Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Մյունխենում

Փետրվար 18,2017 13:31

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-ին մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։

Մասնավորապես՝ «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։ Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ համագործակցությունն այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին տեղեկատվական անվտանգությունն է, դրական արդյունքներ կտա՝ հաշվի առնելով նաև ՏՏ ոլորտում Հայաստանում առկա մասնագիտական մեծ ներուժը, ինչպես նաև «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հսկայական փորձը։

Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում հայ-լիտվական համագործակցության հեռանկարները։ Հանդիպման մասնակիցները նշել են, որ հարաբերությունների խորացման մեծ ռեսուրս կա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն ձևաչափերում։

Քիչ ուշ կայացել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մաչիերևիչի հետ։ Ընդգծելով երկու պետությունների և ժողովուրդների ջերմ վերաբերմունքը միմյանց հանդեպ, Հայաստանի և Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ պաշտպանական ոլորտում հարաբերությունների խորացման համար առկա է մեծ ռեսուրս։ Վիգեն Սարգսյանն ու Անտոնի Մաչիերևիչը քննարկել են ժամանակակից գլոբալ մարտահրավերները, շեշտելով, որ դրանց արդյունավետ դիմակայելու համար ջանքերի համադրում է անհրաժեշտ։ Որպես համագործակցության լավագույն օրինակ նշվել է հայ-լեհական փոխգործակցությունը տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններում։

Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն ընդգծել են, որ չնայած Հայաստանն ու Չեխիան տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում են գտնվում, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ փոխգործակցության խորացման համար, առավել ևս, որ ողջ աշխարհին սպառնացող ժամանակակից մարտահրավերները պարտադրում են ակտիվ համագործակցություն ծավալել պաշտպանական ոլորտում։

Փետրվարի 17- ին Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարաֆի հետ։ Հատուկ ընդգծելով Լիբանանի հայ համայնքի մեծ դերը երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում, Յաքուբ Սարաֆը նշել է, որ դա կարևոր գործոն է հայ-լիբանանյան հարաբերությունները բոլոր, այդ թվում նաև պաշտպանական ոլորտում զարգացնելու համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանում ընթացող զարգացումներն իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում, որը չեզոքացնելու համար պետությունների սերտ համագործակցություն է անհրաժեշտ։ Վիգեն Սարգսյանն ու Յաքուբ Սարաֆը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ջանքերը պաշտպանական ոլորտում հայ-լիբանանյան համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728