«Մենք պարտավոր էինք մասնակցել ընտրություններին, լավ նախապատրաստվել, եւ մեր կարծիքով՝ 2017 թվականի ապրիլի 3-ին կհայտարարվի, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ոտք է դրել Ազգային ժողով»,- փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանը:
Նա նշեց, որ ՀԿԿ-ն ոչ օբյեկտիվ պատճառներով չէր հայտնվել Ազգային ժողովում. «Ոչ թե թույլ էինք, պատրաստված չէինք, այլ կային պատճառներ: Անկախության տարիներին առաջին օրվանից այն ժամանակվա իշխանությունները ապօրինաբար Հայաստանի կոմունիստական կուսակցությունից վերցրին նրա ունեցվածքը, հիմնական շարժական եւ անշարժ գույքը եւ միաժամանակ Կոմունիստական կուսակցության նկատմամբ անարդար գտնվեցին, ինչի պատճառով կուսակցությունը 2003, 2007, 2012 թվականներին չգտնվեց Ազգային ժողովում:
Ինձ թվում է նաեւ՝ դուք այն կարծիքին եք՝ եթե Ազգային ժողովում չի ընդունվում կոմունիստական գաղափարախոսություն, եթե Ազգային ժողովում կոմունիստական գաղափարախոսության կրողներ չեն լինում, ինձ թվում է, տվյալ Ազգային ժողովը ուղղակիորեն կաղում է երկու ոտքով: Ո՞նց կարող է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է դարձել, տնտեսական միության մեջ կան հանրապետություններ, որտեղ կոմունիստական կուսակցությունները հաջողությամբ կարողանում են իրենց ընդդիմադիր կեցվածքով իշխանություններին օգտակար լինել տվյալ հանրապետությունում ստեղծված իրավիճակը փոխելու գործում: Սակայն, Հայաստանի Հանրապետությունում կարծես թե Կոմունիստական կուսակցությունը իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում»:
Տաճատ Սարգսյանը հայտնեց, որ դեռ 2017 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը համաձայնագիր է կնքել Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ, որ միասին են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. «Իսկ ո՞վքեր են Ազգային ժողովի պատգամավորության մեր թեկնածուները: Դրանք այն կոմունիստներն են, որոնք իրենց գրպաններում պահել են 30, 40, 50 տարիների կուսակցական տոմսը: Դրանք այն մարդիկ են, որոնք կուսակցության նվիրյալներ են, ե՛ւ կուսակցության, ե՛ւ կուսակցության գաղափարի: Մեզ հետ են արտադրության, գիտության, կրթության, մշակույթի, արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բազմաշերտ է մեր ցուցակը, որը ներկայացրել ենք, եւ չենք կասկածում, որ նրանց մասնակցությամբ անպայման մենք կհասնենք հաջողության, Ազգային ժողովում կունենանք մեր արժանի տեղը: Մենք արմատական ընդդիմություն ենք, մեր պատմությունը գալիս է շատ խորքից, 115 տարվա կուսակցություն է: Մենք ունենք մեր գաղափարախոսությունը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ