Այսօր՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առիթով «Նարեկացի» արվեստի միությունում հրապարակախոս, հասարակական գործիչ, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը դասախոսություն էր կարդում՝ վերլուծելով Թումանյանի միտքն ու ստեղծագործությունները:
Պարոն Ուլուբաբյանը հիշեցրեց Թումանյանի խոսքերը. «Քննադատը՝ թարգմանիչ է։ Նա պետք է թարգմանի բանաստեղծին, և թարգմանի ոչ թե նրա բառերը, այլ նրա սիրտը։ Աստծու նման սրտագետ լինի ու խորաթափանց, գտնի ամեն բանի աղբյուրն ու արմատը, որ կարողանա ճշմարիտ գնալ ու արդար դատել։ Այն ժամ կպարզվեն մթությունները, հասկանալի ու բնական կերևան ըստ երևույթին հակասությունները և քաոսի մեջ կհայտնվի ներդաշնակությունը, եթե կա»:
Նա ուշադրություն հրավիրեց «սրտագետ» բառի վրա, եւ ասաց, որ այս բառի հոմանիշ հայտնի է՝ գաղտնագետ, ծածկագետ. «Այսինքն` Թումանյանին հասկանալու համար քննադատը պետք է լինի գաղտնագետ, որի աշխարհում ապրում էր Թումանյանը: Այն պայծառատեսության, պայծառալսության, երազների նուրբ աշխարհն էր, որը իր համար սովորական էր, իսկ սովետական շրջանում այդ ոլորտը անտեսվում էր»:
Հրայր Ուլուբաբյանը մեկնաբանեց Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկը.
Կարդացեք նաև
«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ»:
Նա ասաց, որ արեւելյան փիլիսոփայության, յոգայի, բուդդայականության մեջ ընդունված հոգու վերամարմնավորման գաղափարն է՝ տեղավորված 4 տողերի մեջ: Ինչպես Թումանյանը կյանքը տեսնում է որպես հարաշաժ հոսանք, որպես անցյալի հավերժությունից դեպի ապագայի հավերժություն գնացող հոգի, որ եղել է, կա ու կլինի հար ու հավետ»:
Թումնայանագետը՝ հայ մեծ գրողի, բանաստեղծի հանճարեղության վկայությունը համարեց գրողի՝ 13 տարեկանում գրված բանաստեղծությամբ.
Քնե՛, քնե՛, իմ որդի,
Աչերըդ խուփ, չըբանաս,
Որ քո թշվառ հայ ազգի
Դառն ցավերը չըտեսնաս.
Քնե՛, գուցե երազում
Տիրոջ բարի հրեշտակը
Քեզի պատմե, թե ինչպես
Պիտի փրկվի քո ազգը.
Քնե՛, գուցե քեզ ասե
Նրա խղճության պատճառը,
Քնե՛, գուցե նա ասե
Նրա փրկության ճարը…
Թումանյանագետը կարեւորել էր բանաստեղծության այս երեք տունը, որտեղ, ըստ նրա, նախ կա մտահոգություն երկրի, ազգի վիճակով, երկրորդ՝ պատճառահետեւանքային օրինաչափության իմացություն՝ եթե ցավը կա, ապա պատճառը եւս կա, երրորդ՝ փիլիսոփայական մոտեցումը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ