Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամների ասուլիսում լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին` 2005-ին, երբ դուք պաշտոնավարում էիք Արցախում, արդյոք ձեր աշխատասենյակում հունիսի 21-ի առավոտյան ծեծել եք Պավլիկ Մանուկյանին, թե՞ ոչ, արդյոք թքե՞լ եք նրա ջրի բաժակի մեջ, որովհետեւ Պավլիկ Մանուկյանը այդ մասին հայտարարել է:
Նա պատասխանեց. «Անսխալական մարդիկ չեն լինում: Յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են: Պավլիկ Մանուկյանի հետ կապված ասեմ, որ, իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բաժակի մեջ թքել, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատեւ աշխատանք, հարաբերություններ ենք ունեցել, որոնք բավականին բարձր մակարդակի են եղել: Իմ ղեկավարման տարիներին այս կամ այն առիթներով Պավլիկ Մանուկյանի եւ նրա ընկերների հետ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, ինչ հարցերով դիմել են ՊՆ նախարարին, ես փորձել եմ աջակցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ