Այսօր՝ մինչ երեկո, Հայաստանում առաջին անգամ շարժական գրախանութը՝ «ԳրաԲուսը», կշրջի Երեւանի տարբեր համայնքներում, որտեղ առաջարկվող գրքերը կվաճառվեն 30 տոկոս զեղչով:
Շարժական գրախանութի մեկնարկը տվեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ վաճառելով 10-ից ավել գիրք: Նա, որոշ գնորդների նաեւ նվիրեց մշակույթի նախարարության միջոցներով հրատարակված գրքեր. «Հրաշալի նախաձեռնություն է եւ այն պետք է իր շարունակությունը ունենա»:
Արմեն Ամիրյանի «սեղանի գիրքը», նրա ասելով, հիմնականում Նարեկացու «Մատյան ողբերգությունն» է, իսկ ընդհանրապես նշեց. «Հիմա ժամանակ չկա պարբերաբար թերթելու, քանի որ փաստաթղթերը եւ հաշվապահական թղթերը այնքան շատ են, որ թերթել հասցնում ենք միայն դրանք»:
Կարդացեք նաև
Կարեւորելով գրքի դերը հատկապես երեխաների կյանքում` պարոն Ամիրյանը ասաց. «Ես արդեն նկատում եմ, որ տարբեր հեռուստառադիո հաղորդումներում, նաեւ դպրոցներում երեխաները սկսել են մի քիչ ավելի շատ գրքի մասին խոսել, գիրք գնել, նվիրել: Ես կարծում եմ, որ սա ոչ միայն մեր վարած քաղաքականությունն է, այլ ժամանակի փոփոխությունն է. մարդիկ վերջապես հասկանում են, որ այն ինչ վիրտուալ դաշտում է, իրական հիմքում, այդ դաշտի, ընկած է հենց գիրքը՝ իր հիմնարար խոսքով, որ տալիս է գրագիտություն, գիտելիք եւ մարդկային երեւակայություն»:
Մշակույթի նախարարը նշեց նաեւ հաջորդ շաբաթ տրվող բացառիկ ծրագրի մեկնարկի մասին: Այն վերաբերում է «գիրք տնակների» մասին, որի մանրամասն կներկայացվի հաջորդ շաբաթ:
Գիրք կարդալուն խթան հանդիսացող միջոցառումներ լինելու են ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում. «Այս տարի «Մշակութային կանգառ» ծրագրով նախատեսել ենք շուրջ 200 կինոցուցադրումներ Հայաստանի մարզերում: Դրանք, մի քիչ ավելի փոքր ավտոբուսով շարժական կինոթատրոնի այցելություններ են մարզեր, գյուղեր եւ այդ ավտոբուսների մեջ եւս լինելու են գրքեր, որոնք տրամադրվելու են կարդալու եւ վերադարձվելու համար, վաճառվելու են շատ էժան՝ զեղչված գներով»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ