Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան պատերազմի ձախողումների համար պատասխան չտված՝ այդպես մի օրում չեն դառնում ընդդիմադիր». Թամար Հովհաննիսյան

Փետրվար 17,2017 15:08

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն այսօր կրկին Արմավիր ՔԿՀ է գնացել՝ իր պաշտպանյալներին տեսնելու, բայց նրան կրկին խուզարկել են, թույլ չեն տվել հանդիպել: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում պատմեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ փաստաբանի նկատմամբ կատարվածը որակելով իշխանության ջղաձգում:

«Իշխանությունների ջղաձգումները ցույց են տալիս, որ իրենց համար ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչպես թվում է: Դա է վկայում ճնշումների աճը, որոնք կիրառվում են կալանավայրերում գտնվող ազատության մարտիկների, «Սասնա ծռերի» աջակիցների ու անդամների նկատմամբ: Այդ բռնաճնշումները, բացի այն, որ հակաօրինական են, կրկնում եմ՝ ցույց են տալիս իշխանության ջղաձիգ վիճակը»,- ասաց պարոն Ենիգոմշյանը:

Անդրադառնալով «Սասնա ծռերին» «հաց տարած» Արթուր Սարգսյանի կալանավորմանը՝ հիշեցրեց, որ այսօր լրանում է նրա հացադուլի ութերորդ օրը, մինչդեռ նա լուրջ առողջական խնդիրներ ունի. «Նրա առողջության ցանկացած վատացման, կյանքի կորստի պատասխանը տալու է այս վարչախմբի ղեկավարը, եւ բոլոր նրանք, որոնք նրա ցուցումներով կհասցնեն նման ոչ հավանական արդյունքի»:

Պարոն Ենիգոմշյանի խոսքով, վաղը ի պաշտպանություն «Հաց բերողի» հանրահավաք է լինելու:

Ինչ վերաբերում է ԱԺ առաջիկա ընտրություններին, պարոն Ենիգոմշյանն ասաց. «Այս ռեժիմի օրոք ընտրությունները համարում ենք ֆարս, մեր պահանջն է՝ բոլոր այն դաշինքներն ու կուսակցությունները, որոնք ընդդիմություն ու այլընտրանք են ներկայանում, չորս հարց ունենք, դրանց պատասխանեն, որովհետեւ այդ պատասխաններն են ապացուցելու՝ ինչքանով են ազնիվ կամ անազնիվ նշանակովի ԱԺ-ում տեղեր գրավելու հարցում: Այդ հարցերն են՝ քաղաքական ուժերը պետք է ճշգրիտ գնահատական տան ներկա ռեժիմին, Արցախի տարածքների հանձնման առումով հայտնեն իրենց դիրքորոշումը՝ կո՞ղմ են հանձնմանը, թե՞ ոչ: ՀՀ ինքնիշխանության ու ապագաղութացման վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն, ինչպես նաեւ քաղբանտարկյալների վերաբերյալ դիրքորոշում ու հստակ պահանջատիրություն»:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էլ անդրադառնալով ՀՀԿ-ի ու Օհանյան-Օսկանյան դաշինքների ցուցակին, նկատեց, որ երկու ցուցակներն էլ գլխավորում են ՊՆ նախարարներ. «Կասկածներ ունեմ, որ քվեներ բերող հիմնական մասը եղել ու մնում է զինվորը, բանակը, սա ինձ դուր չի գալիս»:

Ինչ վերաբերում է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե կան քաղբանտարկյալներ, տիկին Հովհաննիսյանն ասաց. «Ապրիլյան պատերազմի ձախողումների համար պատասխան չտված՝ այդպես մի օրում չեն դառնում ընդդիմադիր… Ասված բառերի վրա չեմ հենվում, բառերը խաբուսիկ են, այս պահին կարող են այս բառերն ասել, բայց դրանից առաջ այլ գործողություններ եղած լինեն, այդ բառերից հետո էլ այլ գործողություններ կարող են լինել: Այլեւս ռեսուրսներ չունենք անընդհատ մարդկանց փոփոխված տեսակետներին սպասենք, տեսնենք՝ ինչ ցույց կտա հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728