Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին՝ փաստաբանի դեմ

Փետրվար 18,2017 14:00

Փաստաբանը միջնորդել էր
արգելանք դնել իր նախկին պաշտպանյալի մոր գույքի վրա

Փետրվարի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հայարփի Զարգարյանի նախագահությամբ, հրավիրվել էր Կարապետ Յափունջյանի հայցով նախնական դատական նիստ:
Պատասխանող կողմը ՀՀ փաստաբանների պալատն էր, որը ներկայացնում էր Գեւորգ Մկրտչյանը: Քաղաքացին խնդրում էր, որպեսզի դատարանը հնարավորություն տա իր քաղաքացիական գործը շարունակել ՀՀ վերաքննիչ դատարանում, քանի որ, ըստ նրա, իր նախկին ներկայացուցիչ-փաստաբանը՝ Հայկ Հովսեփյանը, առանց իրեն տեղյակ պահելու, հաշտություն է կնքել մի կողմի հետ, առաջին ատյանի դատարանի վճիռը չի բողոքարկել եւ այն մտել է օրինական ուժի մեջ: Հայցվորին մինչ օրս «հաշտություն կնքած» կողմը չի տվել նրանից վերցրած պարտքը՝ հազար դոլարին համարժեք գումարը: Հիվանդ թոշակառուն դատարանում իր շահերը ներկայացնում էր միայնակ:

Նա ասաց, որ փաստաբանի գործողությունների պատճառով 280 000 դրամի տոկոս է տվել ու դեռ տալիս է: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննել էր քաղաքացու բողոքը, եւ ասել, որ ժամկետներ են խախտվել, իսկ Կ. Յափունջյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության հետ կապված էլ, որով նա անվերջ զանգել է փաստաբանին, իսկ նա հեռախոսը չի պատասխանել, պալատը ներկայացրել էր իր որոշման հետ նաեւ փաստաբան Հայկ Հովսեփյանի լիազորագիրը, որն ավարտվել էր 11.06.2015թ.-ին: Փաստաբանը բացատրություն էր տվել, որ չի պատասխանել հեռախոսազանգերին, քանի որ իր լիազորագրի ժամկետն ավարտվել է: Ի դեպ, այն ընթեռնելի չէր, եւ ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչը պարտավորվեց հաջորդ նախնական դատական նիստին ներկայացնել: Կ.Յափունջյանն ասաց, թե իրեն ինչ տվել է փաստաբանը, նա ստորագրել է, եւ առաջին անգամ է բարձրաձայնվում լիազորագրի ժամկետի ավարտման մասին: Նա իր մոտ դատական գործը չուներ, եթե ընդունենք, որ փաստաբանը դադարեցրել էր իր լիազորությունները, ապա ինչու չէր հանձնվել գործը իր վստահորդին, որպեսզի կարողանա դիմել վերադաս ատյան:
Ըստ նրա, փաստաբանն իրեն ասել էր, թե չի բողոքելու, քանի որ «ջենտլմենական պայմանավորվածություն» է ձեռք բերել հակառակ կողմի հետ: Սակայն ո՞ւմ հաշվին, չէր ասել:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչն ասաց, թե խորհուրդը հանգել է այն եզրակացության, թե պետք է այն կարճվի «կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը հիմնավորված չլինելու հանգամանքով»:

Ապրիլի 26-ին կշարունակվի պալատի դեմ դատական գործընթացը:
Մեկ այլ վեճ էլ ընթանալու է 76-ամյա Սոֆիկ Կարապետյանի եւ «Կրոմվել Գրիգորյան» ՍՊ ընկերության ներկայացուցիչ-փաստաբանի միջեւ:

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանն անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով թոշակառու կնոջից 2.759 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Պահանջում է բռնագանձել նաեւ բանկային տոկոսները, ՀՀ դրամի հոնորարի հաշվարկով, մինչեւ գումարի փաստացի վճարման օրը: Փաստաբանը միջնորդել էր արգելանք դնել Ս. Կարապետյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչը դատարանը բավարարել է: Թոշակառուն թոշակից զրկվել է: Դատավոր Գայանե Մազմանյանը որոշել է դիմումն ընդունել վարույթ եւ նշանակել նախնական դատական նիստը ապրիլի 14-ին:
Ըստ փաստաբանի հայցի, թոշակառուն որդու քրեական գործով իր հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, պարտավորվելով, որ նախաքննության ընթացքում մեղադրյալի շահերը ներկայացնելու համար յուրաքանչյուր հերթական ամսվա 19-ին փաստաբանին վճարելու է հազար դոլարին համարժեք դրամ: Գումարը պետք է փոխանցվեր «Արարատբանկ» ԲԲ ընկերությունում առկա փաստաբանի բանկային հաշվեհամարին:

Սակայն, ըստ փաստաբանի, երբ պատասխանողը չի կարողացել վճարել, նա դիմել է քննչական մարմնին, որպեսզի այլեւս կատարվելիք քննչական գործողությունների մասին իրեն չծանուցվի:

«Տղայիս հարցով դիմեցի Կրոմվել Գրիգորյանին: Նա նախնական ինձնից պահանջեց երկու հարյուր հազար դրամ, ինչը վճարեցի: Ես այդ պահին լինելով ծայրահեղ լարված վիճակում, վատառողջ, մտածել եմ միայն որդուս մասին: Անգիտակցաբար ստորագրել եմ պայմանագիրը: Ես զգալով իմ վատ վիճակը, երկու օր հետո գնացել եմ փաստաբանի մոտ, հրաժարվել եմ պայմանագրից, պայմանագիրը դրել եմ իր սեղանին: Այդ օրվանից երեք օր հետո հայտնվել եմ հիվանդանոցում ինսուլտով, բուժվել եմ թիվ 3 հիվանդանոցում»,-«Առավոտին» ասում է Ս.Կարապետյանը: Լուսանկարում պատկերված է նրա բժշկական պատմությունը:

Ըստ պատասխանող կնոջ, փաստաբանը մեկ անգամ է հասցրել գնալ որդու մոտ մեկուսարան:

«Ամուսինս վաղուց մահացել է, իսկ միակ որդիս՝ չամուսնացած, երկար տարիներ բանտում է: Անգամ չունեմ որեւէ մեկը, որ ինձ խնամի, իմ ապրուստի միակ միջոցը իմ շատ ցածր թոշակն է, ինչը դեղեր գնելու համար հազիվ էր բավարարում»,-ասում է Ս.Կարապետյանը:

Բնակարանը, որտեղ ապրում է միայնակ կինը, ըստ նրա, ամուսնու մահվանից հետո գումար չունենալու պատճառով դեռեւս անվանափոխված չէ:
Նա խնդրում է վերացնել իր հետ կապված բոլոր որոշումները, որոնք կապված են գումարի ապօրինի պահանջի հետ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728