Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը` իր 3 սխալների եւ Վարդան Օսկանյանը` իր չսխալվելու մասին. (Տեսանյութ)

Փետրվար 17,2017 17:46

Aravot.am-ը այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամների հրավիրած ասուլիսում նախկին նախարարներ Սեյրան Օհանյանին եւ Վարդան Օսկանյանին հարցրեց` հասարակության կողմից կա պահանջ, որ իշխանության սխալները մատնացույց անելուց առաջ սկսեք ձեզանից, խոսեք ձեր սխալների մասին, ի՞նչ սխալներ եք գործել, որ հիմա զղջում եք, ափսոսում եք: Օրինակ, Ղարաբաղը 97-ին դուրս մնաց բանակցությունների սեղանից, այն ժամանակ Դուք ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների գծով պատասխանատու էիք, այդտեղ Ձեր սխալը չկա՞ր:

Նախ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես անսխալական չեմ, մի քանի սխալներ կարող եմ ասել, որ իմ գործունեության ընթացքում եղել է: Առաջինը` իմ հարցապնդումներին միգուցե հետեւողական չեմ եղել` իմ նշված ոլորտներում հաջողության հասնելու համար: Երկրորդը` երկարատեւ վերլուծությունից հետո միգուցե ժամանակին չեմ ասել, որ տվյալ համակարգից ես դուրս գամ եւ ինքնուրույն որոշում ընդունեմ եւ երրորդը` մասնագիտական առումով իմ կոլեկտիվը համապատասխան մակարդակ ունեցել է միգուցե որոշակի վերահսկողական թերացումներ ծառայության տարբեր ուղղությունների նկատմամբ: Այս երեք թերությունը ես կարող եմ ասել, որ ունեցել եմ եւ դրանց ուղղությամբ ես համապատասխան աշխատանքներ տարել եմ` վերացնելու համար»:

Պարոն Օհանյանը խոսեց այն մասին, որ ինքը դեմ է եղել, երբ Ալիկ Միրզաբեկյանին պաշտոնանկ են արել, ուստի հարցրեցինք, ինչո՞ւ այն ժամանակ, երբ նախարար էիք, չբարձրաձայնեցիք այդ մասին, ձեր ձեռքը ո՞վ էր բռնում, ինչո՞ւ չեք խոսել այն ժամանակ: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Իմ կողմից բոլոր ներկայացված առաջարկները, պնդումները ես ասել եմ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, ում որ պետք է: Այսինքն, տարբեր միջոցառումների ժամանակ ես այդ մասին ասել եմ իմ ղեկավարներին, դրանք վերաբերել են բանակի զարգացմանը, բանակի սոցիալական խնդիրների իրագործմանը, կադրային որոշ քաղաքականության իրականացմանը, նույնիսկ որոշ նշանակումներին կամ ազատումներին»:

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, նա ասաց. «Երբ կառավարության անդամ ես, պատասխանատվության երկու հարթություն կա, մեկը` այն ոլորտը, որը քոնն է, մյուսը` ընդհանրապես կառավարության գործունեությունը, երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Այն, ինչ իմ ոլորտին է վերաբերում, իհարկե, ես պատասխանատու եմ, եթե կա որեւէ թերացում, քննադատություն, ես պատրաստ եմ դրանք լսելու, ընդունելու, խնդիր չունեմ: Դուք նշեցիք ԼՂՀ-ի դուրս մնալու հանգամանքը բանակցություններում, ասեմ, որ դա իմ մեղքը չի: Ադրբեջանը եկավ բանակցությունների 97-ին, ես իշխանության չէի, փոխնախարար էի ընդամենը, այո, բանակցությունները վարում էի, բայց Ադրբեջանը եկավ, պայմաններ դրեց, որովհետեւ լիսաբոնյան հայտարարություն էր եղել, որտեղ ասվում էր, որ ԼՂ-ի հարցը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրանից հետո Մոսկվայում Ադրբեջանը եկավ, ասաց` այսպիսի որոշում է եղել եւ մենք պնդում ենք, որ բանակցությունների բովանդակությունը փոխվի, ՀՀ պատվիրակությունը մերժեց, դրանից հետո Մինսկի խմբի բանակցությունները ուղղակի դադարել են: Այսինքն, մեղավորը Ադրբեջանն է: Ադրբեջանը պնդեց ինչ-որ բանի վրա, որ մեր համար անընդունելի էր, մեն դուրս ենք եկել բանակցություններից: Այնպես որ, մեղադրել որեւէ մեկին ճիշտ չի լինի, ո’չ այդ օրվա իշխանություններին, ո’չ բանակցություններ վարողին, ոչ էլ հետագային: Այսպիսի հարցերում, որ իմ ոլորտին է վերաբերում, ես բացարձակ խնդիր չունեմ նստել, վիճել, քննադատություն ընդունել: Եթե համոզեն ինձ, որ ես սխալ եմ արել, իհարկե, կընդունեմ»:

Օսկանյանը վստահեցրեց, որ երբ իր գործունեությունից դուրս տեղի են ունեցել երեւույթներ, որն ինքը համարել է, որ ազդելու է ՀՀ միջազգային հեղինակությանը, ինքը մտել է նախագահի մոտ, վիճել է, բողոքել է` սկսած Ա1+-ը փակվելուց մինչեւ այլ երեւույթներ, որն իրեն դուր չի եկել:

Նա վստահեցրեց, որ ինքը այդ բոլոր կռիվները մղել է նախագահի հետ փակ դռների հետեւում, որովհետեւ դա իր ոլորտը չի եղել:

Մանրամասները` տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Խմբ. Նշենք, որ «Ա1+»-ի փակվելուց հետո ասուլիսում «Առավոտի» թղթակցի հարցին դեռեւս ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պնդել էր, թե Հայաստանում խոսքի ազատության խնդիր չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728