Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չկարողացավ ՀՀԿ հիմնադիրների շարքում մտաբերել Կարապետ Կարապետյանի անունը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ 9 հիմնադիրներից մեկը՝ Կարապետ Կարապետյանը, հայտարարել էր, որ ներկայիս Հանրապետականը շեղվում է 1990-ի ապրիլի 2-ին իրենց հիմնադրած կուսակցության սկզբունքներից: Նա պնդում էր, որ ՀՀԿ-ն իրավունք չունի այսպես կոչվելու և իրավաբաններին կոչ էր անում միանալ իրեն ու այս խնդիրը լուծել:
Մեզ հետ զրույցում պարոն Շարմազանովը սա համարեց ընտրություններից առաջ ուշադրություն գրավելու միջոց և շեշտեց, թե իրենք կարող են իրենց կարծիքն ունենալ, իսկ ՀՀԿ ապագայի վերաբերյալ ՀՀԿ-ի համագումարի ժամանակ Հանրապետականը կարծիք հայտնել է:
Մեր այն հարցին, այնուամենայնիվ, Կարապետ Կարապետյանին ճանաչու՞մ է որպես ՀՀԿ հիմնադիր, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարող այդքան հիշել, ՀՀԿ-ի հիմնադիրներից է նաև Գուրգեն Արսենյանը, մարդը հետո` ժամանակի ընթացքում այլ կուսակցություն է ստեղծել: ՀՀԿ-ից շատ մարդիկ են դուրս եկել, ավելի շատ եկել են, ՀՀԿ-ն իր ճանապարհին երբեք չի շեղվել իր հիմնադիրների սկզբունքներից: ՀՀԿ-ի հիմքերը գալիս են դեռևս Ազգային միացյալ կուսակցությունից, անկախական շարժումով, Աշոտ Նավասարդյանից, Անդրանիկ Մարգարյանից, Ռազմիկ Զոհրաբյանից: Անկախական շարժման լեգենդար դեմքերից Ռազմիկ Զոհրաբյանն առ այսօր ՀՀԿ ներկայացուցիչ է, խորհրդարանական խմբակցության անդամ, ներկայացված է ՀՀԿ համամասնական ցուցակում»:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ հավաստիացրեց, թե ՀՀԿ-ն անշեղորեն գնում է իր սկզբունքների ճանապարհով, և ՀՀԿ ծրագրերը հստակ են: Եզրափակելով թեման` ՀՀԿ խոսնակը նշեց. «Եթե այս կամ այն գործիչն ունի իր կարծիքը, դա իր կարծիքն է, ես չեմ պատրաստվում դա մեկնաբանել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ