Լրահոս
Օրվա լրահոսը

Միջքաղաքային հեռախոսահաղորդակցությունը XX դարում (պատմվածք)

Փետրվար 19,2017 15:14

Շատերին, ովքեր ավելի ուշ են ծնվել դժվար է պատկերացնել, թե ինչպես էինք մենք հաղորդակցվում հեռախոսով՝ քաղաքից կամ երկրից դուրս մեր բարեկամների կամ ծանոթների հետ: Եթե ձեզ հետաքրքրեց այս խնդիրը, ապա այն կշարադրեմ իմ փորձից ելնելով: Ատենախոսությանս ղեկավարը Սարանսկ քաղաքից էր ու ես հաճախակի է զանգահարում նրան թեկնածուական թեզի պատրաստման հարցերով
Զանգում էի 07 հեռախոսահամարին:

-Բարև ձեզ, խնդրում եմ միջքաղաքային հեռախոսակցության պատվեր ընդունել:
-Բարև, ասե’ք ձեր հեռախոսահամարը:
-88-88-88:
-Պատվերը ընդունված է, մեկ ժամի ընթացքում միացումը կլինի:
Մեկ ժամ հետո` զանգահարում էի 07-ին:
-Բարև ձեզ, հեռախոսախոսակցություն էի պատվիրել ինչու՞ չեք կատարում…
-Զանգեք 06-ին, պատվերը նրանք են կատարում, մենք միայն ընդունում ենք:
Զանգում եմ 06-ին:
-Բարև ձեզ, հեռախոսախոսակցություն էի պատվիրել ինչու՞ չեք կատարում…
-Երբ ե՞ք պատվիրել, ասեք հեռախոսի համարը, սպասեք, կստուգենք, կպատասխանենք:

Ասում եմ հեռախոսահմարը:
Չեն զանգահարում, չեն պատասխանում, որոշ ժամանակ անց ես եմ կրկին զանգահարում 06-ին:
-Բարև ձեզ, ընկերուհի, ասացիք, կպարզենք, կզանգահարենք, ինչու՞ չեք կատարում պատվերը:
-Միջքաղաքային հեռախոսը չի միանում, հիմա արդեն ուշ է, վաղը առավոտյան ժամը 8-ից հետո զանգեք, պատվիրեք, հիմա որ պատվիրեք, առավոտյան հերթափոխին կարող է պատվերը կորչել:
Հաջորդ օըը, առավոտյան` զանգահարում եմ 07-ին:
-Բարև ձեզ, նորից պատվեր ընդունեք…
-Բարև, ասե’ք Երևանի համարը:

Ասում եմ հեռախոսահամարը:
-Պատվերն ընդունված է, մեկ ժամվա ընթացքում միացումը կլինի:
Երկու ժամ հետո զնգահարում եմ 06-ին, որ չասեն, թե շուտ ես զանգահարել:
-Ընկերուհի’, Սարանսկ էի պատվիրել, արդեն երկու ժամ է` սպասում եմ պատվերի կատարմանը:
-Սպասե’ք, կստուգենք, կպատասխանենք:
Սպասում եմ երկու ժամ, չեն զանգահարում, չեն պատասխանում, կրկին զանգահարում եմ 06-ին:
-Ընկերուհի’, ես…
-Նորից պատվեր տվեք, ձեր պատվիրած համարը չի միանում:
Զանգում եմ 07-ին:
-Բարև ձեզ, ընկերուհի, պատվերը կրկնեք..
-Ասեք հեռախոսահամարը:
-88-88-88:

-Պատվերն ընդունված է, մեկ ժամի ընթացքում միացումը կլինի:
Մեկ ժամ հետո զանգահարում եմ 06-ին:
-Ընկերուհի, ի՞նչ եղավ պատվերը:
-Աբոնենտը չի ներկայացել, նորից պատվիրեք:
Զանգում եմ 07-ին:
-Նորից պատվեր ընդունեք:
-Ասեք հեռախոսահամարը:
-88-88-88:
-Պատվերն ընդունված է: Մեկ ժամի ընթացքում պատվերը կլինի:
Մեկ ժամ հետո զանգում եմ 06-ին:
-Բարև ձեզ, ընկերուհի պատվեր էի տվել:
-Աբոնենտը չի պատասխանում, ես ին՞չ անեմ:
Հաջորդ առավոտյան էլ պատվերը չկատարվեց…
Մի քանի օր անց հեռախոսը հանկարծ անջատվում է:
Զանգում եմ 63-12-12 հեռախոսահամարին:

-Բարև ձեզ, ընկերուհի, մեր հեռախոսը չի աշխատում:
-Բարև, սպասեք, նայեմ, կպատասխանեմ, «օտբո» չտաք (պիտի ասեր չանջատեք):
Նայում է…պատասխանում է…
-Միջքաղաքային հեռախոսակցության վարձը չեք վճարել, պարտք եք, որի համար էլ անջատել են:
-Բայց իմ պատվերը չեն կատարել, փոստում իմ հաշվին պարտք չկա գրված, աբոնենտավճարը ժամանակին մուծել եմ:
-Իսկ մեզ մոտ ձեր անվան դիմաց պարտք է գրված:
-Ես ի՞նչ անեմ:

-Բա ես ի՞նչ անեմ, գնացե’ք, պարտքը վճարե’ք, անդորրագիրը բերե’ք, կմիացնենք:
Ստիպված գնում եմ փոստ, վճարում իմ չունեցած պարտքը, անդորագիրը տանում սպասարկման բաժին:
-Երկու ռուբլի էլ պիտի «շտրաֆ» մուծեք (պիտի ասեր` տուգանք), նոր կմիացնենք,-ասում է սպասարկող աշխատակցուհին:
Նորից գնում եմ փոստային բաժանմունք, տուգանքը մուծում և ետ եմ վերադառնում:
-Երկու ռուբլի տուգանքը մուծեցի, դե’, հեռախոսը միացրեք:
-Հիմա կմիացնենք, աշխատակցուհին վերցնում է հռախոսի ընկալուչը, ալլո’, 88-88-88-ի պարտքը մուծված է, հեռախոսը միացրե’ք:
-Իսկ հիմա ասեք` ու՞մ դիմեմ այս սխալի համար, ես ոչ մի քաղաքի հետ էլ չեմ խոսել, իմ պատվերները չեն կատարել:
-Զանգեք 63-15-15:
Զանգում եմ՝ 63-15-15:
-Ալլո’, բարև ձեզ, ես ոչ մեկի հետ էլ միջքաղաքայինով չեմ խոսել, պատվերներս չեն կատարվել, պարտք չունեմ:
-Բա՛րև, հիմա նայեմ, ասեմ:
Սպասում եմ:

-Նայեցի, այստեղ պարտք է գրված:
-Իսկ, ո՞ր քաղաքի հետ եմ խոսել, եթե գաղտնիք չէ:
-Եղվարդի:
-Եղվարդում ոչ մի բարեկամ կամ ծանոթ չունեմ:
-Իմ գործը չէ, այստեղ գրված է՝ Եղ-վարդ,-հեգելով պատասխանում է աշխատակցուհին:
-Բայց ես չեմ խոսել, ու՞մ դիմեմ` ճշմարտությունը պարզելու համար:
-Ձեր հարևանին, այսինքն՝ բլակիրատորին դիմեք, երևի նա է խոսել:
-Ես ի՞նչ գործ ունեմ իմ հարևանի բլոկիրատորի հետ:
-Վա¯յ, ա’յ մարդ, քո հարևանի հետ չե՞ս շփվում, չգիտե՞ս, թե որտեղացի է նա, ու՞մ հետ է հեռախոսով խոսում:
-Ոչ…
-Բա, ամոթ չի՞…
-Երևի ամոթ է, բայց չգիտեմ:
-Դե, գնա’, ծանոթացի’ր հարևանիդ հետ, համ էլ հարց ու փորձ կանես, էս ի՜նչ մարդիկ են, տո, 20 տարի հարևանություն են անում ու չգիտեն, թե որը՝ որտեղացի է:
Գնում եմ հարևանիս տուն:​
-Բարև, հարևա’ն, ամոթ էլ է, որ հարցնում եմ, որտեղացի՞ ես:
-Ի՞նչ կա, խեր լինի, ինչու՞ ես հարցնում:
-Դե՛հ, այնպես, քանի տարի է` հարևաններ ենք, չգիտենք, թե որս՝ որտեղացի է:
-Զանգեզուրցի եմ, բա, դու որտեղացի ե՞ս:
-Աբովյանից…, իսկ դու, պատահաբար, Եղվարդի կողմերում բարեկամ, ծանոթ չունե՞ս, ասում են լավ բոթասներ են այնտեղ արտադրում, գնանք մի զույգ վերցնենք:
-Չէ՛, ջանըմ, Եղվարդը ու՜ր, ես` ու՜ր:
-Հեռախոսի համար կամ հասցե չգիտե՞ս:
-Չէ՛…
-Դե, լավ, ես գնացի, հաջողություն:
-Բարի ճանապարհ…
Հասկացա՛ք, չէ՞, որ հարևանս էլ Եղվարդում ծանոթ կամ բարեկամ չուներ, բա ո՞վ կարող էր խոսել Եղվարդի հետ, այն էլ մեր տան քաղաքային հեռախոսով…
Իսկ դուք ասում եք՝ ի՜նչ լավ էր խորհրդային ժամանակներում:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Armen says:

    Հարգելի Գալուստյան, ես Ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, սովետական միությունը ինչ մեղք ուներ, երբ այդ մարդիկ անբարեխիղճ էին, ինչ է կարծում եք, հիմա համակարգը փոխվել է ու Դուք դրախտում եք հայտնվել :

  2. Սամվել says:

    Հարգելի Արմեն, նախ, ոչ թե Գալուստյան, այլ Գալստյան, հարգանք ունեցեք մարդու ազգանվան հանդեպ և նաև դա չի նշանակում, որ մենք ապրում ենք դրախտում, այլ ընկերը ցույց է տվել, թե ինչպիսի առաջընթաց է ապրել տեխնիկան քսանմեկերրորդ դարում, համեմատած քսաաներրորդ դարի վերջերին: Դուք այստեղ քաղաքականություն մի փնտրեք, այլ դիտարկեք միայն տեխնիկական առաջընթացի տեսանկյունից:

    • Armen says:

      Հարգելի Սամվել, դուք էլ ինձ չհասկացաք, իհարկե ես հարգում եմ հայերին, հատկապես մեծահասակներին ու կրթված ներին , բայց նեղվում եմ , երբ նույնիսկ գրողները, ինտելեկտի տեր անհատները նույն սխալներն են թույլ տալիս ինչպես մյուսները, այսինքն կոնկրետ ասեմ, փոխանակ իրանց սխալները փնտրեն ու ուղղեն, միշտ մտածում են, մյուսներն են սխալ ու այդ սխալ մոտեցման պատճառով, համակարգեր են փոխում , իրենց հին աստվածներին վերացնում, կուլտուրան ու կուլտուրայի օբյեկտները ոչնչացնելով մտածում են, որ արդեն մեծ բարձունքների են հասել, այդ նույն սխալ մտածելակերպի շնորհիվ խորհրդաին միության ժամանակների խոշորագույն ձեռքբերումները կարճ ժամանակում փոշիացրին ու արժեզրկեցին….

  3. araqel says:

    Շնորհակալություն: Շատ լավ հիշացում էր :
    Ու հլա բավականին քիչ էք գրել: Բա որ շրջսովետ կամ քաղսովետ ընկներին, քանի ամիս պետք է սպասեիր որ քեզ մի բառ ասեին:

    • Armen says:

      Սիրելի Առաքել, Ձեր նշած մարդիկ այսօր էլ են նույն դիրքում ու նաև իշխանությունում : Այսինքն հիմա դրանք լայն հնարավորություններ ունեն քան այն ժամանակ:

  4. Սիմակ Գալստյան says:

    Շնորհակալություն պատմվածքի նկատմամբ այդպիսի ուշադրության համար:
    Ցավը նրանում է, որ շատերը ապրած չլինելով խորհրդային շրջանում կամ ավելի տաքուկ անկյուններում լինելով, անընդհատ գովաբանում են այն հասարակարգը, բայց այն բոլոր վատ սովորությունները, որ հիմա գոյություն ունի նաև այն հասարակարգի մնացուկներն ենեն, որոնց դեմ պայքարը դեռ երկար պիտի շարունակվի: Հարգանքներով՝ հեղինակ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728