Լրահոս
Օրվա լրահոսը

20 տոննա մարդասիրական օգնություն` Սիրիային

Փետրվար 18,2017 12:23

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 17-ին ՀՀ անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքվեց սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:

Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Նախագահի աշխատակազմի ջանքերով: Աջակցության նպատակն է ստեղծված իրավիճակում բարձրացնել հայկական համայնքի և Սիրիայի ժողովրդի դիմակայունությունը:

Մարդասիրական օգնությունը (շուրջ 20 տոննա սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր) Սիրիա տեղափոխվեց ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: «Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը:

Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարելու անմիջապես Սիրիայի Լաթակիա քաղաք, այնուհետև, օգնության մի մասը` նախորդ խմբաքանակի որոշ մասի հետ միասին, կտեղափոխվի Սիրիայի երկրորդ քաղաք` Հալեպ:

– Մոտ 20 տոննա բեռ է, որը պարունակում է հագուստ, սննդամթերք և բժշկական պարագաներ: Բեռը տեղափոխվում է Լաթակիայի ռուսական ավիաբազա, որտեղից էլ ռուսական զինվորական պահակախմբի ուղեկցությամբ կտեղափոխվի Հալեպ, – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Դ. Տոնոյանը:

Նախարարը հավելեց նաև, որ տեղափոխվող իրերի պահանջարկը ձևավորվում է տեղի բնակիչների համապատասխան կարիքներից:

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր կարիքավորներին: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով դեռևս փետրվարի 14-ին Սիրիա էին մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանից նույն ինքնաթիռով Սիրիա էր տեղփոխվել այս տարվա առաջին մարդասիրական օգնությունը:

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728