Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական ձերբակալություն է. Արմեն Մարտիրոսյան

Փետրվար 18,2017 18:59

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց ի պաշտպանություն «Սասնա ծռերին» «հաց տարած» Արթուր Սարգսյանի բողոքի երթը: Հիշեցնենք, որ նրան շաբաթներ առաջ կրկին կալանավորել էին:

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել նրան:

«Ազատությո՛ւն, Արթուր Սարգսյանին», «ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով մեկնարկած երթը ընթանում է Մաշտոցի պողոտայով, ցուցարարները գնում են դեպի «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Հավաքի մասնակիցներից էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից:

«Մեր դաշինքը նրա համար է, որ ոչ թե փորձենք մեր բողոքն արտահայտել, այլ բոլոր քաղբանտարկյալներին ազատել: Արթուր Սարգսյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, այլ ինձ համար բարոյականության ու խղճի բանտարկյալ է: Նա ոչ մի քաղաքական հայացք չի արտահայտել, որեւէ քաղաքական քայլ չի կատարել, ինքը բարոյական ու խղճի քայլ է կատարել, սոված մարդկանց հաց է հասցրել»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ իր այս տեսակետը կիսում են նաեւ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ թե ինչու ներկա չեն այսօրվա երթին հարցին, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քարոզարշավ է սկսվում, հազար տեսակի հարց կա»:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալմանը՝ պարոն Մարտիրոսյանը շարունակեց. «Քաղաքական ձերբակալություն է, որեւէ բառ չեմ  փոխանակել պարոն Օսկանյանի հետ… Հաշվի առնելով այն հանգամանքները, որ իշխանությունները հիմնավորված վախ ունեն հենց այս դաշինքից՝ դրա համար նման լայնածավալ գրոհ են իրականացնում այս դաշինքի նկատմամբ: Պատահական չէ, որ այս դաշինքին միացան բոլոր ազատամարտիկները, որոնք ընդդիմադիր դաշտում են գործում՝ ազատամարտիկների դաշինքը, գոյամարտ, Տիգրան Մեծ: Այն մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են ազատ, անկախ Հայաստան ունենալու համար, սոցիալական արդարությամբ զարգացող Հայաստան ունենալու համար, բայց այսօր այս վիճակում են գտնվում՝ մի մասը քաղբանտարկյալ են, մյուս մասը այլ հարցերով են բանտերում»:

Հարցին, թե եթե վաղը Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տա ու որոշի դաշինք կազմել, կմիանա՞ք, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց.«Ոչ, ոչ, ոչ: Որեւէ անձի հետ որեւիցե դաշինք չի լինի, դա վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Ռոբերտ Քոչարյանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728