Վաղը՝ փետրվարի 19-ին, գիրք նվիրելու օրվա առիթով, հայտնի դեմքեր քաղաքի տարբեր հատվածներում կմասնակցեն գիրք վաճառելու նախաձեռնությանը:
«Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներն ավելի մասշտաբային կլինեն: Չկա փոքր ու մեծ գրախանութ, որ տրամադրված չէ այդ տոնին: Զարդը կլինի շարժական գրախանութը, որն առաջին անգամ է գործելու: Տասներկուսին Ազատության հրապարակից կմեկնարկի ու կլինի տարբեր վարչական շրջաններում, գրքերն էլ կվաճառվեն զգալի զեղչերով: Կա նաեւ հանրային դեմքերի մասնակցություն, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նույնպես հայտարարել է, որ կմասնակցի»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Ըստ նրա՝ «Նախորդ տարիների համեմատ տեսնում ենք, որ տոնը իրադարձության է վերածվում, սոսկ օրացույցային նշում չէ: Որպես տոնը մասսայականացնելու նախաձեռնողներ՝ ուրախ ենք, որ գրքասերների ու գրախանութների նախաձեռնություններն այս տարի շատ են, շատ մարդիկ ու կազմակերպություններ են վարակվում, կա նաեւ պետության գործուն մասնակցությունը: Տարվա ընթացքում գիրք նվիրելը դարձավ մի տեսակ մոդա, այլ առիթներով եւս սկսեցին իրար գիրք նվիրել»:
«Սա արվում է, որ նսեմացված մասնագիտություն կա՝ կոչվում է գրավաճառ, բարձրացնենք իր տեղն ու դերը»,- ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով facebook-ում գրքեր լայքելու եղանակով շահումներին՝ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ վերջին տարիներին գրքեր սկսել են շահել նրանք, որոնք, իսկապես, դրա կարիքն ունեն, ու շատերը, որոնք ամաչում էին գիրքը տարածել facebook-ի իրենց էջում ու լաքեր խնդրել, որ շահեն, հասկացել են, որ դա տոնի խորհուրդ ունի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ