Շատ կանայք, լինի գեր կամ նիհար, ունենալով նստակյաց կյանք, օրգանիզմում ջրի պակաս, սխալ սննդակարգ, նյութափոխանակության խնդիր, ունենալու են ցելյուլիտ: Այսպես զգուշացնում են մասնագետները եւ շեշտում, որ չնայած այն չի համարվում մաշկային հիվանդություն, սակայն աչք փակել խնդրի վրա՝ ցանկալի չէ: Ցելյուլիտը հիմնականում առաջանում է ազդրերի շրջանում, հատկապես՝ ներսի կողմերից, ինչպես նաեւ հետույքի եւ թեւերի տարբեր հատվածներում: Վաճառքում տարատեսակ հակացելյուլիտային միջոցներ կան, ուստի քսուք ընտրելիս պետք է նախ հաշվի առնեք ձեր մարմնի առանձնահատկությունը. ճարպոտ մաշկի դեպքում օգտագործեք գելերը, իսկ չոր մաշկի համար՝ քսուքները: Ուշադրություն դարձնել նաեւ բաղադրությանը՝ հատկապես, որ պարունակի կոֆեին, ամինոֆիլին, մուգ գույնի ջրիմուռներ:
Քսուքները պետք չէ ուղղակի քսել մաշկին, որպեսզի ազդեցությունն էլ ավելի արդյունավետ լինի, համապատասխան հատվածները հարկավոր է նաեւ մերսել: Ինտենսիվ մերսումներն անհրաժեշտ է կատարել տաք եւ սառը ջրային գործողությամբ: Հակացելյուլիտային մերսում կատարելու համար, նախ պետք է տաքացնել համապատասխան հատվածները տաք ցնցուղով: Կոպիտ սրբիչով չորացնել եւ մերսել 5 րոպե հետեւյալ բաղադրությունը պարունակող սկրաբով. 3 ճաշի գդալ աղացած սուրճը խառնել նույնչափ ծովի աղի հետ եւ ավելացնել 5 կաթիլ ձիթապտղի յուղ: Մերսումից հետո միանգամից պետք չէ լվանալ, որպեսզի սուրճը ներծծվի մաշկի մեջ: Այս սկրաբը ոչ միայն հակացելյուլիտային է, այլեւ սրա շնորհիվ արագանում է արյան շրջանառությունը, բարձրանում մաշկի տոնուսը եւ մաշկը հրաշալի մաքրում է մեռած բջիջներից:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել օրգանիզմի ջրի պարունակությանը, եթե նկատվում է ջրի պակաս, պետք է ոչ միայն սկսել շատ ջուր օգտագործել, այլեւ սահմանափակել աղի, շաքարի, սուրճի եւ թունդ խմիչքների օգտագործումը, խուսափել կծու, յուղոտ եւ տապակած ուտելիքներից ու ամեն տեսակի պահածոներից:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
18,02.2017