«Որովհետեւ չեմ պլանավորում Ազգային ժողովում աշխատել: Ընդհանրապես, տարբեր պլաններ ունեմ, բայց այս պահին`այո, գործադիրում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին`ինչո՞ւ ինքն ընդգրկված չէ ՀՀԿ-ի ընտրացուցակում:
Խորհրդարանում չլինելու որոշումն ի՞նքն է կայացրել` հարցին, պատասխանեց, որ հարցը քննարկվել է կուսակցությունում:
Ընտրություններից հետո, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն հավաքի, կլինի՞ գործադիրում`հարցին էլ այսպիսի պատասխան չնչեց. «Այդ ժամանակ կուսակցությունը կքննարկի եւ որոշում կկայացնի»:
Դավիթ Հարությունյանը գործնականում անհնար է համարում իր`ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը, ավելին`ինքը նման ցանկություն չունի:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
«Ներկուսակցական պայքարը շատ բնական երեւույթ է, ի սկզբանե նախատեսված է այս Ընտրական օրենսգրքով»,- ասաց Դավիթ Հարությունյանը`հակադարձելով լրագրողների այն դիտարկումներին, որ, ըստ էության, թեժ պայքար է ընթանալու միեւնույն կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված անձանց միջեւ:
Դավիթ Հարությունյանը ժողովրդավարության կարեւորագույն գործիքներից մեկն է համարում ժողովրդի վստահությունը շահելը, իսկ այս տարբերակը դրա հնարավորությունն, ըստ նրա, ընձեռում է: «Բոլոր փորձերն աղավաղելու`սա այսպիսին է, նա մականունավոր է եւ այլն`ժողովուրդն է տալու այդ հարցերի պատասխանները»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը նկատեց, որ արդեն իսկ խոսակցություններ կան ընտրակաշառք բաժանելու խոստումների մասին, բակերում տղաների խմբեր են հավաքվում, բանակցում են եւ այլն, մինչդեռ չկա որեւէ դեպք եւ չի եղել, երբ ոստիկանությունը բացահայտումներ արած լինի: Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ կաշառքը մեկը տալիս է, մյուսը վերցնում. «Խոսակցություններ միշտ եւ ամեն ինչի մասին կարող են լինել, բայց անհրաժեշտ է դիմում: Ոստիկանությունը չի կարող ներխուժել երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե դրանցից որեւէ մեկը չի ահազանգում»: Նա հիշեցնում է, որ անգամ օրենսդրորեն ներում է սահմանված կաշառք վերցնողի համար, եթե վերջինս ահազանգում է: բայց դա էլ չի նպաստել, որ մարդիկ ահազանգեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ