Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Պետրոսյան. Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները գիտակցված են ընտրություն կատարելու

Փետրվար 19,2017 17:24

Ինչպես հայտնի է, երկուշաբթի՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Այդ կապակցությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում գործում է Սահմանադրական իրազեկության կենտրոն:

Կենտրոնի ղեկավար Արմինե Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ այն ժամանակ, երբ սկսվել էին Սահմանադրական նախագծի քննարկումները «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպությունը ուսումնասիրություններ կատարելով հանրության շրջանակում եկել է եզրակացության, որ կա լուրջ բաց, հանրությունը այնքանով էլ իրազեկված չէ. «Իրազեկման կենտրոնը իր առաջ նպատակ է դրել շրջել ամբողջ Ղարաբաղով եւ իրազեկման աշխատանք կատարել, տեղեկացնել հանրությանը, թե ինչ է տալիս մեզ նոր նախագիծը: Որպեսզի այդ աշխատանքները ավելի մասնագիտացված լինեն, մենք  հրավիրել ենք Արցախի պետական համալսարանի 3-րդ, 4-րդ կուրսի իրավաբաններին, ստեղծել ենք մասնագիտական խումբ, նորից աշխատանքներ ենք տարել, որպեսզի ավելի կազմակերպված գործենք: Շրջել ենք ամբողջ Ղարաբաղով, վերջում արդեն մայրաքաղաքում ենք այդ աշխատանքները կազմակերպել: Այսօր արդեն բոլորս նաեւ դիտորդական առաքելությամբ շրջելու ենք հանրապետության տարբեր շրջաններում»:

Արմինե Պետրոսյանը ընդգծեց, որ չեն այցելել միայն Քաշաթաղ, քանի որ այնտեղ ասել են, որ իրազեկման կարիք չկա, այնտեղ այդ աշխատանքները կազմակերպվել են. «Համայնքներ են եղել, որ նույնիսկ մեր ներկայացումը ավելի են գնահատել, քանի որ մենք փորձել ենք նաեւ բարբառով՝ ավելի մատչելի լեզվով իրազեկենք, քան Ազգային ժողովի նախագահը, որի լեզուն, բնականաբար, սահմանադրական է եւ ինչ-որ տեղ հնարավոր է մատչելի չլինի: Այսինքն՝մենք լինելով երիտասարդներ փորձել ենք ավելի մատչելի լեզվով ներկայացնել, որպեսզի ամենափոքր մանրուքն անգամ հասցնենք մեր քաղաքացուն, եւ դա մեզ մոտ ստացվել է»:

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները երկուշաբթի գիտակցված են ընտրություն կատարելու. «Քաղաքացիների կարծիքն է, որ մինչ այդ ցանկացած ընտրությունների ժամանակ նման աշխատանքներ չեն եղել, եւ նաեւ մեզ հորդորել են, որ ցանկացած նման երեւույթներին նման մոտեցում ցուցաբերել: Առաջին անգամ ենք նման բան կազմակերպել, եւ ցանկությունը մեծ է, որ հետայսու նման երեւույթներին այսպիսի մոտեցում ցուցաբերվի, որպեսզի ավելի մատչելի լինի: Այսինքն՝ եթե կա ժողովրդի մոտ այդ ցանկությունը, սա արդեն շատ մեծ առաջընթաց է: Եվ մենք էլ պայմանավորվել ենք, որ հետայսու աշխատելու ենք իրավագիտակցության բարձրացման վրա, որը շատ կարեւոր նախապայման է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728