Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Samsung-ի ղեկավարը

Փետրվար 17,2017 12:36

Հարավային Կորեայի ամենահարուստ գործարարներից մեկը, Samsung Electronics ընկերության փաստացի ղեկավար և փոխտնօրեն Լի Չժե Յոնը ձերբակալվել է՝ կապված նույն կոռուպցիոն սկանդալի հետ, որն ավելի վաղ հանգեցրել էր երկրի նախագահ Պակ Կին Հեի հրաժարականին, հաղորդում է BBC-ն:

Հունվարին Հարավային Կորեայի դատարանը մերժել էր Լի Չժե Յոնին ձերբակալելու հայցը, սակայն դրանից հետո դատարանի տրամադրության տակ նոր ապացույցներ են հայտնվել:

Լի Չժե Յոնը զբաղեցնում է Samsung-ի փոխտնօրենի պաշտոնը: Սակայն այն բանից հետո, երբ նրա հայրը՝ ընկերության նախագահ Լի Գոն Հին կաթված ստացավ, Լի Չժոն Յոնը փաստացիորեն համարվում է ընկերության ղեկավարը:

Նա մեղադրվում է այն բանում, որ անօրինական կերպով գումարներ է փոխանցել Չհվե Սուն Սիլի՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի ընկերուհու հիմնադրամին: Լի Չժե Յոնը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները:

Ավելի վաղ քննությունը պարզել էր, որ Չհվե Սուն Սիլը անօրինական կերպով ստիպել է խոշոր բիզնեսներին բազմամիլիոնանոց հանգանակություններ կատարել իր հետ կապված երկու ոչ կառավարական հիմնադրամների: Հենց այդ հիմնադրամների գործերի քննության շրջանակներում էլ ծագել է կոռուպցիոն սկանդալը, որը հանգեցրել է նախագահի իմփիչմենթին:

«Մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն բան, որպեսզի առաջիկա դատական նիստերին կարողանանք հասնել արդարության»,- ասվում է Samsung Group-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հունվարին Լիին 22 ժամ հարցաքննել էին, սակայն քննությունը բավարար հիմքեր չէր գտել նրան ձերբակալելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Լին 41 մլրդ վոն (36 մլն դոլար) է փոխանցել Չհվե Սուն Սիլի հիմնադրամներից մեկին, որպեսզի կառավարությունը աչք փակի կորպորացիայում ղեկավարության ժառանգական փոխանցման վրա:

Քննությունը չի բացառում, որ նվիրատվությունը կարելի է գնահատել որպես կաշառք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728