Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թավշյա ընտրություններ

Փետրվար 19,2017 12:00

Ինչքան էլ կրկնվելուց զգուշանանք, միևնույն է, կրկին ու վերստին պիտի վերադառնանք ու անդրադառնանք Հայաստանի ԱԺ ընտրություններին, որովհետև ընտրությունների թեման ոչ միայն ընտրվել ցանկացողների համար է շատ կարևոր, այլև՝ ընտրողների համար, և ինչքան էլ լրատվամիջոցներից ու քաղաքագետներից շատերն անլուրջ որակեն անհատ պատգամավորացուների ու որոշ դաշինքների քաղաքական մոտեցումները, ի վերջո պարտավոր ենք լուրջ վերաբերվել ընտրությունների գործընթացին, որովհետև, ինչպիսին էլ լինեն ընտրվել ցանկացողները, առաջին հերթին ընտրողներիս վերաբերմունքից է կախված՝ թե ովքեր և ինչպիսին կլինեն ընտրվողները: Եվ ընտրվածներից էլ կախված կլինի՝ թե հետագայում ովքեր և ինչ ուղղությամբ կառաջնորդեն մեր ժողովրդին ու պետությունը:

Այնպես որ, ինչքան էլ կողքից նայենք ու կողքից նայողի դիրքը նախընտրենք, արդյունքը հիմնականում ընտրողներիցս է կախված լինելու: Կասեք, իհարկե, որ, ինչպես միշտ, ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են լինելու, որոնք խանգարելու են ազատ ու արդար ընտրությանը: Այդուհանդերձ, վերստին մեզնից է կախված, թե ինչ չափերի կհասնեն ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները: Ի վերջո, ընտրակեղծիք անողներն ու ընտրակաշառք բաժանողներն էլ ենք մենք. օտար երկրներից չեն ժամանում ու էդ գործերն անում: Օտար երկրներից լավագույն դեպքում դիտորդներ են ժամանում, որոնք ընտրակեղծիքների դեմ կամ աչք են փակում, կամ, ընդհակառակը, չեն փակում: Դա էլ է հիմնականում մեզնից կախված լինում:

Ինչքան էլ անարժան ու քաղաքականապես ցածրորակ լինեն պատգամավորի մեր թեկնածուները, նրանք այնքան շատ են, որ նրանցից հեշտուհանգիստ կարելի է ընտրել և մանդատի տեր դարձնել շուրջ 100 այնպիսի հավակնորդների, որոնք բոլոր առումներով բավարարեն պատգամավորի մակարդակը: Այսինքն, դարձյալ մեզնից է կախված, և եթե հենց այդ 100 արժանավորները տեղ չգտնեն գալիք Ազգային ժողովում, մեղքը մեզնից դուրս չփնտրենք:

Բայց ո՞ր 100 արժանավորների մասին է խոսքը, կհարցնեք դուք: Ինչպե՞ս ընտրենք այդ 100 արժանավորներին: Հարցն էլ հենց այդ է: 100  են, թե մի քիչ ավելի կամ պակաս, ընտրություններից հետո կերևա: Բայց որ նրանք կան, գոյություն ունեն, դա հաստատ է՝ դրանում կասկած չունեմ: Այդուհանդերձ, ձեզ պես ես էլ եմ կասկածում, որ, հնարավոր է, այդ 100-ը չհայտնվեն մեր Ազգային ժողովում: Որովհետև մենք սովորաբար շատախոսներին ենք ընտրում: Իսկ շատախոսները, ինչպես գիտեք, ամենախելոքները չեն: Մենք սովորաբար պոռոտախոսներին ենք ընտրում, բայց պոռոտախոսների հետ էլ լուրջ հույսեր կապել չի կարելի, որովհետև, իմ համեստ կարծիքով, պոռոտախոսներն էլ սովորաբար մեծ խելքի տեր չեն լինում: Իսկ մեզ հարկավոր են խելոք ու բանիմաց պատգամավորներ. մանավանդ ապրիլից հետո՝ պառլամենտական պետության պայմաններում:

Իսկ ինչպե՞ս գտնենք և ընտրենք խելոքներին ու խելացիներին, մանավանդ՝ եթե նրանք քիչ են խոսում: Եթե շատախոսներին ու պոռոտախոսներին ձայն չտանք, դա արդեն լուրջ քայլ կլինի: Որովհետև շատախոսներն ու պոռոտախոսները շատ ու մեծ-մեծ են խոսում, բայց որևէ լուրջ բան չեն ասում: Լավագույն դեպքում ասում են, որ իրենք ընդդիմադիր են, իսկ իրենց մրցակիցները՝ չէ: Նաև ասում են, որ իրենք իշխանափոխություն են անելու, իսկ իրենց մրցակիցները՝ չէ: Սրանց ասածներին շատ մեծ ցանկության դեպքում կարելի էր, իհարկե, հավատալ, բայց ինչպե՞ս հավատաս, երբ սրանց մրցակիցներն էլ սրանց մասին են նույնն ասում:

Հավատալն ավելի է դժվարանում, երբ հիշում ես, որ ընտրվողներն ընտրվելիս ուրիշ բան են ասում, ընտրվելուց հետո՝ բոլորովին այլ: Միշտ այդպես է եղել: Այս անգամ էլ թերևս բացառություն չի լինի, մանավանդ որ՝ Ազգային ժողովի պատգամավորի վարքականոնի հետ կապված՝ կանոնակարգ է փոխվել: Համաձայն նոր կանոնակարգի՝ նորընտիր պատգամավորը ոչ միայն կարող է իր նախընտրական խոստումներից հետ կանգնել, այլև կարող է հակադրվել իրեն պատգամավոր դարձրած դաշինքին ու այդ դաշինքի իր դաշնակիցներին: Այնպես որ, ոչ ոք չի կարող նրա ձեռքից մանդատը խլել: Սա նշանակում է, որ մեր այժմյան ընդդիմադիրներից որոշներն ընտրվելուն պես՝ անմիջապես կարող են դառնալ իշխանամետ: Բայց հակառակն էլ է հնարավոր: Հնարավոր է, որ հենց ԱԺ-ում նեղացողներ ու ՀՀԿ-ն լքողներ լինեն: Դա արդեն հետաքրքիր կլինի:

Փաստորեն, չկարողացա ասել, թե՝ ում ընտրեք: Եթե անկեղծ ասեմ, ինքս էլ չգիտեմ: Ճիշտն ասած, քչախոսությունն ու համեստությունն էլ չափանիշներ չեն, մանավանդ որ՝ համեստությունը կարող է նաև կեղծ լինել: Իսկապես դժվար է այսքան ձայների ու աղմուկի մեջ կողմնորոշվել: Ձայներից ամենաանկեղծն, այնուամենայնիվ, ձեր ներքին ձայնն է: Հետևեք ձեր ներքին ձայնին: Միակն է, որ երբեմն չի խաբում:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728