Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքն է շարժում այն ստեղծարար երևակայությունը, որը կարող է մեր հայրենիքին տալ իրական օգուտներ». Արմեն Ամիրյան

Փետրվար 20,2017 00:18

Գրքերը անկիրք,  բայց հավատարիմ բարեկամներ են
Վիկտոր Հյուգո

2008 թ-ից Հայաստանում փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այն նշվում է այս օրը, որովհետև հայ գրող Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է: Ահա մի քանի միջոցառումներ, որոնք տեղի են ունեցել այսօր Երևանում: Փորձել ենք պարզել` ինչքանով է գիրք նվիրելու օրը «ներխուժել» մեր մշակույթ:

Վերաբացվեց «Նոյյան տապան» գրատների ցանցի գլխամասը

«Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն արդեն քանի տարի է՝ նշվում է որպես գիրք նվիրելու օր, «Նոյյան տապան» գրատունը հայ ընթերցասերների առջև բացում է իր դռները»,- այսպես սկսեց  իր խոսքը գրատան տնօրեն Լուիզա Բերբերյանը գրատների ցանցի գլխամասի բացման պաշտոնական արարողության ժամանակ:

Նրա խոսքով, գրատան ռազմավարական ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել գնորդների նախասիրությունները, հետաքրքրություններն ու պահանջմունքները, ինչպես նաև միջազգային շուկայի զարգացումները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել մի շարք սոցիալական ակցիաներ, որի դեպքում «Նոյյան տապան» -ը դառնալու է բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն. միջավայր, որտեղ կհամախմբվեն գրքասերները, իսկ երիտասարդ ստեղծագործողների համար այն դառնալու է ինքնարտահայտման հարթակ:

Գրատունը նվիրեց գրքեր Երևանի 2 գրադարաններին` Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարաններին: Սա կրելու է շարունակական բնույթ և «Նոյյան տապանի» կողմից գրադարաններին պարբերաբար նվիրաբերվելու են գրքեր:

ՀՀ մշակույթի նախարար Ամիրյանը  շնորհավորեց բոլորին և ասաց, որ շատ ուրախ է` Երևանի սրտում վերաբացվել է մեծ գրախանութ, և վստահություն հայտնեց , որ այս գրախանութը դառնալու է շատ գրողների գրքերի շնորհանդեսների և մեր երեխաների ամենասիրելի այցելության վայրը. «Ես համոզված եմ, որ  տարբեր PR ակցիաներ կազմակերպելով, մենք կկարողանանք էլ ավելի մոտ կանգնեցնել մեր հասարակությանը գրքին և գրականությանը»:

Մարկեթինգի գծով փոխտնօրեն Հռիփսիմե Սառիկյանը պատասխանեց մեր այն հարցին, թե արդյոք գիրք նվիրելու օրը մտել է մեր մշակույթ. «Միանշանակ կարող եմ ասել, որ գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և նման տոներն են, որ նպաստում են նրան, որ թեկուզ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված չեն գրքով, օրվա խորհրդից ելնելով՝ հետաքրքրություն դրսևորեն գրքի նկատմամբ»:

Հռիփսիմե Սառիկյանի խոսքով, այս օրերի ընթացքում շատ են գնել  մանկական գրքեր` հատկապես Հովհ. Թումանյանի հեքիաթները, հայկական-ժողովրդական հեքիաթները, դասականները միշտ պահանջարկ ունեն` Սևակ, Թումանյան, մեծ հետաքրքրություն կա նաև արտասահմանյան գրողների, թարգմանական գրականության նկատմամբ` Մարկես, Րեյ Բրեդբերի, և իհարկե պահանջված են ռուս դասականները` Տոլստոյ, Պուշկին: Գնորդների տարիքային խումբ առանձնացնելը դժվար էր, քանի որ բոլոր տարիքային խմբերից էլ գնորդներ լինում են:

Գների հետ կապված հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ յուրաքանչյուր գնորդ կկարողանա  գտնել իր գրպանին հարմար գիրք նորաբաց գրատանը. «Մեր նպատակն է այնպես անել, որ գնորդը միշտ բավարարված դուրս գա մեր գրատնից թե′  գների թե′ սպասարկման և թե′  տեսականու առումով ընդհանրապես»:

Այսօր «Արևիկ»  և «Բուկինիստ»  հրատարակչության յուրաքանչյուր գիրք գնելու դեպքում արժեքի 100 դրամը փոխանցվում էր մանկատան երեխաներին

«Շատ ուրախալի է այն փաստը, որ շարժը շատ է, գրքերը շատ են գնում, ասեղ գցելու տեղ չունենք այս օրերին»,- մեզ հետ զրույցում ասաց «Բուկինիստ»   գրախանութի վաճառքի մենեջեր Ժաննա Բաբիկյանը:

«Բուկինիստ» -ում գիրք նվիրելու օրը նշվում էր Էդգար Հարությունյանի երկրորդ գրքի շնորհանդեսով և կար անակնկալ գնորդների համար. նրանք, ովքեր կգնեին մեկ գիրք, երկրորդը նվեր էին ստանում` ընտրելով զամբյուղի մեջ դրված գրքերից մեկը: Դրանք ամենատարբեր գրքեր էին սկսած խոհանոցից մինչև գեղարվեստական գրականություն:

Ժաննա Բաբիկյանն ասաց, որ այս օրերի հետ ավելի շատ գնվել են ռուս գեղարվեստական և հայ գեղարվեստական օտարագիր գրողների ստեղծագործությունները, քանի որ տոնը համապատասխանում է նաև Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա հետ, շատ են գնում նաև նրա ստեղծագործությունները:

«Այս օրերի ընթացքում գրքերի գները չեն փոխվել, բայց գործում էր ակցիա`  «Արևիկ»  և «Բուկինիստ»  հրատարակչության յուրաքանչյուր գիրք գնելու դեպքում, արժեքի 100 դրամը փոխանցվում էր մանկատան երեխաներին»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ հիմա մենք կարողանում ենք օրվա խորհուրդը փոխանցել գալիք սերնդին` ասելով, որ միևնույն է լավագույն բարեկամը գիրքն է, և գրքից լավ նվեր չկա:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Ղ.Աղայանի «Անահիտ » հեքիաթի նոր գրքի շնորհանդեսը

«Քանի որ այսօր Հովհ. Թումանյանը ծննդյան օրն է և մենք ամեն տարի նշում էինք այն նաև որպես գիրք նվիրելու օր, որոշեցինք հենց այսօր միջոցառում անել և ցուցադրել մեր հրատարակած  վերջին նորություններն ու գրքերը և այն պատճառով, որ այդ գրքերի շարքում կա Անահիտ հեքիաթը, որը լույս է տեսել առանձին գրքույկով, «Շարմ» ընկերությունից և մուլտֆիլմի ռեժիսորից` Սահակյանցից թույլտվություն ստանալով որոշեցինք երեխաների համար ցուցադրել «Անահիտ»  մուլտֆիլմը: Կարծում եմ, որ բոլորն էլ  ուրախ կլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը:

Հրատարակչատունը Խնկոր Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպել էր Ղ.Աղայանի «Անահիտ » հեքիաթի նոր գրքի շնորհանդեսը և համանուն հեքիաթի մուլտֆիլմի ցուցադրությունը:

«Մենք միակ և առաջին մանկական հրատարակությունն ենք, հրատարակում ենք միայն մանկական գրքեր, և մեր ամբողջ գործը մանուկների հետ է. դրա համար էլ եկել ենք Խնկո Ապոր անվան մանկական գրադարան»,-ասաց նա:

Երեխաները գիտեին, թե ինչու էին եկել այդտեղ: Հինգ տարեկան Արեգը, ինքն էր ասել մայրիկին, որ կա այսպիսի տոն և ուզում է գիրք ստանալ, իսկ քանի որ Խնկո Ապոր գրադարանում նաև անցկացվում էր մանկական գրքերի ցուցահանդես-վաճառք եկել էին, գիրք գնել և պատրաստվում էին դիտել մուլտֆիլմը:

Մինչ մուլտֆիլմը կսկսվեր Արեգն ընթերցում էր գիրքը, մենք էլ մի փոքր խանգարեցինք նրան. «Ես գիտեմ, որ այսօր գիրք նվիրելու օրն է, նաև այսօր ծնվել է Հովհ. Թումանյանը: Մայրիկս ինձ համար շատ է կարդում նրա հեքիաթներից, կարդում է նաև հայկական և հնդկական հեքիաթներ»:

Գիրքն Արեգին նվիրել էր մայրիկը, իր սիրած կենդանիների` դինոզավրերի մասին էր: Արեգն ինձ ուղղեց և ասաց որ չի կարդում, պարզապես նայում է գիրքը:

Վեցամյա Անուլիկն էլ (ինքն իրեն այդպես անվանեց) եկել էր գիրք նվեր ստանալու և գտել էր իր ամենասիրելի գիրքը` «Մոխրոտիկը»:

Երկուսն էլ գիտեին , որ  մարդիկ կարդում են որպեսզի սովորեն և  խելացի լինեն:
Մինչ մուլտֆիլմի ցուցադրությունն անցկացվեց վիկտորինա, և երեք ամենակտիվ երեխաները ստացան Անահիտ գիրքը, մրցանակի արժանացան և տիկնիկ Անահիտներ ստացան Անահիտ անուն ունեցող աղջիկները:

«Արևիկ»  հրատարակչության տնօրենի խոսքով տոնը տարեցտարի մտնում է մեր առօրյա և մարդիկ նույնիսկ սպասում են այդ տոնին. «Կարծում եմ գրքերի վաճառքի քանակը ապացուցում է դա»:

Տոնի մասին Aravot.am-ը զրուցեց նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ` պարզելու`2008 թ-ից առ այսօր գիրք նվիրելու օրը մտել է մեր մշակույթ, թե ոչ. «Մտել է և ոչ միայն այսօր: Մեր մշակույթում արդեն բավականին երկար ժամանակ է, որ գրքի հետ հաղորդակցման արվեստը արդեն կա: Մի շրջան վիրտուալ իրականությունը կարծես` հեռացրել էր մեզ գրքից, բայց  վերջին տարիների երեխաները, պատանիները, երիտասարդները ավելի շատ են սկսում շփվել գրքի հետ: Դա շատ ուրախալի է, որովհետև գիրքն է, որ շարժում է երևակայությունը. այն ստեղծարար երևակայությունը, որը կարող է մեր հայրենիքին տալ իրական օգուտներ»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728