«Շատ հիանալի կլիներ, եթե Լոնդոնում էլ լիներ հայկական ֆիլմերի ամենամյա փառատոն»,- այսպես ասաց Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը «Առավոտի» հետ զրույցում:
Փետրվարի 18-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն ու բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնը տևելու է յոթ օր՝ փետրվարի 18-ից 24-ը: Յուրաքանչյուր օր ցուցադրվելու է մեկ ֆիլմ, ժամը 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին: Առաջին ցուցադրված ֆիլմը Քեն Լոուչի «Ես՝ Դենիել Բլեյքս» ֆիլմն էր, որի ռեժիսորն այս գործի համար երկրորդ անգամ ստացել է «Կաննի» կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը:
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին, թե որ արդյոք ինքը՝ Ջուդիթ Ֆարնուորթը տեսել է ներկայացվող ֆիլմերը, դեսպանը պատասխանեց. «Ֆիլմերից և ոչ մեկը չեմ տեսել, ու բոլոր ֆիլմերին էլ մեծ ոգևորվածությամբ եմ սպասում»:
Այս տարվա ֆիլմացանկը կոչված է վեր հանելու մարդկանց իրավունքները և այդ մասին խոսելով՝ Մեծ Բրիտանիայի դեսպանն ասաց, որ Բրիտանիան մեծ կարևորություն է տալիս մարդկանց իրավունքներին: Նրա խոսքով՝ դրանք ամենակարևոր բաներից մեկն են մարդկանց համար:
Ջուդիթ Ֆարնուորթը կարևորեց նաև բրիտանական ու հայկական մշակույթի հարաբերություններն ու նշեց, որ այսպիսի փառատոններն են հենց, որ տարբեր երկրների մարդկանց արվեստը ներկայացնում են այլ հանրությունների:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ