Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալները բողոքում են հանձնաժողովից. «Առանց մեզ տեսնելու, կամ 2 բառ խոսելուց որոշում են՝ փոխվե՞լ ենք, թե՝ ոչ»

Փետրվար 17,2017 15:52

Վերջերս Ազգային ժողովն ընդունեց դատապարտյալների վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու օրենսդրական նախաձեռնությունը, ըստ այդմ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ փոփոխվելու է որոշումների ընդունման համակարգը. «Ներկայումս որոշումների ընդունման եռաստիճան համակարգ է գործում՝ քրեակատարողական հիմնարկ, հետո տեղափոխվում էր անկախ հանձնաժողով եւ վերջնական՝ դատարանը: Փոփոխությամբ քրեակատարողական հիմնարկը չի մասնակցի: 2-րդ՝ հստակեցրել ենք որոշումներ ընդունող մարմինների լիազորությունները: Քրեակատարողական հիմնարկը թեպետ որոշում չի ընդունում, բայց պատժի կրման ամբողջ ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկի եւ արձանագրի դատապարտյալի հաջողություններն ու խնդիրները, որպեսզի դա հիմք լինի հանձնաժողովի համար»:

Ըստ Քրմոյանի, համակարգի փոփոխությամբ նաեւ չափանիշներ են սահմանել, նախկինում դրանք քիչ էին, նվազագույն պատժի կրումն էր որպես չափանիշ ընդունվում, տուժողին վնասը փոխհատուցելու հանգամանքը թողնվում էր դատարանի հայեցողությանը, եւ նաեւ դատարանը պետք է որոշեր պատիժը կրելու կարիք ունի, թե չունի դատապարտյալը:

Պարոն Քրմոյանը վստահեցրեց, որ փոփոխության հիմքում դրվել է հանցագործություն կատարած անձի դեպքում սոցիալական արդարության վերականգնումը, նպատակը՝ կրկնահանցագործության կանխարգելումն է եւ դատապարտյալների ուղղվելը. «Ամեն չափանիշ ենթաչափանիշ ունի. Օրինակ՝ դատարանը կարող է անձին վաղաժամկետ ազատել, եթե լրացել է նվազագույն ժամկետը եւ եթե գտնում է, որ անձը պատիժ կրելու կարիք չունի, որովհետեւ պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ է դրսեւորել, կրկնահանցագործության ռիսկը ցածր է»:

Քննարկմանը ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ պաշտոնական թվերը դիտարկելով՝ 2016-ին ներկայացված վաղաժամկետ ազատման 4650 դիմումներից 10%-ից քիչն է բավարարվել, դա խոսում է այն մասին, որ կան խնդիրներ:

Պարոն Սաքունցի խոսքերով՝«Ռեցիդիվը գնահատվում է որպես չափանիշներից մեկը, որը պետք է հանվի: Անձը կարող է ամենածանր հանցանքի համար դատապարտված լինի, բայց տվյալ պահին կարեւոր է ուղղվելու հանգամանքը: Սոցիալ-հոգեբանական աշխատանքների բլոկը, որ կա, սա պրոբացիոն ծառայությունը որոշի ինչ գնահատական ու եզրակացություն տա: Բացի այս, այն, որ չափանիշներում դրված է՝ հաշվի առնել քրեական աշխարհի հետ առնչությունը, աշխատե՞լ է, թե՝ ոչ, սրանք շատ ընդհանրական են: Բոլոր խնդիրները, որոնք օրենքում ներառվել են, այսօր պրոբացիոն ծառայության մեջ կան»:

Սաքունցը նաեւ նկատեց, որ հանձնաժողովի 7 հոգանոց կազմում 3-ն են անկախ մարմին, մնացածը պետական համակարգից են, եւ անհասկանալի է նախագահի աշխատակազմի ներկայացուցչի առկայությունը: Վերջինիս կարծիքն, ըստ Սաքունցի, կարող է ազդել հանձնաժողովի մյուս պետական մարմինների ներկայացուցիչների վրա:

ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն էլ նշեց, որ քրեակատարողական հիմնարկներ այցելության ժամանակ ամենաշատ բողոքները վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրներին են վերաբերում. «Դատապարտյալները բողոքում են, որ վարչակազմը ավելի հաճախ է դիմում վաղաժամկետ ազատման համար, բայց անկախ հանձնաժողովը մերժում է»:

Գոհար Սիմոնյանի խոսքերով՝ կամայականություններ են լինում չափանիշների կիրառության դեպքում. Օրինակ՝ դատապարտյալի մոտ հայտնաբերել են արգելված իր՝ բջջային հեռախոս, որը շատերի մոտ կա, որոշում կայացնելիս հաշվի չեն առնում, որ դատապարտյալը մի քանի տարի դրական վարքագիծ է դրսեւորել, ու միայն հեռախոսի պատճառով մերժում են վաղաժամկետ ազատման դիմումը:

«Դատապարտյալները հաճախ դժգոհում են՝ հանձնաժողովից 2 անձինք են գալիս, չեն էլ տեսել մեզ, կամ էլ տեսել են մի քանի բառ են խոսել, ու որոշել են՝ անձը փոխվե՞լ է, թե ոչ, սա բողոքարկման ենթակա չէ: Անձի բազմաթիվ իրավունքներ չեն կարեւորվում: Անձը հնարավորություն պետք է ունենա ինքնուրույն մասնակցել հանձնաժողովի նիստերին, ստանալ իրավաբանական օգնություն: Այն, ինչ նախատեսվում է փոփոխությամբ, ներկայիս վիճակի համեմատ պետք է, որ ավելի լավ լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728