Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջություն չկա մեջը, մեզ ուրիշ բան է պետք

Փետրվար 18,2017 12:30

Այս կամ այն գիրքը ընտրելիս մարդիկ տարբեր սկզբունքներով են առաջնորդվում: Ոմանց համար կարեւոր է գրքի արտաքին ձեւավորումը, կամ՝ թե ինչ չափով է գովազդված, իսկ ավելի փորձված ընթերցողի համար կարեւոր է իր նախընտրած գրականությունը: Այս ամենով հանդերձ, գրողն ամեն տեսանկյունից պետք է կարողանա գրավել իր ընթերցողին եւ բավարարի նրա պահանջները: Այժմ փորձենք պարզել՝ արդյոք հայ ժամանակակից գրողները կարողանո՞ւմ են գոհացնել իրենց ընթերցողին: Եվ, ի վերջո, ի՞նչ է պահանջում ընթերցողը:

Հայ ժամանակակից գրականություն չկարդացողները կամ քիչ կարդացողները տալիս են իրենց հիմնավորումները, օրինակ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարինե Մելիքյանը, իրեն համարելով բավականին փորձված ընթերցող, նախընտրում է դասական գրականություն, իսկ ժամանակակից գրականություն քիչ կարդալը բացատրում է այսպես. «Ինչ-որ երեւույթ ժամանակակից գրողները նկարագրում են շատ էջերով՝ ծամծմելով եւ արժեզրկելով խոսքը»: Բայց պետք է նշել, որ այսօր գրախանութներում գրքեր սպառողները 18-30 տարեկաններն են: Իսկ նրանք ունեն իրենց ընտրության սկզբունքները:

Օրինակ՝ Շուշանիկ Ասատրյանը, ով սկսնակ գրող է, եւ ունի մի շարք գործեր տպագրված «Թիվի ալիք»-ի Շավիղ տիրույթում: Նա շատ է կարդում հայ ժամանակակիցներին, բայց չի հասկանում որոշ գրողների, որոնք ուղղակի «տպված գիրք» ունեն: Նա նշում է, որ այս տեսակի գրողներն աչքի են ընկնում թեթեւսոլիկ սենտիմենտալությամբ. «Լրջություն չկա մեջը, ես քեզ սիրում եմ, դու գնացիր, հասկացանք, դա մենք ամեն օր տեսնում ենք, մեզ ուրիշ բան է պետք»:

Իմաստային առումով, պահանջկոտներից բացի, կան նաեւ այնպիսի ընթերցողներ, որոնց համար կարեւոր է, որ նրանք կարդում են այնպիսի գիրք, որը հայտնի եւ ընթերցված է հասարակության լայն շրջանակների կողմից:

Օրինակ, Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը» կամ «Ձոն վարդին» գիրքը ամիսներ շարունակ վարկանիշային աղյուսակում՝ վաճառքի տեսանկյունից, գրավել է առաջին տեղը: Միայն «Բուկինիստ» գրախանութում վաճառվել է 600 օրինակ: Հեղինակը գրող չլինելով հանդերձ՝ կարողացել է ընթերցողին բավարարել: Լուսանկարիչը նաեւ նշեց, որ այսօր շատ գրողների բացթողումներից է գովազդը եւ դա է պատճառը, որ երբեմն դրանք մնում են չընթերցված. «Գրողները շատ լավ գրքեր կարող են հրատարակել, բայց դրանց մասին պետք է տեղեկություն հաղորդվի հասարակությանը: Նրանք տարբեր միջոցներ կարող են օգտագործել, այսօր շատ ակտուալ է Ֆեյսբուք հարթակը, որից շատ մարդիկ են օգտվում եւ սա գործը ընթերցողին հասցնելու բավականին հեշտ եղանակ է»:
Ըստ «Բուկինիստ» գրախանութի աշխատակցի՝ կան գրքեր, որոնք գովազդի կարիք անգամ չունեն. «Օրինակ, Մարկ Արենի «Վայրի վարդեր» գիրքը մեր խանութի առաջին հորիզոնականներից մեկն է գրավում, առանց գովազդի լավ վաճառք է ապահովում, չնայած պետք է ասեմ, որ ընթերցողը ավելի շատ արտասահմանյան գրականություն է նախընտրում»: Փորձեցինք հասկանալ՝ հնարավո՞ր է, արդյոք, որ սրա պատճառը գինը լինի եւ արդյո՞ք հայ եւ այլ ազգի գրականությունը ներկայացնող գրքերը գնային մեծ տարբերություններ ունեն: Աշխատակիցը պատասխանեց, որ շատ չնչին. «Եվ հետո, եթե նույնիսկ գիրքը 1000 դրամ լինի, երբ ընթերցողը շատ է ցանկանում, կգնի եւ կկարդա»:
Նախկինում Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակությունը տպագրվում էր 75000 տպաքանակով եւ դա դեռ մարդկանց չէր բավարարում: Իսկ այսօր տպագրվող ժամանակակիցների գրքերի տպաքանակը շատ դեպքերում չի անցնում 700-800 օրինակը, բայց սրանում միայն գրողին մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ: Այս առիթով «Գարուն» գրական ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը խորհուրդ է տալիս իր ընթերցողներին, եթե նրանք ուզում են գրականությունից շատ բան հասկանալ, նախ եւ առաջ պետք է կարդան իրենց կողքին եւ իրենց կենցաղով ապրող մարդկանց. «Շատերը կարդացել են Չարենցի մի երկու գործ, բայց ամենաբարդ գործերը, օրինակ՝ «Գիրք ճանապարհին», մնում է չընթերցված, այսինքն՝ ամեն ընտրություն պետք է գիտակցված լինի»:

Այս թեմայով այցելեցինք նաեւ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան, պարզելու՝ գումարային նախապայման չլինելու դեպքում, ինչպիսի՞ն է պատկերը: «Ավելի շատ նախընտրում են արտասահմանյան գրականություն եւ հիմնականում հայտնի գործեր, բայց կարդում են նաեւ հայ ժամանակակիցներին, օրինակ՝ Արամ Պաչյան, Լեւոն Խեչոյան, Հրաչյա Սարիբեկյան, Գուրգեն Խանջյան եւ այլն»,-նշեց ուսանողական բաժնի ավագ աշխատակիցը: Ի վերջո, երիտասարդությունը գրքեր կարդում է, իսկ փոքրիկ խնդիրները՝ գրող ընթերցող-կապով, անպայման կհարթվեն:

 

ՆԵԼԼԻ ԹԱՌՓՈՇՅԱՆ

«Առավոտ»

17,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728