«Եթե պետք է օրերով ցավակցենք ու հիշենք, ուրեմն մի երկու հազար տարի պետք է հետ գնանք: Տենց օր չի եղել, որ հայ չեն մորթել, այսօր էլ օր չկա, որ հայ չեն սպանում»,-ԵԿՄ համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու շուրջ քննադատություններին, ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
«Ապրիլի մեկից է գործողությունը սկսվել, ոչ թե երկուսից: Տատիկին եւ պապիկին մորթել են Թալիշում ու սկսել մտնել պոստերը… ամսի 6-9-ը ավելի շատ զոհեր ենք տվել, քան 1-ին եւ 2-ին»,-հստակեցրեց Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունների օրվա շուրջ քննադատությունն իր համար վիրավորական է. «Ապրիլի 4-ից հետո ավելի ծանր կռիվ է եղել, մերոնք խփել են, դիրքերը հետ են վերցրել…տանկ, ուղղաթիռ…»:
Ընտրությունների օրվա հետ կապված խոսակցությունները Մանվել Գրիգորյանը «պարապ մարդու գործ է» որակում եւ իրավիճակը հետեւյալ համեմատությամբ նկարագրում. «Մեկն ուզում է հարսին մի բան ասի, ասում է՝ ավելը չի իրար տալիս, այլ քամակը»: Նույն կերպ, ըստ Մանվել Գրիգորյանի, ընդդիմախոսները փորձում են ասել, թե «իշխանությունն ավելն իրար տալու փոխարեն՝ քամակն է իրար տալիս…»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ