2015 թվականին Էդգար Հարությունյանը, որը հանրությանը հայտնի դարձավ որպես լուսանկարիչ, հրատարակեց իր առաջին գիրքը, որը կոչվում էր «Նվիրվելու արվեստը կամ Ձոն վարդին»: Այն ունեցավ մեծ հաջողություն, մի քանի ամիս շարունակ ճանաչվեց բեսթսելլեր: Այսօր` փետրվարի 19-ին` գիրք նվիրելու օրը, հեռու չմնալով օրվա խորհրդից` նա ընթերցողներին «նվիրեց» իր երկրորդ գիրքը` «Չգտնված երիցուկներ»-ը: Հեղինակը մեզ հետ զրուցեց իր նոր գրքի, առաջինի հաջողության և պլանների մասին:
-Մի փոքր կպատմե՞ք ձեր երկրորդ գրքից, ինչի՞ մասին է այն:
-Գիրքը պատմում է ամուսնալուծված կնոջը սիրահարված ամուսնալուծված տղամարդու սիրո մասին: Բայց իրականում սյուժեն այդքանով չի սահմանափակվում, գիրքը շատ ավելի խորքային մարդկային հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Փորձել եմ այդ 2 կերպարների հարաբերությունների հիման վրա անդրադառնալ շատ ուրիշ հարցերի, որոնք դուրս են հենց բուն սիրային հարաբերություններից:
-Ինչո՞ւ եք գիրքն անվանել «Չգտնված երիցուկներ»:
Կարդացեք նաև
– Երիցուկները գրքում իրականում շատ խորհրդանշական նշանակություն ունեն, էպիզոդիկ դեր ունեն որպես ծաղիկ: Բացատրել չեմ կարող ինչու, ընթերցողը պետք է կարդա և կհասկանա: Գրքի մեջտեղում արդեն պարզ է դառնում, թե ինչու հենց չգտնված երիցուկներ:
Մի պահ դադար տվեց և շարունակեց խոսքը:
-Լավ, ամեն դեպքում գաղտնիքը բացեմ :(Մտափոխվեց, լավ է` կիմանանք գաղտնիքը.-Ռ. Հ.): Հերոսուհին ինչ- որ առիթով փնտրել է երիցուկներ և չի գտել, հետագայում` տարիներ շարունակ տառապում է այն մտքից, որ չի կարողանում գտնել, իսկ տղամարդը օգնում է նրան փնտրել ծաղիկները: Գտնում է, թե ոչ կիմանաք գրքի վերջում:
-Ովքե՞ր են աշխատել գրքի վրա:
-Գրքի խմբագիրը ինչպես առաջին գրքի դեպքում, այնպես էլ հիմա Դավիթ Գյուրջինյանն է: Գրքի դիզայները նույնպես առաջին գրքի դիզայնի հեղինակ Արմեն Հայրապետյանն է, որակյալ գործ է արել էջադրողը` Գոհար Գրիգորյանը, հրատարակել է «Անտարես» հրատարակչատունը: Բոլորը որակյալ գործ են արել, շնորհակալ եմ նրանց: Դե իսկ հեղինակն էլ ես եմ ` Էդգար Հարությունյան (ծիծաղում է.- Ռ. Հ):
Էդգարի խոսքով իր երկու գրքերն իրարից շատ տարբեր են թե′ գրելաոճով, թե′ բովանդակությամբ.
– Մարդիկ կան, որ հասցրել են կարդալ երկրորդ գիրքս ու ասում են, որ առաջինից շատ տարբեր է, չեն ասում լավ առումով թե վատ, ուղղակի ասում են` շատ տարբեր են: Եթե առաջին գիրքս շատ եթերային, երազային էր, կար սեր, հրապուրանք, սիրահարվածություն, նվիրվածություն իհարկե այդ ամենն իրականության սահմաններում` ո′չ չափազանցված, ո′չ հեքիաթային, ապա 2-րդն անդրադարձել է հարաբերությունների ավելի իրական ու խորքային մասին: Էլի կա սեր, նվիրում, ամուսնություն, բաժանում. այս անգամ փորձել եմ այդ ամենն ավելի համապարփակ վերլուծել և ներկայացնել հանրությանը:
– Ո՞րն է այս գրքի նպատակը, ո՞ւմ է այն հասցեագրված:
-Ընդհանրապես ի սկզբանե իմ նպատակն էր գիրքը հասցեագրել այն աղջիկներին, որոնք պատրաստվում են ամուսնանալ, հիմա էլ է հասցեագրված , բայց ոչ միայն նրանց, ուղղակի գիրքը գրելիս շատ ուրիշ թեմաներ առաջացան. դրա համար հասցեագրել եմ ընթերցող լայն շրջաններին:
Երբ խոսեցինք այն մասին, թե ի՞նչն է ներշնչում իրեն թե′ որպես լուսանկարիչ, թե′ որպես ստեղծագործող, նա ասաց, որ միշտ ասում է` իրեն ներշնչում է գեղեցիկը, և ամենևին կապ չունի, թե դա ինչ կլինի. կարևորը` լինի գեղեցիկ:
-Կարո՞ղ ենք ասել, որ ձեր գրած պատմությունները սեփական կյանքի փորձից են վերցված:
-Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են իմ անձնականին թե′ առաջին գրքի դեպքում, թե′ երկրորդ, ես ընդհանրապես չեմ պատասխանում, նույնիսկ իմ ամենամտերիմ մարդկանց: Ես մեծ հաճույքով կլսեմ գրքի գեղարվեստական, բովանդակային մասին ուղղված գովեստներ կամ քննադատություններ, եթե դրանք զերծ լինեն անձնական բնույթի հարցերից: Ուզում եմ, որպեսզի ընթերցողը գնահատի գիրքը որպես գեղարվեստական գործ, ոչ թե այն հեղինակի անձնական կյանքը փորփրելու առիթ դարձնի: Ես ոչ ասում եմ գիրքը իմ մասին է, ոչ էլ ասում եմ` իմ մասին չէ: Իրականությունը միայն ես գիտեմ ու վերջ:
-Առաջին գիրքը մեծ հաջողություն ունեցավ, մի քանի ամիս բեսթսելլեր էր, մտավախություն չկա՞ր, որ երկրորդը չի գրանցի նույն հաջողությունը:
-Առաջինի դեպքում հաջողության չէի սպասում, նույնն էլ երկրորդի դեպքում. ոչ հաջողություն եմ ակնկալում, ոչ էլ անհաջողություն: Եթե լավն է կտարածվի, ձեռքից ձեռք կանցնի, մարդիկ կգրեն, կխոսեն դրա մասին, եթե ոչ` կմնա գրախանութներում: Ես արել եմ այն ինչ կարող էի, ինչ ուզում էի ու ցանկանում առանց կեղծելու: Հաջողության կարժանանա, թե ոչ որոշում է ընթերցողը:
Էդգարն իրեն գրող չի համարում ու չի կոչում, և երբ հարցրի, թե ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ գրողներին որպես այս ասպարեզում հաջողության հասած մարդ, ասաց.
-Ես ինձ ընդհանրապես գրող չեմ համարում, բոլոր հեղինակներին անվանել գրող սխալ կլինի: Միայն խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր ստեղծագործում են. ստեղծագործե′ք անկեղծ:
Դե, քանի որ այսօր գիրք նվիրելու օրն է, հարցրինք` հասցրե՞լ է ինչ-որ մեկին գիրք նվիրել, նա էլ կես կատակ-կես լուրջ պատասխանեց.
-Այսօր շատ զբաղված եմ, դեռ ոչ մեկին չեմ հասցրել գիրք նվիրել, բայց նվերներ սիրով ընդունում եմ:
Վերջում հեղինակը հույս հայտնեց, որ սա իր վերջին գիրքը չի լինի և ասաց, որ մտադրություն կա շարունակելու. մի խոսքով կարող ենք սպասել իր 3-րդ գրքին, բայց, թե ինչի մասին կլինի այն, հեղինակն ինքը, չգիտի:
Ռոզա Հակոբյան