Փետրվարի 17-ին Նոյեմբերյան քաղաքի մշակութային կենտրոնում տոնական մթնոլորտ էր: Նշվեց սահմանամերձ Ջուջեւան գյուղի բնակիչ, բանաստեղծ, նկարիչ, մանկավարժ, լրագրող Զավեն Պետրոսյանի ծննդյան 60-ամյակը եւ նրա 5-րդ՝ «Ճախրող ժայռահավքեր» գրքի շնորհանդեսը:
Այդ առթիվ մշակույթի տան նախասրահում ցուցադրված էին Զավեն Պետրոսյանի, Հրանտ Կիրակոսյանի, Հռիփսիմե Մանթաշյանի, Նորայր Մալխասյանի արարած նկարները: Մշակութային միջոցառման սկզբում օրհնանքի խոսք ասաց Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը:
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը Զ. Պետրոսյանին հանձնեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալը: Նա բարձր գնահատեց Զավեն Պետրոսյանին որպես պոետ, նկարիչ եւ մանկավարժ, նրան անվանելով 3 մուսաների նվիրյալ:
Զավեն Պետրոսյանի արվեստը սկիզբ է առնում հայրենի լեռների, զով անտառների պաշտամունքից, մարդկանց հանդեպ ջերմ սիրուց: Խոշորացված Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը Զ. Պետրոսյանին Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի կողմից պատվոգիր հանձնեց, կրթության աշխատողների արհմիության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Արեւիկ Աղաբաբյանը իր ղեկավարած արհմիության պատվոգիրը նրան հանձնեց:
Կարդացեք նաև
Ելույթ ունեցողները՝ Նոյեմբերյանի մշակութային կենտրոնի տնօրեն Մելսիդա Վերանյանը,մանկավարժ, գրող Ռուսլան Մալինյանը, քանդակագործ Արմեն Գոգինյանը, վաստակաշատ մանկավարժ Անուշ Ալեքսանյանը, Նոյեմբերյանի «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը, բանաստեղծուհի Կարինե Ալեքսանյանը եւ այլոք բարձր գնահատեցին Զ. Պետրոսյանի բանաստեղծական եւ նկարչական արվեստը, նրա մարդկային որակները, երկարամյա ավանդը մանկավարժության ոլորտում:
Ելույթները ընդմիջվում էին Նաիրա Աբրահամյանի, Մարիամ Մամյանի ասմունքով, Անուշիկ Խաչիկյանի հեզաճկուն պարով, Մագա Գիշյանի եւ Դավիթ Մանթաշյանի հուզիչ երգերով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ