Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաց դաս` Արզականի աշակերտների համար

Փետրվար 17,2017 18:33

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ  վարել է բաց դաս` Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ : Նախարարը նշել է, որ հանդիպման համար առիթ է հանդիսացել նաև գիրք նվիրելու օրը, որը, ըստ Լևոն Մկրտչյանի, գեղեցիկ ավանդույթ է դառնում:

«Գիրքը շատ կարևոր է, և այն իրար նվիրելով` մարդիկ փոխանցում են քաղաքակրթությունների կողմից դարերի ընթացքում ստեղծած կարևոր և արժանի արդյունք»,-նշել է նախարարը և դիմելով ավագ դպրոցի աշակերտներին` հավելել. «Առաջին ինը տարիների ընթացքում դուք ձեռք եք բերել գիտելիք. այս պահից սկսած` ինքներդ պետք է ձևավորեք ձեր ապագան: Դուք պետք է հստակ գիտակցեք` ինչու է կարևոր ավագ դպրոցի երեք տարին ձեզ համար:

Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ստեղծել է երեք կարևոր արժեք՝ անհատ` իր իրավունքներով, ընտանիք և ազգ: Դարերի ընթացքում այս ձևաչափը խախտելու շատ փորձեր են եղել, բայց դրանք կյանքի քննությունը չեն բռնել, որովհետև բնության հիմնական օրենքը տեսակի պահպանության և շարունակության ապահովման խնդիրն է: Իսկ տեսակը պահպանելու համար պետք է ունենալ գիտելիք և այն փոխանցել: Որպես փոքր ժողովուրդ՝ պետք է հասկանանք, որ մեր տեսակը պետք է պահպանվի, և դուք այդ տեսակի շարունակողը պետք է լինեք»,- նշել է նախարարը` աշակերտներին խորհուրդ տալով առանձնացնել նպատակն ու միջոցը, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, նպատակը պետք է լինի մեծ ու հստակ, իսկ միջոցն ուղղակի նպաստի այն իրագործելուն:

«Այս ինֆորմացիոն դարաշրջանում պետք է հստակ գիտակցել` գիտելիքն ու տեղեկատվությունն ինչի համար օգտագործել, առաջնայինը և երկրորդականը տարբերակել: Ուսուցիչն էլ պետք  է հստակ գիտակցի իր առաքելությունը. կրթությունն այն գործիքն է, որով ապահովվում է տվյալ տեսակի շարունակությունը: Ինչ չափով բոլորս կգիտակցենք այս առաքելությունը, այնքան էլ արդյունքը կենսունակ կլինի»,-նշել է նախարարը` աշակերտներին խորհուրդ տալով երբեք չվախենալ փոփոխություններից և չհուսահատվել դժվարություններից:

Բաց դասի ընթացքում աշակերտները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, նրանց հետաքրքրել է 12-ամյա կրթության, թեմատիկ առաջադրանքների, արտերկրում սովորելու հնարավորության, ապագա մասնագիտության ընտրության հարցերը:

Բաց դասից հետո նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչու է ընտրվել հենց այս դպրոցը, Լևոն Մկրտչյանը նշել է, որ խնդիր է դրված եղել ընտրել գյուղական դպրոց. «Մենք հաճախ գնում ենք հայտնի դպրոցներ, սակայն կրթական համակարգի ամուր հենքը հենց գյուղական դպրոցներն են, որտեղ պահպանվել են լավագույն ավանդույթները: Սակայն պետք է ցավով արձանագրել, որ այսօր գյուղական դպրոցների զգալի մասում աշակերտների պակաս կա: Անհրաժեշտ է մշտական ուշադրություն դարձնել այս տիպի դպրոցներին»,-ընդգծել է նախարարը: Լրագրողների մեկ այլ հարցի` ի՞նչ գիրք խորհուրդ կտա ընթերցել նախարարը, Լևոն Մկրտչյանը պատասխանել է, որ իր համար, առհասարակ, շատ կարևոր է գիրք հասկացությունը: «Ես շատ եմ ուրախանում, երբ Երևանում բացվում են սրճարան-գրախանութներ, և այնտեղ շատ երիտասարդներ եմ տեսնում, քանի որ այդ մշակույթը սկսում է վերադառնալ: Առհասարակ, եթե նկատել եք, գրքի նկատմամբ աշխարհում հետաքրքրությունը սկսում է մեծանալ: Ինչ վերաբերում է կոնկրետ ինչ գիրք խորհուրդ կտայի, ասեմ` Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Վիլյամ Սարոյանի ցանկացած ստեղծագործություն»,-նշել է նախարարը:

Լևոն Մկրտչյանը նաև շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի նյութատեխնիկական բազային և պայմաններին: Նախարարը դպրոցին նվիրել է համակարգչային լսարան և գրքերի խմբաքանակ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728