցի այդպիսի հերթական հրապարակմանը, ընդվզում ապրեցի՝ հատկապես, երբ լուսանկարներում չակերտավոր հերոսի կողքին կանգնած են ադրբեջանական հասարակության մեջ քիչ թե շատ հայտնի անձեր կամ առհասարակ շարքային քաղաքացիներ, որոնց համար վերջինիս հետ լուսանկարվելը հպարտություն եւ մեծ պատիվ է: Տեսնելով այս անարդարությունը, կարծում եմ, շատ բնական հարց է հասունանում՝ ինչո՞ւ է ուշանում Սաֆարովի հատուցումը, ե՞րբ է նա պատժվելու իր չարագործության համար:

Ընդհանրապես՝ ըստ քրիստոնեական վարդապետության, չարագործներին սպասվում են երկու հատուցումներ՝ մեկը, երբ անձն այս աշխարհում է հատուցում իր չարագործության համար եւ մյուսը՝ հանդերձյալ կյանքում: Այս երկուսից ամենասարսափելին երկրորդն է, եւ լավ կլինի, որ անձն այս աշխարհում հատուցի իր գործած վատ արարքի համար, հակառակ դեպքում հանդերձյալի հատուցումն անտանելի է եւ չավարտվող, թեեւ դժար է ասել այս աշխարհում պատժվելով, արդյոք նա կազատվի հանդերձյալ կյանքի պատժից: Չկա մի չարագործ, ով իր արժանի պատիժը չի կրելու, հատուցումն անխուսափելի է:

Հաճախ մարդիկ կարծում են, որ երբեմն չարագործներին հաջողվում է խուսափել պատժից, հատկապես, երբ վերջիններս, պատասխանատվության չենթարկվելով, ապրում են հանգիստ ու երջանիկ կյանքով՝ ինչպես այսօր թվում է, թե Սաֆարովն է: Սակայն, դա այդպես չէ, եւ վաղ թե ուշ հատուցման ժամը հասնում է բոլորին: «…Քանզի մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրն ստանայ, ինչ որ արել է աւելի առաջ իր մարմնով՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար» (Բ Կոր. Ե 10): Հատուցում ասելով պետք չէ հասկանալ միայն չարագործի դատապարտումը մահվան կամ բանտարկության այս աշխարհում, քանի որ դա համեմատած հանդերձյալում սպասվող պատժի հետ՝ բավական մեղմ է: Եվ եթե հատուցումից խուսանավումը երբեմն հնարավոր է այս աշխարհում, ապա հանդերձյալում դա պարզապես անհնար է:

Հետեւաբար Սաֆարովի պատժից խուսափումը եւ երջանկությունը, որը նա վայելում է այս կյանքում, ժամանակավոր է եւ շատ խաբուսիկ: Շատ հնարավոր է՝ նաեւ չհապաղի նրա հատուցումն այս աշխարհում: Ի վերջո, 1921 թ. գարնանային գեղեցիկ օրերին, երբ Թալեաթ փաշան հանգիստ զբոսնում էր Բեռլինի փողոցներով, չէր էլ կարող մի պահ պատկերացնել, որ դա լինելու է իր կյանքի վերջին զբոսանքը: Վրիժառու հայորդու՝ Սողոմոն Թեհլերյանի անարդարության դեմ ընդվզումը եւ վրեժխնդրությունը, որը արդարացվեց գերմանական դատական իշխանությունների կողմից, հոգեբանական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Հերթական անգամ փաստվեց, որ հատուցումը անխուսափելի է, քանի որ արդարությունը վաղ թե ուշ հաղթանակում է եւ եթե ինչ-որ ժամանակ այն բռնադատված է, ապա պետք չէ հիասթափվել, այլ ընդհակառակը՝ անհրաժեշտ է ամենայն ջանք ի գործ դնել հասնելու արդարությանը: Այսօր եւս, եթե Սաֆարովի նմանները տակավին չեն հատուցել իրենց չարագործության համար, ապա դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է եւ չարագործը պատժից ազատված: Եվ դրա վառ օրինակը մեր պատմության մեջ Սողոմոնի նման վրիժառու եւ քաջ տղաների սխրագործություններն են, որոնք եղել են եւ վերստին կլինեն:

Ցավալի է, անշուշտ, որ միջազգային հանրությունը նման իրադարձությունների առնչությամբ լռում է կամ ոչ բավարար եւ համարժեք արձագանքում: Այդ լռության եւ անգործության պայմաններում մարդասպանը հանձնվեց Ադրբեջանին, այնուհետեւ «հերոս» հռչակվեց: Ճիշտ նույն լուռ կեցվածքով եւ անգործությամբ միջազգային հանրությունը «արձագանքեց» 1915 թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը, սակայն երբ Սողոմոն Թեհլերյանը վրեժխնդիր եղավ, այդ լուռ հանրությունն արթնացավ:
Հայ ժողովուրդը միշտ էլ վստահություն է ունեցել միջազգային դատական ատյանների հանդեպ, սակայն վերջիններս անհասկանալիորեն երբեմն չեն ծառայում աստվածապարգեւ արդարության իրագործմանը: Այդ պատճառով մեր ժողովուրդը, ապավինելով սեփական ուժերին, հաճախ ինքն է իրացրել արդարադատության իր իրավունքը:

Տ. ՊԱՐԹԵՎ
վարդապետ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Հ.Գ. Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը եւ Սողոմոն Թեհլերյանը: Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին: Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ծունկի էին գալիս ու համբուրում Վեհափառի աջը: Երբ վերջապես հուզված բազմությունը փոքր-ինչ հանդարտվում է, Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը եւ ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:

 

«Առավոտ»

18,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հոդվածագրին կուզեմ հարցնել՝ իսկ Սաֆարովը իր տմարդի արարքից հետո Ադրբեջանի տարածքից գեթ մեկ անգամ դուրս եկե՞լ է…Այ հենց դուրս կգա,կպատասխանեմ…

  2. Սեյրան says:

    Հարգելի Ասլանյան, խնդիրը նրա` իր որջից դուրս գալու մեջ չէ , այլ Սողոմոնների բացակայության մեջ է. կարդացեք Սողոմոնի հուշերը, ուր ՆԱ պատմում է, թե ինչպես է ԻՆՔԸ թուրքերին ծախված մկրտչյան ազգանունով մի դավաճանի շանսատակ արել թուքիայում, հեմց նրա իսկ տանը…….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728