Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. Ոչ ծավալուն քարոզարշավ ենք անցկացրել

Փետրվար 19,2017 17:05

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխության հանրաքվեն է: Կուսակցությունները մոտ մեկ ամիս ժամանակ ունեին քարոզչության համար: Ոչ-ի քարոզչությունը իրականացրել են Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Ազգային վերածնունդ կուսակցությունները: Նկատեցինք, որ մոտ երկու էջ ցուցակներում, որտեղ շտաբների հասցեներն են, «Ազգային վերածնունդ» կուսակցության անվան դիմաց նշված էր, որ կուսակցությունը շտաբի համար տարածք չունի:

Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն այդ հանգամանքը այսպես բացատրեց. «Նպատակահարմար չէր տարածք ունենալը, որովհետեւ հիմնականում աշխատանքը կատարվել է մոբիլ խմբերով՝ քարոզչական թերթիկներ ենք բաժանել, պաստառներ ենք փակցնում, հեռախոսազանգեր ենք կատարում: Դա կարելի է անել նաեւ տներից: Սահմանափակ ռեսուրսներ ունենք եւ հետեւաբար՝ շեշտ չենք դրել շտաբի վրա, որոշել ենք մեր ռեսուրսներն ավելի նպատակային օգտագործել»:

Հայկ Խանումյանը նշեց, որ իրենց պաստառները փակցրել են համապատասխան վայրերում եւ 10 հազար տպաքանակով տպագրել են քարոզչական թերթիկներ, որոնք բաժանվել են հիմնականում Ստեփանակերտում. «Շրջկենտրոններում զանգահարել ենք, զրույցներ ենք ունեցել, գյուղերում կուսակցության տարածքային կառույցներն են աշխատել»:

Հայկ Խանումյանի կարծիքով՝ ոչ ծավալուն քարոզարշավ են անցկացվել, ոչ այն չափի, որն անցկացրել են խորհրդարանական ընտրություններին. «Կարծում եմ, որ քիչ թե շատ մեզ համար ցանկալի արդյունքներ կարող ենք սպասել Ստեփանակերտում: Շրջաններից հույս չունեմ, որովհետեւ շրջաններում մարդիկ ավելի կախված են վարչական ռեսուրսից, իսկ իշխանությունը սովորաբար լայնածավալ վարչական ռեսուրս է օգտագործում»:

Նա հավելեց, որ սովորաբար իշխանության չփոխվելը, հատկապես մեկ անձի, բերում է անարդարության զգացումի, որովհետեւ մարդիկ փոփոխությունների են սպասում, եւ այդ ակնկալիքների չիրականացման դեպքում հիասթափություն են ունենում. «Հիասթափությունը մեզ մոտ սովորաբար արտահայտվում է արտագաղթով: Արտագաղթը ամենամեծ հարվածն է, որը կարելի է հասցնել Արցախի անվտանգությանը: Եթե մարդիկ կարծում են, որ Արցախից կարելի է Թուրքմենստան սարքել, որ մարդիկ այդպես ավելի երջանիկ կապրեն, ես դրա հետ համաձայն չեմ»:

Հայկ Խանումյանը կարծում է, որ մի կենտրոնից ղեկավարումը կբերի ռեսուրսների եւ իշխանության գերկենտրոնացման. «Այդ գործընթացը Արցախում տեղի էր ունենում եւ հիմա շարունակում է տեղի ունենալ՝ ռեսուրսների եւ իշխանության գերկենտրոնացումը, ինչը բերում է ազգային հարստության անարդարացի բաշխման, շրջանների թերզարգացման, երբ ամբողջ գումարը Ստեփանակերտում է կենտրոնացած, որի արդյունքում ոչ թե դառնում է գյուղական ճանապարհ եւ այլ ենթակառուցվածք, այլ դառնում է շքեղ ծառայողական մեքենա կամ թանկ գործուղում: Մեր գործունեությունը Ազգային ժողովում այս երկու տարիների ընթացքում, այն օրինագծերը, որոնք մենք առաջարկել ենք, հիմնականում միտված է եղել ապակայունացմանը, այդ թվում եկամուտների ապակենտրոնացմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728