ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնը հաճախ է «կտրում» ուսանողներին, ընդ որում, ըստ մեզ հետ զրուցած մի խումբ ուսանողների, 3-րդ լուծարքից հետո ուսանողը պետք է վճարի մի քանի տասնյակ հազար դրամ, որպեսզի կուրսը նորից անցնի:
Ըստ որոշ տեղեկությունների, ուսանողներն անցյալ տարի 40000 են վճարել, իսկ այս տարի իրենց խորհուրդ են տվել դիմում գրել նախարարությանը՝ կուրսն անվճար անցնելու համար, իսկ բացասական պատասխանի դեպքում գոնե 10000 դրամ վճարել՝ քննությանը մասնակցելու համար:
Aravot.am-ը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ համալսարանում մտահոգ չե՞ն, որ ուսանողները «տապալվում» են ոչ մասնագիտական առարկայից եւ արդյոք այդ «տապալման» մեջ միտում չեն տեսնում:
Կարեն Գրիգորյանի ձեւակերպմամբ, որեւէ միտում չկա: «Իհարկե խոսքը ոչ մասնագիտական առարկայի մասին է, բայց միեւնույն ժամանակ պարտադիր դասընթաց է եւ յուրաքանչյուր ուսանող պետք է այդ դասընթացին տիրապետի, հմտություններն իմանա, քանի որ դա մեզ ամեն օր պետք է գալիս: Ինչ վերաբերում է միտում լինելուն, նման բան չի կարող լինել, ստուգարքները ընդունվում են հանձնաժողովի կողմից, որտեղ եւ ամբիոնի աշխատակիցներն են, եւ ամբիոնի վարիչը, եւ ուսումնական վարչության պետը: Այսինքն` մեկ հոգի չի քննում ուսանողին: Գրավորները պահվում են, ցանկացած մարդ, այդ թվում լրագրողները, ում մոտ կասկած կարող է առաջանալ, որ միտում կա, կարող է գալ գրավորները տեսնել: Մոտեցումն էլ մի փոքր լիբերալ է, եթե գոնե կեսը գիտեն, անհնար է, որ չստանան ստուգարքը: Եթե խոսքը վերաբերում է նրան, որ մարդը երրորդ անգամ չի ստացել ստուգարքը, նշանակում է` ոչինչ չի պատասխանել: Մի խոսքով, միտումը բացառում եմ»: Նա նաեւ հավելեց, որ դժգոհ ուսանողները կարող են դիմել ռեկտորին, եթե սուբյեկտիվ վերաբերմունք են նկատել, եւ հարցը կքննվի:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե անցյալ տարի էլ նույն առարկայի պատճառով ուսանող է դուրս մնացել ԵՊՀ-ից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Շատ հնարավոր է, ոչինչ չեմ բացառում: Համալսարանի տասնյակ հազարավոր ուսանողների մեջ կան այնպիսիները, որոնք այդ առարկան չեն ստանում, եւ դա վատ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ԵՊՀ կայքի: