«Չեմ կարող հստակ ասել, որ Կարո Փայլանը շատ մեծ վտանգի մեջ է, բայց Աստված մի արասցե, որ նրա հետ կրկնվի այն, ինչ եղավ Հրանտ Դինքի դեպքում»,-Հայաստանում ֆրանսիական համալսարանում այսօր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ ասաց Ստամբուլի «Կուլտուր» համալսարանի դասախոս, քաղաքագետ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած լրագրող Ալի Բայրամօղլուն: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Բայրամօղլուի կարծիքով՝ Թուրքիայի խորհրդարանում Փայլանի աղմկահարույց ելույթից հետո, երբ նա խոսեց Հայոց ցեղասպանության մասին, արդյոք նրա կյանքին վտանգ չի սպառնո՞ւմ:
«Ամենակարեւորը, որն առավել է կյանքին սպառնացող վտանգից, դա այն է, որ նա օգտագործեց «ցեղասպանություն» բառը, խորհրդարանի քաղաքական ուժերն էլ համախմբվեցին ու հասան նրան, որ նա պատժվի»,-ասաց Բայրամօղլուն՝ նկատի ունենալով այն փաստը, որ ելույթից հետո Փայլանը որոշակի ժամանակահատվածով զրկվեց խորհրդարանի նիստերին մասնակցելու իրավունքից:
«Դա ավելի կարեւոր ու ողբերգական իրավիճակ է, քան կյանքին սպառնացող վտանգը»,-ասաց թուրք քաղաքագետը:
Նա նաեւ նշեց, որ Թուրքիան քաղաքական առումով լարված իրավիճակում է. «Պատերազմում է Սիրիայում, անցավ հեղաշրջման փորձի միջով, իսկ քրդական հարցը վախեցնում է իշխող էլիտային»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ