Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի հիմնադիրներից մեկը իշխանափոխություն է պահանջում

Փետրվար 17,2017 12:14

ՀՀԿ 9 հիմնադիրներից մեկը՝ Կարապետ Կարապետյանը, երկար տարիներ Հայաստանից դուրս գտնվելուց հետո վերադարձել է: Այժմ նա քննադատում է ՀՀ իշխանություններին՝ հավաստիացնելով, թե նրանք անտաղանդ են ու կատարում են Հայաստանից դուրս գտնվող ուժերի պատվեր:

«Նոյյան տապան» մամուլի սրահում նա ամոթանք տվեց ՀՀ իշխանություններին ու պատմեց, թե ինչու է 1994-ի սեպտեմբերին լքել կուսակցությունը: Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ պաշտոնապես ՀՀԿ-ից դուրս չի եկել:

Փաստելով, որ ՀՀԿ-ն ժամանակին ԱԻՄ-ի հետ միակն էր՝ որպես անկախության գաղափարի ջահակիր, Կարապետ Կարապետյանը նշեց նաև այդ կառույցում գոյություն ունեցող խնդիրները. «Մեր շարքերն ավելացնելու նպատակով սկսեցին գալ մարդիկ, որոնց գաղափարակից չէի տեսնում: Մասնավորապես, երբ Գալուստ Սահակյանն էլ եկավ ՀՀԿ, արդեն ինձ համար վերջնականապես պարզ էր: Իմ վերջին զրույցը եղավ Նավասարդյան Աշոտի հետ, ասացի, եթե նման մարդիկ գան մեր շարքեր, մենք լղոզվելու ենք: Նա պատճառաբանեց, թե սակավաթիվ ենք, և հարցեր լուծելու, ԱԺ մտնելու համար մարդիկ են պետք: Ցավոք, եղավ այնպես, ինչպես ես էի ասում»:

Պարոն Կարապետյանը հայտնեց, թե երկար ժամանակ սպասել է Աշոտ Նավասարդյանի զանգին, երբ գտնվել է Հայաստանից դուրս, սակայն դա չի եղել: Մինչդեռ 1999-ին իրեն գտել է ու հրավիրել հանդիպման Վազգեն Սարգսյանը. «Պայմանավորվեցինք, որ հունվարից վերադառնալու եմ Հայաստան, ինձ արվեց կոնկրետ առաջարկ և տրվեց հանձնարարություն: Եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, ես 2000-ից լինելու էի Հայաստանում»:

Պարոն Կարապետյանը քննադատեց իշխանություններին, թե իրեն փորձել են մեկուսացնել. «Փորձել եմ ղեկավարության հետ հանդիպել, բայց ոչ Սարգսյան Սերժը, ոչ Սահակյան Գալուստն ինձ չեն ընդունել: Միայն հաջողվել է Մուշեղ Լալայանի հետ հանդիպել: Գալուստ Սահակյանն ասել է, թե այդպիսի անուն չեմ հիշում, փաստորեն Սահակյան Գալուստը Կարապետ Կարապետյանին չի՞ հիշում»: Կարապետ Կարապետյանը հայտնեց, թե հավատում է  միայն Մուշեղ Լալայանին, իսկ «Սահակյան Գալուստին և Շարմազանով Էդուարդին չեմ հավատում»:

ՀՀԿ-ի հիմնադիրներից Կարապետ Կարապետյանը պնդեց, որ այսօրվա Հանրապետական կուսակցությունը Հանրապետական կոչվել չի կարող և հորդորեց իրավաբաններին միանալ իրեն՝ դա ապացուցելու համար: ՀՀԿ-ի հիմնադիրը պնդում է, որ այսօրվա ՀՀԿ-ն չի կատարում այն սկզբունքները, որոնց համար կուսակցությունը 1990-ի ապրիլին հիմնադրվել է. «Այսօրվա իշխանություններն իրենց ու Աստծո միջև հավասարության նշան են դնում, նրանց թվում է, թե կարող են ՀՀ-ի և հայ ժողովրդի հետ անել այն, ինչ կամենան: 1994-ի պատերազմից հետո Ադրբեջանն աղաչում էր զինադադար հայտարարել, այդ պահին մենք ունեինք միանշանակ հաղթական խաղաթղթեր: Բայց իշխանությունները՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, մոլախոտ ընտրեցին: Իսկ մեր այսօրվա նախագահն ամեն պատեհ առիթ օգտագործում է ասելու, որ պետք է կազմել մեկ բռունցք հայկական պետականության և սփյուռքի միջև: Հարգելի Սերժ Սարգսյան, եթե դուք իսկապես դա ուզում եք,  ապա ինչո՞ւ եք այնպիսի օրենքներ ընդունում, որ սփյուռքում գտնվող՝ հայ ժողովրդի ներկայացուցիչները չկարողանան մասնակցել մայր Հայաստանի առջև ծագած խնդիրների լուծմանը»:

Կարապետ Կարապետյանը տեղեկացրեց, թե վերադառնում է ակտիվ քաղաքականություն, և իր համակիրն է Աշոտ Մանուչարյանն ու «Հոգևոր Հայաստանը»: Նա կոչ արեց ողջ հայ ազգին միավորվել և հայտարարարեց, թե այս փուլում պահանջում է իշխանափոխություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728