Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եկող ձկան առավոտը

Փետրվար 18,2017 15:30
merujan Ter-Gulanyan

Սերն անխուսափելի է, ինչպես մահը, երեւանյան վերահաս ցրտի միջով քայլելով՝ մտածում էի ես:

Այո, ինչպես մահը, որը վերջակետ է դնում բոլոր հարցականներին եւ ամեն ինչ դարձնում հասկանալի: Եվ եթե Սերը Է, ապա պիտի որ ինքն էլ ազատագրի մեզ բոլոր ինչուներից…
Եվ քանի որ համոզված եմ, որ սերը Է, կա ու շնչում է մեր մեջ ու մեր միջեւ, մտածում եմ՝ նոր սկսվող այս գարունը մեզ համար սպասվելիք ընտրություններին հասնելու փորձության հերթական քննությունն է, որ մենք պետք է հանձնենք ազգովի, ուզում եմ տեսնել միայն սիրո պատկերով, այսինքն թե` հանուն եւ ոչ ընդդեմ, այսինքն թե.
Չհավաքենք պատեհապաշտ ծառաներ, որ երբ իրենց տերը թուլանում է, դավաճանում են, իսկ երբ արդեն տեր չեն ունենում, սկսում են դավաճանել իրենք իրենց` իրենց չունեցած հավատամքն ու սկզբունքը:

Եվ չլինի այնպես, որ դրամով գնենք մարդկանց, որոնք մեր դրամն առնելով՝ մեզ վաճառեն ուրիշին:

Չլինի այնպես, որ հանկարծ իրար հետ կնքենք հավատարմության անհավատարիմ դաշինք` չհիշելով նպատակը, որն է` ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր ասում. մոռանալ մեծ աշխարհի մեր անկյունը, այսինքն թե` մեր պետությունն ու պետականությունը, որն իր շուրջը սկսել է հավաքել հայրենիքն համայն հայոց:

Սերն, այո, անխուսափելի է, ինչպես հեռավոր սարերից իջնող անճանաչելի աղբյուրների զուլալ ջրերը, ուր միշտ ապրում է եւ իր հայտնությամբ ամեն անգամ մեզ զարմացնում մի տարեկան ուրախ ձուկը:

Երեւանյան ցրտի միջով քայլելով` ես տեսնում էի մեր եւ մեր երկրի զուլալ ջրերում խայտող, մեզ իր շուրջը հավաքող ջահել ձկանը:

Եվ չնայած ես ցրտից վիրավորվում եմ, այդ պատկերն ինձ, սակայն, տաքացնում էր եւ հուշում, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ մենք մեր հոգեւոր սահմանադրությանը տեր ենք կանգնելու եւ գալիք ընտրություններում պարտվողը չի տրտնջալու, այլ շնորհավորելու է հաղթողին` գոչելով. Աստված պահի Հայաստանը:

ՄԵՐՈՒԺԱՆ
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

17,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728