Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկն ուզում է հյուրանոցի բիզնեսն ընդլայնել, մյուսը՝ գազին այլընտրանք էժան վառելիք արտադրել

Փետրվար 18,2017 14:30

Ինչ են առաջարկում Կոտայքի մարզի ներդրողները

«ԱԲԷՍ Լեդերս» ընկերությունը պատրաստվում է 150 աշխատատեղ բացել Բյուրեղավանում` կաշվի եւ կաշվե իրերի արտադրություն հիմնելով: Այս ընկերության ներդրումներն ուղղվելու են տեղական գյուղատնտեսական հումքը՝ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների մորթիներ, վերամշակելուն:

Ընկերության հայտից տեղեկանում ենք, որ պատրաստվում է ներդնել 873 միլիոն դրամ, եւ որ իտալական «Լեկսուս լեզերս Բյանկետի Քրիստիանո» ընկերության հետ ունի նախնական պայմանագիր: Իտալական կողմի ներդրումներն էլ կազմելու են 855 միլիոն դրամ: Սա տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացված ծրագրերից մեկն է: Սրանից բացի, Կոտայքի մարզից կա եւս 10 ներդրումային ծրագիր, որոնք հերթով անցել են գերատեսչություններով, եւ դրանց վերջնական տեսքին կծանոթանա տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որն էլ կներկայացնի վարչապետի «դատին»: Թե դրանցից քանիսը իրականություն կդառնան՝ պարզ կլինի առաջիկայում: Նշենք, որ կառավարությունում արդեն քննարկվել են Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի ու Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները` թվով 70 ներդրումային ծրագրեր, որոնցից հավանության են արժանացել մոտ 40 ծրագիր:
«Առավոտի» հարցին, թե ի՞նչ ծրագրեր են քննարկվելու, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տրամադրեցին Կոտայքի մարզի ներդրումային ծրագրերի ցանկը:

Կոտայքի գործարարները եւս խոստանում են հարյուրավոր աշխատատեղեր եւ միլիոնների ներդրումներ` ակնկալելով նաեւ պետության աջակցությունը:
Այսպես` Հրազդանի «Գրին Ֆարմեր» ջերմոցային տնտեսության ներդրումային ծրագիրը հավանության արժանանալու դեպքում կբացի 100-120 աշխատատեղ, քանի որ նախատեսում է ջերմոցային տնտեսությունում աճեցնել լոլիկ՝ տարեկան 1 քառակուսի մետրից ստանալով 50 կգ բերք:

Բջնիից մի ներդրող էլ որոշել է բիոզանգվածից վառելանյութի (պելետի) եւ համապատասխան վառարանների արտադրություն հիմնել` բնակելի տների, արտադրական եւ հանրային վայրերի տաքացման նպատակով, եւ նախատեսում է արտադրել պելետ` խոտից, ծղոտից եւ խոտալյուրից:

Գործարարը պելետը կարտադրի գազին եւ վառելափայտին այլընտրանք, քանի որ տեղական հումքով է ստացվում եւ ավելի էժան է:

Պելետի բիզնես սկսել ցանկացող գործարարը կառավարությանը հավաստիացրել է, որ ծրագրի իրականացման առաջին տարում 7 աշխատատեղ կբացի, 2-րդ տարում` 12:
Զովունիից ստացված ներդրումային ծրագրով գործարարը պետությանն առաջարկում է երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրություն` խոստանալով բացել մոտ 40 աշխատատեղ, որից 20-ը՝ արտադրությունում, 18-20 աշխատատեղն էլ մոնտաժային աշխատանքների իրականացման համար:

Ըստ զովունեցի գործարարի՝ երկաթբետոնե կոնստրուկցիաները, եզրային հենասյուները եւ այլ մետաղական կցամասերը կօգտագործվեն պտղատու այգիների կարկտապաշտպան համակարգերի կառուցման համար` երկաթբետոնե սյուների վրա ցանցի ամրացման միջոցով. «Նախատեսվում է ստեղծել այգիներում մոնտաժային աշխատանքները իրականացնող բրիգադա եւ համապատասխան մեքենա-մեխանիզմների ամբողջական կոմպլեկտ՝ տեղերում աշխատանքների իրականացման համար»,- կառավարությանը մանրամասնում է գործարարը:

Քանաքեռավանի գործարարից ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսվում է հիմնել մանուֆակտուրայի արտադրություն` 60-100 աշխատատեղով: Ծրագրից տեղեկանում ենք, որ իսպանական MACSON ընկերության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ Քանաքեռավան համայնքի տարածքում կազմակերպել նոր մանուֆակտուրայի արտադրություն, առկա արտադրական շենքում, որն ունի վերանորոգման կարիք: Գործարարը բանակցությունների դրական ելքի դեպքում խոստանում է, որ հիմնական ներդրումը ընկերությունը կվերցնի իր վրա։ Ի դեպ, MACSON ընկերությունը իր ապրանքի սպառումը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունում։ Ընկերությունը ՀՀ-ում կազմակերպելու է ծառայություն, հումքի ներկրում-ապրանքի արտահանում։

Սոլակ համայնքից ներկայացված ներդրումային ծրագրով էլ 25 հիմնական աշխատատեղ է խոստացվում: Նախատեսվում է ստեղծել կարի արտադրամաս` տարբեր տեսակի հագուստի արտադրության նպատակով:

Նոր ստեղծվելիք «ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ» կարի արտադրամասը նպատակ է դրել օգտագործել համայնքի աշխատուժը եւ ստեղծել նոր տեսակի արտադրանք:
Ստացված արտադրանքի մեծ մասը ընկերությունը նախատեսում է իրացնել ներքին շուկայում: Ըստ ծրագրի՝ արտադրանքը ներքին շուկայում կիրացվի հնարավորինս ցածր գնով:
Սոլակ համայնքից մեկ այլ ներդրող էլ կառավարությանն է ներկայացրել կաթի մթերման եւ վերամշակման ներդրումային ծրագիր, որն իրականություն դառնալու պարագայում կհիմնի 10 աշխատատեղ. «Համայնքում ներկա պահին առկա են 450 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ եւ 250 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ: Արոտավայրերը գտնվում են բավականին բարենպաստ բնակլիմայական գոտում, դաշտամիջյան ճանապարհները բարեկարգ են: Որակյալ աշխատուժի եւ անհրաժեշտ մասնագետների խնդիր ընկերությունը չունի՝ Սոլակ համայնքում եւ հարակից համայնքներում առկա են: Անհրաժեշտ ներդրումների դեպքում ընկերությունը հնարավորություն ունի առաջին իսկ տարում ծավալել արտադրություն: Հրազդանի տարածաշրջանում կաթը շատ որակյալ է, այդ պատճառով մեծ պահանջարկ ունի տեղական շուկայում»,- իր ներդրումների անհրաժեշտությունն այսպես է հիմնավորում գործարարը: Ըստ գործարարի՝ ներգրաված միջոցները նախատեսվում են կաթի մթերման եւ վերամշակման արտադրամասի հիմնման առաջին տարվա ընթացիկ ծախսերի կատարման համար:

Հրազդանից ներկայացված ծրագրով «Արման Մելիքսեթյան» ՍՊԸ-ն նախատեսում է 1 ՄՎտ հզորությամբ արեւային կայանի կառուցում` 20 աշխատատեղով: Ըստ ընկերության ներդրումային ծրագրի՝ կառուցված արեւային կայանի արտադրած էլեկտրաէներգիան կվաճառվի Հայաստանի էլեկտրական ցանցերին համապատասխան սակագնով 20 տարի շարունակ՝ համաձայն ՀԷՑ-ի եւ տվյալ ընկերության միջեւ գոյություն ունեցող էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի:

Արզական համայնքից էլ հյուրանոցային համալիրն իր ներդրումային ծրագրով խոստանում է աշխատատեղերը 30-ից հասցնել 45-ի, եթե կառավարության աջակցությամբ 1.4 հա պետական սեփականության անտառային հողի նպատակային նշանակությունը փոխվի եւ սահմանված կարգով հանձնվի Ձուլակենտրոն ԲԲԸ-ին պատկանող հանգստյան տանը: Ըստ գործարարի՝ համապատասխան ներդրումների իրականացման դեպքում հանգստի գոտին կընդլայնվի, ծառայությունների քանակը կավելանա, որակն էլ կբարձրանա:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ի գիտություն ներդրումային ծրագրեր ներկայացնել ցանկացող գործարարների նաեւ հայտնեցին, որ պետական միջոցներով վարկային, բաժնեմասային ներդրման եւ լիզինգի տեսքով տրամադրված աջակցության չափը սկսվում է 30 միլիոն դրամից: Վարկային միջոցները չեն կարող ուղղվել շրջանառու միջոցների ձեռք բերմանը: Բացի այդ, ձեռնարկատիրության աջակցությանը միտված ենթակառուցվածքների բարեկարգման կամ ստեղծման տեսքով տրամադրվող աջակցությունը հնարավոր է, եթե մասնավոր ներդրումները գերազանցում են 100 միլիոն դրամը: Իսկ պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ներդրումները չեն կարող գերազանցել մասնավոր կամ այլ աղբյուրներից ներգրաված համախառն ներդրումների 35 տոկոսի սահմանը:
Ըստ նույն աղբյուրի՝ ներդրումային ծրագիր ներկայացնելու հայտի ձեւաչափը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքէջում:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

17,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728