«Ըստ վիճակագրական տվյալների՝ վնասվածքներ ստացած մարդկանց թիվը 2014- 2016 թվականների ընթացքում այդքան էլ չի փոխվել», – այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ռադիոլոգիայի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս Վաչագան Այվազյանը:
Նրա խոսքով այս տարի կա մի այսպիսի միտում. եթե առաջ միանգամից դիմում էին հիվանդանոց, հիմա գրանցվել է այն մարդկանց թվի աճը, որոնք դիմում են մոտակա պոլիկլինիկա: Ընդհանուր առմամբ բժշկական օգնության դիմածների 58 %-ը տուժել է այս տարվա ձմռան պատճառով: Տուժած կանանց թիվը ավելի մեծ է , քան տղամարդկանց թիվը, վնասվածք ստացածների 14%-ը երեխաներ են. «Հիմնականում կոտրվում են վերին վերջույթները, որովհետև ընկնելու ժամանակ որպես պաշտպանական ռեակցիա ձեռքերն են մեկնում և պահում իրենց, դրա համար էլ ձեռքերն ավելի շատ են կոտրվում».
Հարցին, թե ո՞ր տարիքային շեմից է ոսկրային կոտրվածքների հավանականությունը մեծանում, պարոն Այվազյանը պատասխանեց, որ մեծահասակների դեպքում կոտրվածքները ավելի շատ են լինում, որովհետև նրանք ավելի դժվար ու վատ են քայլում, դողում են: Այդ տարիքում կոտրվածքները շատ են նաև այն պատճառով, որ մարդու կմախքը, ոսկորները թուլանում են:
Կարդացեք նաև
Անդրադառնալով առաջին բուժօգնությանը, և այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է հասկանալ կոտրվածք կա, թե ոչ, հյուրը պատասխանեց, որ տուժածը ինքը հեշտությամբ կարող է հասկանալ դա: «Եթե վնասվածքը ստորին վերջույթի հատվածում է, պետք է փորձել կանգնել ոտքի վրա: Եթե քայլել ստացվում է, հավանականությունը մեծ է, որ ոչ մի վտանգավոր կոտրվածք չկա, ուղղակի ուժեղ ոլորվել է ոտքը: Հիմա խոսենք առաջին օգնության մասին. կոտրվածքի դեպքում պետք է այդ հատվածը ֆիքսել: Օրինակ՝ եթե կոտրվել է ձեռքը, պետք է այն որևէ կտորով կապել մարմնին, իսկ եթե ձեռքի տակ կա որևէ տախտակ կամ ամուր բան, ավելի լավ, կարևորը կոտրված հատվածն անշարժացնելն է, ու դրանից հետո պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, պետք է սպասել մինչև ժամանի շտապօգնությունը»,-ասաց նա:
Պարոն Այվազյանի խոսքով, եթե մարդն ընկել է և հարվածել գլուխը կամ ճակատի հատվածը, պետք է սառը դնել այդ հատվածում առաջին օրերի ընթացքում, նույնը նաև կոտրվածքի դեպքում, չի կարելի որևէ դեպքում տաքացնել այդ հատվածը:
Հարցին՝ եթե մարդն ընկել է դրսում չմաքրված ձյան պատճառով, ապա ո՞վ է այդ դեպքում հոգում ծախսերը, բժիշկը պատասխանեց, որ խոշոր ոսկորների վնասվածքների դեպքում գործում է պետական պատվերը. բուժման կեսը հոգում է պետությունը, կեսը՝ տուժածը:
Ռոզա Հակոբյան