Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզը նոր փոխմարզպետ ունի․ՀՅԴ-ական մարզպետը հասավ իր մուրազին

Փետրվար 17,2017 19:35

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Շիրակի մարզի փոխմարզպետների թիվն ավելացել է ևս մեկով՝ 2-ի փոխարեն դառնալով 3։ Փոխմարզպետ նշանակվել է Արթիկի նախկին քաղաքապետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արթիկի մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Վարագյանը։

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց փոխմարզպետ նշանակվելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ դուրս է եկել ՀՀԿ-ի շարքերից։ Թե ի՞նչ պատճառաբանությամբ է դուրս եկել ՀՀԿ-ի շարքերից, մեր հարցին ի պատասխան՝ Խաչատուր Վարագյանն ասաց՝ պատճառաբանություն չկա, ցանկությունս է եղել, դուրս եմ եկել։

Հարցին՝ ՀՅԴ-ի վարկանիշային ցուցակով մասնակցելո՞ւ եք ընտրությունների, Խաչատուր Վարագյանն ասաց․ «Այո, նրանց կողմից եղել է առաջարկ, ես էլ համաձայնել եմ»։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Շիրակի մարզում շրջանառվում են այն լուրերը, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շահագրգռված է փոխմարզպետի երրորդ հաստիք բերել Խաչատուր Վարագյանի համար, քանի որ ՀՀԿ-ից նեղացած Վարագյանը ՀՅԴ-ին խոստացել է 10 հազար ձայն բերել ԱԺ ընտրությունների ժամանակ։

Շիրակի մարզպետը, թերևս, չկարողացավ աշխատանքից ազատել տալ ՀՀԿ-ական փոխմարզպետներից որևէ մեկին, որպեսզի պարոն Վարագյանին նրանց փոխարեն տեղավորի աշխատանքի, սակայն կարողացավ օպտիմալացման այս պայմաններում երրորդ փոխմարզպետի հաստիքը ստեղծել Շիրակի մարզում։

Հիշեցնենք, սակայն, որ Վարագյանների մեծ եղբայրը՝ մեծահարուստ Դավիթ Վարագյանը, որը բնակվում է Ղազախստանում, մտերմիկ կապեր ունի ոչ միայն Նուրսուլթան Նազարբաևի, այլ ՀՀ ու ՌԴ ղեկավարության հետ։ Չի բացառվում, որ այս հարցում եղբորը օգնած լինի Դավիթ Վարագյանը։

Հիշեցնենք նաև, որ Վարագյան եղբայրները նեղված են տեղի ՀՀԿ պատասխանատուներից․ նախ այն պատճառով, որ Արթիկի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ առաջադրեց նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, իսկ Մխիթար Վարագյանը ինքնառաջադրվեց՝ դառնալով Արթիկի քաղաքապետ: Բացի այդ, ՀՀԿ տեղի պատասխանատուները, վերջերս այցելելով Խաչատուր Վարագյանի ղեկավարած գազի գրասենյակ, աշխատակիցներին հորդորել էին ԱԺ ընտրություններում իրենց ձայնը տալ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով առաջադրված Մուշեղ Պետոյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728