Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեթրինի Միհրանին բերելով՝ այդ հատվածը, ի դեմս Միհրան Պողոսյանի, դառնում է քաղաքակիրթ ավազակ». Անահիտ Բախշյան

Փետրվար 17,2017 11:57

«Միացյալ հայեր» հ/կ անդամ Ազատ Արշակյանի պնդմամբ, իրենք շահադիտական նկատառումներով են աջակցում Սեյրան Օհանյան-Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքին, որովհետեւ. «Իրենք էլ խոստացել են, որ կաջակցեն մեր ծրագրերին»:

Պարոն Արշակյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ ցուցակի հետ խնդիրներ չեն ունեցել. «Մեզ չեն առաջարկել, մենք էլ չենք ներկայացրել, չենք էլ նեղացել, չենք էլ նեղանալու»:

Ըստ նրա, այդ դաշինքում քաղաքական համերաշխություն կա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանն էլ ասաց՝ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներում տրամաբանություն չի տեսնում. «Բաներ եմ տեսնում, որ դատողության ու բարոյական արժեքների շրջանակում անհնար է տեղավորել: Չգիտեմ՝ ինչ ինտրիգ կա, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է ՊՆ նախարարը, բայց հաստատ ինչ-որ բան մտածել են»:
«Խաթաբալա»,- հուշեց Ազատ Արշակյանը:

Ըստ նրա, ՀՀԿ-ի ցուցակը բավականին թարմ էր, բայց միեւնույնն է խնդիր կա. «Այս երկու ամսում չեն կարող մեզ համոզել, որ լավն են ու թիկունքում մնացած քրեաօլիգարխիկ ուժերը հեռացել են: Սա դիմակ է: Նորերը, որ կան՝ սկսած Վիգեն Սարգսյանից, ներկայանալի են, բայց գիտենք՝ Վիգեն Սարգսյանը հեռանալու է: Բայց այդ ցուցակով գրավելու ու գայթակղելու են, հետո Վիգեն Սարգսյանը կգնա իր պաշտոնին, նրա փոխարեն կգա վերեւներում, թփերի տակ թաքնված որեւէ քրեաօլիգարխիկ պարտիզան»:

Տիկին Բախշյանն էլ ասաց, որ պարզապես քրեական պատյանին նոր որակ են տալիս. «Քեթրինի Միհրանին բերելով՝ այդ հատվածը, ի դեմս Միհրան Պողոսյանի, դառնում է քաղաքակիրթ ավազակ»:

«Քեթրինները բերել են նորերին, նրանք են ձեւավորում ցուցակը: Պայմանական Քեթրինները ցուցակ կազմող են»,- շարունակեց Ազատ Արշակյանը:

Նա նաեւ ասաց, որ ընդդիմության պարագայում մեծ կոնսոլիդացիայի հնարավորություն կար, բայց նրանց չթույլատրեցին:
Ո՞վ չթույլատրեց հարցին ի պատասխան՝ պարոն Արշակյանը չհստակեցրեց. «Նրանք, որոնք պետք է ֆինանսավորեին»:

Նրա խոսքով, «Ազատ դեմոկրատներին» ու «ԵԼՔ»-ին միասին, մեծ դաշինքով աշխատելն էլ չթույլատրեցին. «Թույլ չտվեցին միանալ, ասացին շատ ուժեղ եք»:

«Ո՞վ կարող էր «Ազատ դեմոկրատներին» ասել»,- զարմացավ տիկին Բախշյանը:

«Ոչ ոք, նույնիսկ Թրամփը չէր կարող ասել»,- հակադարձեց պարոն Արշակյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728