Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչ գաղափարական ընտրություն, երբ մարդու անունով կուսակցություն է ստեղծվում». Ավետիք Իշխանյան

Փետրվար 17,2017 12:52

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ, Հայաստանում չկա գաղափարական պայքար, չկա ընտրություն, կա քվեարկություն:

«Ցույց տվեք՝ ինչ գաղափարների տարբերություն կա ու ինչ գաղափարական պայքար է մղվում: Կա ռուսամետ ու արեւմտամետ տարբերությունը, որը համարում եմ արհեստական, որովհետեւ արեւմտամետն այն չէ, որ մի տիրոջից մի ուրիշ տեր փնտրես…պայքարը գնում է կոռուպցիայի լծակներին տիրանալու համար, թեկուզ ընդդիմադիրներին հատկացված հատվածով, մեկ երրորդ տեղերի համար է պայքարը գնալու, որովհետեւ հարմար է ընդդիմադիր լինելը, նույնիսկ տաքանալ, բարկանալ, հետո տարբեր տեղեր գնալ ու հարցեր լուծել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց իրավապաշտպանը:

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանն էլ հիշեց, որ քաղաքական մրցակցություն կար իննսունականներին՝ ԳԽ ընտրությունների ժամանակ, չնայած ըստ նրա, հիմա նոր ձեւավորվելիք ԱԺ-ն ավելի մրցակցային է լինելու, քան գոյություն ունեցողն է. «Այս ընտրարշավն ավելի լավն է լինելու, ես լավատես եմ, անկախ նրանից, որ բացակայում է քաղաքական վերնախավը: Մի քանի անհատներ են, որոնք քաղաքական գործիչ են ու քաղաքական ծրագիր ունեն: Դեռ իննսունականների մակարդակը չունենք, քաղաքական գործիչները դուրս են մղված: Օրինակ «Ղարաբաղ կոմիտեից» մի հոգի է մնացել քաղաքական դաշտում: Քաղաքական վերնախավն այլասերված է»:

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանն էլ ասաց, որ ընտրությունները սահել են միջնադար, ինչպես այն ժամանակ կար գույքային ցենզ, հիմա էլ պետք է ունենաս լուրջ կարողություն, որ քաղաքական ուժը երեւա դաշտում՝ ունենա ռեսուրսներ, ընտրակաշառքի համար գումարներ եւ այլն:

Պարոն Իշխանյանն էլ հիշեց, որ իննսունականներին բավականին հստակ գաղափարական պայքար կար, հզոր կուսակցություններ կային՝ ԱԻՄ-ը, ՀՀՇ-ն, նոր ձեւավորվող ՀՅԴ-ն, Կոմունիստական կուսակցությունը. «Այլասերումը գնաց 1995-ից սկսած, երբ ընտրությունները կեղծվեցին, ընդդիմությունը այլասերվեց: Ինչ գաղափարականի մասին կարելի է խոսել, երբ մարդու անունով կուսակցություն է ստեղծվում, երբ մարդիկ դեմքը փոխում են, դառնում են անձի, ազգանունի կրողը»:

Անդրադառնալով ընտրական ցուցակներին՝ պարոն Իշխանյանը կարճ ձեւակերպեց իր կարծիքը. «Այնքան են մեզ արհամարհում, որ օֆշորի սկանդալի հեղինակը հայտնվում է ցուցակում»: Պարոն Իշխանյանը նկատի ուներ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728